Այս էջը հաստատված է

բռնագրավվել է հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը։

2-րդ փուլում ոչնչացվել է հայ ժողովրդին առաջնորդող, կազմակերպող մտավոր ուժը։ Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագր. շարժման գործիչ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան), Ուրֆայի մոտ՝ Վարդգես Սերենկյուլյանը (վերջին 2-ը օսմ. խորհրդարանի պատգամավորներ էին) և շատ ուր.։ 1915-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կ. Պոլսում ձերբակալվել են և 3 ուղղություններով (Չանկրի, Չորում, Այաշ) աքսորվել մոտ 800 հայ մտավորականներ, որոնց մեծ մասն սպանվել է։ Նրանց թվում էին գրողներ Գրիգոր Զոհրապը (օսմանյան. խորհրդարանի պատգամավոր, սպանվել է Ուրֆայի մոտ), Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը (սպանվել են Չանկրիի մերձակայքում), Սիամանթոն, Թլկատինցին, Երուխանը, Ռուբեն Զարդարյանը, Սմբատ Բյուրատը, հայտնի բժիշկներ Նազարեթ Տաղավարյանը, Վ. Թորգոմյանը, հրապարակախոսներ Մելքոն Կյուրճյանը, Գեղամ Բարսեղյանը և շատ ուր.։ Մեծատաղանդ երգահան Կոմիտասը, որը հրաշքով է փրկվել, կորցրել է հոգեկան հավասարակշռությունը։

1915-ի հունիսի 15-ի լուսաբացին Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ» հրապարակում կախաղան են բարձրացվել 20 հնչակյան գործիչներ, նրանց թվում էր Փարամազը (Մաթևոս Սարգսյան)։

3-րդ փուլում սկսվել է անպաշտպան հայ բնակչության տեղահանումը և աքսորը՝ զանգվածային ջարդերով։ Երիտթուրք. առաջնորդներն այս ծրագիրը համարել են «սրբազան և հայրենասիրական գործ», իսկ իրագործումից խուսափող կամ հայերին պաշտպանող անձանց՝ հայրենիքի ու կրոնի թշնամի։ 1915-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը։ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է հայերի զանգվածային ոչնչացման նպատակ և ահագանգել է այդ մասին։ Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը։ Հայերի զանգվածային բռնագաղթ չի եղել միայն Կ. Պոլիս և Զմյուռնիա (Իզմիր) քաղաքներից, որտեղ օտարերկրյա դեսպանություններ կային․ թուրքերը վախեցել են Եվրոպայի միջամտությունից։

Մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայերը կարավաններով ուղարկվել են կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվել են հատուկ ճամբարներ։ Ճանապարհին նրանք ենթարկվել են թուրք․ խուժանի ու քրդ. ավազակախմբերի հարձակումներին և կոտորվել, տեղահանվածների չնչին մասն է հասել ճամբարներ։ Տրապիզոնի 3 հազար հայ աքսորականներից, օր., Հալեպ է հասել միայն 35-ը։ Սիջագետքի անապատներ հասած աքսորականներին հաճախ խմբերով հանել են ճամբարներից և կոտորել ավազուտներում։ Հարյուրհազարավոր մարդիկ դարձել են սովի, հիվանդությունների և համաճարակների զոհ։ Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրով Թալեաթը պահանջել է վերջ տալ հայերի գոյությանը՝ ուշադրություն չդարձնելով «ո՜չ սեռին, ո՛չ խղճի խայթին»։

Պահպանվել են ցեղասպանությունը վերապրած հայերի և իրադարձությունների ականատես օտարերկրյա դիվանագետների, միսիոներների ու լրագրողների՝ հայ բնակչությանը բաժին ընկած ահավոր տառապանքների վերաբերյալ հազարավոր հաղորդագրություններ ու նկարագրություններ։ Կոտորածը շարունակվել է նաև հետագա տարիներին։ Ամենասարսափելի կոտորածները տեղի են ունեցել Եփրատն անցնելու ժամանակ, Կամախ քաղաքի մոտ և Սիրիայի Դեյր էզ Զոր անապատում։ Հազարավոր հայեր են ոչնչացվել նաև Ռաս ուլ Այնում, Ռաքքայում, Մեսքենեում և այլուր։

Չնայած օրհասական դրությանը՝ Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության։ Ճակատագրական է եղել Կիլիկիայի կաթողիկոս Սահակ Բ Խապայանի կոչը հնազանդորեն տեղահանվելու մասին։ Ողջ կիլիկիահայությունը, բացառությամբ Մուսա լեռան մերձակա գյուղերի բնակչության, բռնել է տարագրության ուղին։