Այս էջը հաստատված է

Վերափոխումների դաշնային հրամանատարությունում (Նորֆոլկ, ԱՄՆ)։ Հավատարմագրված ռազմական կցորդներ ունի ՌԴ-ում, Վրաստանում, ԻԻՀ-ում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Կիպրոսում ու Գերմանիայում։

ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության շրջանակներում գործում են ստորագրված 40 պայմանագրեր ու համաձայնագրեր, արձանագրություններ և այլ փաստաթղթեր, իրականացվում են համակողմանի ռազմական համագործակցության ամենամյա ծրագրեր։

ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է 1992-ից։ Պայմանագիրը նախատեսում է միջազգային իրավունքում հայտնի ռազմ. համագործակցության ամենաբարձր մակարդակը՝ հարձակումն անդամ պետություններից որևէ մեկի դեմ հավասարազոր է բոլոր անդամ պետությունների վրա հարձակման՝ դրանից բխող հետևանքներով։

1993-ին ՀՀ-ն ստորագրել է քիմիական զենքի մասին համաձայնագիր և, որպես ոչ միջուկային պետություն, ներառվել է միջուկային զենքի չտարածման պայմանագրում։ ՀՀ-ն միացել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին (1994) և Եվրատլանտյան գործընկերության խորհրդին (1995)։

2009-ին ՀԱՊԿ անդամ երկրների հետ ՀՀ-ն նույնպես մտել է Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի կազմի մեջ։ Միջազգային խաղաղարար գործունեության շրջանակներում 2004-ից ՀՀ-ն խաղաղապահների զորախմբեր է ուղարկել Կոսովո, Իրաք և Աֆղանստան։ Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունները շարունակվում են։

Ռազմական գիտություն և կրթություն

ՀՀ ՊՆ համակարգում գիտական մշակումներն իրականացվում են Դրաստամատ Կանայանի անվան ազգ. ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ), զինվորական կադրեր են պատրաստում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտները, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը, Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանը։

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, հիմնադրվել է 2005-ին, հրատարակում է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը (ՌԳՀ), որը ստեղծվել է 1994-ին՝ բանակի անձնակազմին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ազգային ռազմական ավանդույթներին, համաշխարհային առաջավոր փորձին և ռազմագիտական մտքին հաղորդակից դարձնելու նպատակով։ Էական դեր է խաղում նաև հայերեն ռազմագիտական տերմինաբանության մշակման հարցում։

Հանդեսում տպագրվում են ԱՌՀԻ-ում կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև հայ և օտարազգի հեղինակների հոդվածներ։ Հատուկ թողարկմամբ տպագրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը։ Հանդեսի խմբագրական խորհրդի նախագահը ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր, հանդեսի 1-ին գլխավոր խմբագիր Հայկ Քոթանջյանն է, գլխավոր խմբագիրները՝ գնդապետ Ա. Սարգսյանը (1998-2005), գնդապետ Դավիթ Չիլինգարյանը (2005-ից)։

«Հայկական բանակը» 2007-ից լույս է ընծայում նաև հավելվածներ՝ «Աշխատանքային տետրեր», որտեղ ներկայացվում են ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի կիրառական մշակումները՝ տարածաշրջանի անվտանգության բնագավառի, Սփյուռքի, տեղեկատվական անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ։

ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ, կազմավորվել է 1998-ին՝ 1994-ին ստեղծված ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատար, ուսումնարանի հիմքի վրա։ ՀՀ ԶՈւ-ի համար պատրաստում է բարձրակարգ սպայական կադրեր։ 2000-ից՝ Վազգեն Սարգսյանի անվան։

2003-ից ՀՀ պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ է։

2004-ից ինստիտուտում գործում է Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը։

Ռազմական ինստիտուտի պետեր են եղել գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը (1998-2000), գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը (2000-07), գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը (2007-08), 2008-ից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն է։