Այս էջը հաստատված է

գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը։ Այդուհանդերձ, ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագր. պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ վերացրել է նրանց գործադրած բռնությունները։

Երիտթուրք. հեղաշրջումից (1908) հետո ֆիդայիներին ներում է շնորհվել, և նրանց մի մասն իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի։ Առաջին համաշխ. պատերազմի սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավոր․ ջոկատների մեջ, իսկ Մեծ եղեռնի օրերին մասնակցել է հայերի ինքնապաշտպան․ մարտերին։

Աղբյուր Սերոբ [1864, գ. Սոխորդ (Բիթլիսի նահանգ, Խլաթ գավառ)-1899], 1895-ից ստանձնել է Արևմտյան Հայաստանում գործող ֆիդայական ջոկատների ընդհանուր հրամանատարությունը։ Բազմաթիվ մարտերում տարած հաղթանակների համար նրան անվանել են «Նեմրութի հսկա» կամ «Ասլան»։ 1899-ին Սասունի Գելիեգուզան գյուղում քուրդ ցեղապետ Բշարե Խալխը Գեղաշենի գյուղապետի՝ Ավեի միջոցով թունավորել է Սերոբին, ապա թուրք․ զորքերը պաշարել են Սերոբի տունը, սպանել մահամերձ ֆիդայապետին, նրա թիկնապահներ Մխեին, Զաքարին ու 12-ամյա որդուն՝ Հակոբին։ Հայերի շրջանում սարսափ տարածելու նպատակով թուրքերը կտրել են Սերոբի գուխը և այն շրջել Սասունի գյուղերով։ Սերոբի կինը՝ խմբի միակ կին հայդուկ Սոսեն (ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով), շարունակել է ամուսնու հայրենանվեր գործը։ 1900-ին Աղբյուր Սերոբի զինվորներ Գևորգ Չավուշն ու Անդրանիկը ոչնչացրել են դավաճան Ավեի ողջ գերդաստանը և սպանել Բշարե Խալխին։

Գևորգ Չավուշ [1870, գ. Մկթնեք (Սասունի գավառ) -1907], արդեն 1894-ին ճանաչված ֆիդայի էր և Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից։ 1896-ին փախչելով բանտից՝ միացել է Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի ջոկատներին։ 1901-ին մասնակցել է Առաքելոց վանքի կռվին, 1904-ին՝ Սասունի ապստամբությանը։ Զոհվել է 1907-ի մայիսի 27 ին՝ Սոլուխի (Մշո գավառ) կռվում։

Անդրանիկ Օզանյան [1865, ք. Շապին-Գարահիսար (Սեբաստիայի նահանգ)-1927, ք. Ֆրեզնո (Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ), 1928-ին աճյունը տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, 2000-ին՝ Երևան, ամփոփված է Եռաբլուրում], փառաբանված հայդուկապետն ու զորավարն սկզբում կռվել է Վազգենի ու Գուրգենի խմբերում, ապա նրանց հետ միացել Աղբյուր Սերոբին։ Մեծ համբավ է ձեռք բերել 1900-ին՝ հայ բնակչության պատուհասին՝ Բշարե Խալխին սպանելուց հետո։ 1901-ին ղեկավարել է Առաքելոց վանքի կռիվը, 1904-ին՝ Սասունի ապստամբությունը։ 1912-13-ի Բալկանյան պատերազմի ժամանակ բուլղ. բանակի կազմում կռվել է Թուրքիայի դեմ, Առաջին համաշխ. պատերազմում (1914-18) գլխավորել է Հայկական առաջին կամավոր․ ջոկատը Կովկասյան բանակի կազմում։

Հրայր Դժոխք [1864, գ. Ահարոնք (Սասունի գավառ)-1904], ի տարբերություն շատ ֆիդայապետների, դեմ է եղել պարտիզան., անհատ․ պայքարին և խորապես համոզված էր, որ հաղթանակն ապահովելու համար հարկավոր է քրտնաջան ու երկարատև աշխատանք, և որ ժողովրդին պետք է զինել ու նախապատրաստել համաժողովրդական ապստամբության։ Եղել է 1904-ի Սասունի ապստամբության ղեկավարներից, զոհվել է (ապրիլի 13-ին) Գելիեգուզանի կռվում։ Թաղվել է Աղբյուր Սերոբի կողքին՝ Գելիեգուզանում։

Ազգային-ազատագրական պայքարը և սոցիալական շարժումները XX դարի սկզբին

XX դ-ի սկզբին հայ ժողովուրդը շարունակում էր երկատված մնալ Օսմ. և Ռուս. կայսրությունների միջև՝ ենթարկվելով ազգային, գաղութային, սոցիալական, կրոն․ հալածանքների։ Արլ. Հայաստանում պայմաններն ավելի բարենպաստ էին, զերծ՝ ֆիզիկական բնաջնջման թուրք․ վտանգից, սակայն այստեղ նույնպես առկա էին ազգ. ու սոցիալ. բռնություններն ու ճնշումները, որոնք պարբերաբար սրվում էին։

1880-ական թթ-ին ցարիզմի սկսած հալածանքները սաստկացել են հատկապես 1896-ից, երբ Կովկասի կառավարչապետ է նշանակվել իշխան Գրիգորի Գոլիցինը։ Նրա սադրանքով ռուսաստանյան թերթերը ողողվել են հակահայկական հոդվածներով։ 1903-ի հունիսի 12-ին Նիկոլայ II կայսրը Գ. Գոլիցինի դրդումով ստորագրել է հատուկ օրենք, որով պետությունը պետք է բռնագրավեր հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական ու անշարժ գույքը։ Օրենքն ուղղված էր հայկական մշակույթի, առաջին հերթին՝ դպրոցի դեմ, քանզի Հայ եկեղեցու