Այս էջը հաստատված է

ջոկատ), Դրոն (Դրաստամատ Կանայան, 2-րդ ջոկատ), Համազասպը (Սրվանձտյան, 3-րդ ջոկատ), Քեռին (4-րդ ջոկատ), Վարդանը (Սարգիս Մեհրաբյան, 5-րդ ջոկատ), Արշակ Ջանփոլադյանը, ապա՝ Գրիգոր Ավշարյանը [б-րդ ջոկատ, վերջինիս զոհվելուց հետո նրան փոխարինել է Հայկ Բժշկյանը (Գայ)], Հովսեփ Արղությանը (Իշխան, 7-րդ ջոկատ) և Նիկոլ Աղբալյանը (8-րդ՝ պահեստային ջոկատ)։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասել է 10 հզ-ի։

Կամավոր․ առաջին ջոկատները ռազմաճակատ են մեկնել 1914-ի նոյեմբ-ին։ 1-ին ջոկատը կռվել է Խոյ-Դիլման-Վան, 2-րդը՝ Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան, 3-րդը՝ Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ, 4-րդը՝ Սարիղամիշ-Էրզրում ուղղություններում։ Մարտ, սխրանքներով հատկապես աչքի է ընկել կամավորական 1-ին ջոկատը, որն ամենամեծն էր (1200 հոգի)։ 1915-ի ապրիլին ջոկատը հաղթ․ մարտեր է մղել Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում՝ Վանի ուղղությամբ, և ռուս․ զորքերի հետ գլխովին ջախջախել Խալիլ բեյի 12-հազարանոց բանակը։ Այդ հաղթանակը մեծ նշանակություն է ունեցել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս կանխելու համար։ Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցել է թուրքպարսկ. սահմանը, նոր հարված հասցրել թուրքերին Խանասորի լ-անցքում և մտել է Բաշկալե՝ խափանելով Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրք․ պլանը։

Նույն ամսին ազգային բյուրոյի որոշմամբ բոլոր կամավոր․ ջոկատները հետ են կանչվել՝ մեկ հայկական բանակ ստեղծելու նպատակով։ Անդրանիկը հրաժարվել է վերադառնալ։ 5-րդ ջոկատի հիմքի վրա միավորվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատներն ու կազմել Արարատյան գունդը՝ Վարդանի գլխավորությամբ։ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ գունդն ուղարկվել է Արևմտյան Հայաստան՝ Բայազետ-Ալաշկերտով Վան հասնելու և տեղի հերոս պաշտպաններին օգնելու նպատակով։

Հայկ. կամավոր. ջոկատներն զգալի օգնություն են ցույց տվել Ռուսաստանի կովկասյան բանակին Արմ. Հայաստանի մեծ մասի ազատագրման համար մղվող մարտերում՝ Սարիղամիշում, Ալաշկերտում, Պարսկաստանում, ամենագործուն մասնակցություն են ունեցել Վանի, Բիթլիսի, Բաբերդի, Էրզրումի, Երզնկայի ազատագրմանը։ Ռևանդուզի ճակատամարտում (1916) հերոսաբար զոհվել է Քեռին։

Ռուս. իշխանությունները, բարձր գնահատելով հայ կամավորների օգնությունը, միաժամանակ անվստահությամբ են վերաբերվել նրանց։ Կամավոր․ ջոկատներում տեսնելով ապագա հայկական բանակի կորիզը և Արևմտյան Հայաստանում հայոց պետականություն ստեղծելու հեռանկարը՝ նրանք դեմ են եղել դրանց միավորմանը։ Ավելին, 1915-ի դեկտ-ին գլխավոր հրամանատարությունը ցրել է կամավոր․ ջոկատները և վերջիններիս հիման վրա ռուս․ զորամասերի կազմում ստեղծել հայկական հրաձգային գումարտակներ։ Այս քաղաքականությունը խիստ դժգոհություն է առաջացրել հայ կամավորների շարքերում։ Այդուհանդերձ, նորաստեղծ հայկական գումարտակները, որոնք հավատացել են ռուս․ զենքի հաղթանակին, գործուն մասնակցություն են ունեցել 1916-17-ին Արևմտյան Հայաստանում և Իրանում մղված մարտերին։

Հայկ. կամավոր․ ջոկատները (շուրջ 50 հազար զինվոր) մարտնչել են նաև Անտանտի մյուս երկրների բանակներում։ Նրանցից կազմված Հայկական (կամ Արևելյան) լեգեոնը մասնակցել է Մերձավոր Արևելքում Թուրքիայի դեմ մղված ռազմ․ գործողություններին և իր առաջին մարտ․ մկրտությունն ստացել է Արարայի ճակատամարտում (1918-ի սեպտ. 19)՝ ֆրանս. բանակի կազմում։

Ռուսաստանում Փետր. հեղափոխությունից (1917) հետո ռուս․ բանակի հրամանատարությունը, ելնելով ռազմաճակատը պահելու անհրաժեշտությունից, լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել հայկական գումարտակները համալրելու և սպառազինելու ուղղությամբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո Ռուսաստանը դուրս է եկել պատերազմից, և նրա զորքերն սկսել են լքել Արմ․ Հայաստանը։