Նախկին կամավոր, ջոկատներից և ռուս․ բանակում ծառայող հայ զինվորականներից (մասամբ նաև ռուսներից) ստեղծված հայկական կամավոր․ զորաջոկատները որոշ ժամանակ անհավասար մարտերում դիմադրել են թուրքերին։ Խախտելով 1917-ի դեկտ. 5-ին կնքված Երզնկայի զինադադարը՝ թուրք․ զորքերը հարձակման են անցել և վերագրավել Արևմտյան Հայաստանը։
Առաջին աշխարհամարտն ավարտվել է 1918-ի աշնանը՝ Անտանտի հաղթանակով։ Պատերազմում օսմանյան. կայսրության պարտությունից ու Մուդրոսի զինադադարից (1918-ի հոկտ. 30) հետո թուրք․ զորքերը թողել են Հայաստանի Հանրապետության տարածքն ու Կարսի մարզը, վերականգնվել է 1914-ի ռուս.-թուրք. սահմանը։
Ռուս. կառավարությունն ու արմ. տերությունները հայկ. կամավոր․ շարժումն օգտագործել են իրենց նվաճողական նպտակների իրականացման համար։ Մինչդեռ հայկական կամավոր․ ջոկատների և հետագայում ստեղծված հայկական կանոնավոր զորամասերի հիմն․ նպատակը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովումն էր և Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Այնուամենայնիվ, կամավոր. շարժումը պատմության մեջ մնացել է որպես հայ ազգ-ազատագր. պայքարի ամենավառ էջերից մեկը։
Հայոց Մեծ եղեռնը
Առաջին համաշխ. պատերազմում (1914-18) զոհվել է մոտ 10 մլն․, վիրավորվել և խեղանդամ է դարձել 20 մլն․ մարդ։ Սակայն բնակչության տեսակարար կշռի տեսանկյունից ոչ մի ժողովուրդ այնպիսի կորուստ չի կրել, ինչպես հայ ժողովուրդը․ իր բնօրրանում ենթարկվել է ցեղասպանության՝ գենոցիդի։ Այդ ծրագրի իրագործումն սկսել է Աբդուլ Համիդ II սուլթանը, շարունակել են երիտթուրքերը և քեմալականները։
Երիտթուրք. կառավարությունը, մտնելով Առաջին համաշխ. պատերազմի մեջ, որոշել է իրականացնել «Մեծ Թուրան» ստեղծելու պանթյուրքիստ. ծրագիրը. մասնավորապես նախատեսել է Օսմ․ կայսրությանը կցել Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան և Պովոլժիեն։ Դրա համար նախ անհրաժեշտ էր ոչնչացնել հայ բնակչությանը՝ նրանց մեղադրելով ռուս․ կողմնորոշման և պանթյուրքիստ. ծրագրերը խոչընդոտելու համար։ Հայերի բնաջնջումն օրակարգից կհաներ նաև Հայկ․ հարցը, և վերջ կդրվեր Թուրքիայի ներքին գործերին Եվրոպ. տերությունների միջամտություններին։
Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև նյութ․ դրդապատճառներ, այն է՝ ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց շարժական ու անշարժ գույքը։
Հայ ժողովրդի բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմ․ նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրք. կուս-յան կոմիտեի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ՝ դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ։ Պատերազմի սանձազերծումը պատեհ առիթ էր հայերի զանգվածային ոչնչացման ծրագիրն իրագործելու համար։ 1914-ի հոկտ-ին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտեին» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը։ «Երեքի գործադիր կոմիտեին» տրվել են մեծ լիազորություններ, զենք ու դրամ։ Բեհաէդդին Շաքիրի գլխավորությամբ բանտերից ազատ արձակված հանցագործներից ստեղծվել են հատուկ չեթենական գնդեր, որոնց ուժերով իրականացվել է տեղահանությունը։ Իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից։ Ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով։
1-ին փուլ․ պատերազմի սկզբին բանակ զորակոչված հայ զինվորները Սարիղամիշի մոտ թուրք․ բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել են և 1915-ի փետր-ին Էնվերի հրամանով ոչնչացվել։ Նախ նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվոր․ գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել։ Օսմ. բանակում զինաթափվել և մաս-մաս գնդակահարվել են մոտ 200 հզ․ հայ զինվորներ։ Այդ ընթացքում