տուկ դիմում-աղերսագիրը (անգլ.)։ Վերջապես սեպտ. 5-ին երևացել է ֆրանս. «Կիշեն» հածանավը, որը մակույկ է ուղարկել ափ և վերցրել ժամապահներին։ Տեղեկանալով իրավիճակին՝ նավից հրետակոծել են թուրք․ դիրքերը և հեռացել՝ հայերին օգնություն հասցնելու խոստումով։
Սեպտ. 9-ին թուրք․ բանակի հրամանատարը հայերից պահանջել է անձնատուր լինել, չենթարկվելու դեպքում սպառնացել է անցնել հարձակման և բոլորին կոտորել։ Սկսվել է նոր գոտեմարտ։ Մուսալեռցիներն անցել են հակահարձակման և ջախջախիչ հարված հասցրել թուրք․, առաջապահ զորքին, իսկ մնացածները խուճապահար նահանջել են։ Սեպտ. 10-ին օգնության եկած ֆրանս. 2 մարտանավից գնդակոծել են թուրք. դիրքերը։ Ապա հայերին տեղեկացվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքը։ Սեպտ. 13-15-ը հերոս պաշտպանները (4.58 հզ․ մարդ) ֆրանս. 5 նավով, այդ թվում՝ «Ժաննա դ՚Արկ» շոգենավով, փոխադրվել են Պորտ Սաիդ, որտեղ նրանց օգնության են հասել եգիպտահայերը։
Մուսա լեռան հերոսամարտը գեղարվեստորեն արտացոլել է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, որը թարգմանվել է շուրջ 30 լեզվով։
Թուրք եղեռնագործների դեմ վերջին գոյամարտերից է սեպտ. 29-ին սկսված Ուրֆա (Եդեսիա) քաղաքի հայության ինքնապաշտպանությունը։ Զինվ. խորհրդի ղեկավար է ընտրվել Մկրտիչ Յոթնեղբայրյանը։ Ջեմալ փաշայի հրամանով գրոհող թուրք․ բանակը չի կարողացել գրավել քաղաքը։ Միջամտել են գերմանացիները․ մի գեներալ․ ներկայանալով Յոթնեղբայրյանին, առաջարկել է հանձնվելու դեպքում երաշխավորել հայերի անվտանգությունը։ Ծանր վիրավոր Յոթնեղբայրյանը պատասխանել է. «Եթե դուք՝ որպես թուրքերի դաշնակից, մտածում եք հայերի մասին․ բարի լինեիք երաշխավորելու Դեր Ձորում մեռնող հայերի անվտանգությունը»։ Հոկտ. 23-ին թուրքերն անցել են ընդհանուր գրոհի։ Գրաված քաղաքի կենտրոնում նրանք հանդիպել են հայերի դիակների մեծ կույտի, որտեղից հանկարծ կրակ է բացվել թշնամու վրա։ 2 օր թուրքերը գնդակոծել են հայերի դիակները՝ այնտեղից ստանալով ուժեղ պատասխան։ Երբ հերոսների փամփուշտները վերջացել են, պարզվել է, որ կրակողներից մեկն աղջիկ է։ Վերջին պահին հերոսուհին խլել է ասկյարներից մեկի ատրճանակը և սպանել իրեն անարգել փորձող փաշային ու մի քանի թուրք զինվորի։
Ուրֆայի հերոսամարտը տևել է շուրջ 25 օր։
Հայաստանը 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո։
Ազգային խորհուրդների ստեղծումը
Առաջին համաշխ. պատերազմի ընթացքում՝ 1917-ի փետր. 27-ին, Ռուսաստանում հաղթել է բուրժուադեմոկրատ. հեղափոխությունը։ Մարտի սկզբին Նիկոլայ II ցարը (գահակալել է 1894-ից) հրաժարվել է իշխանությունից, որով ավարտվել է Ռոմանովների արքայատոհմի 300-ամյա ինքնակալությունը։ Իշխանությունն ստանձնել է 4-րդ Պետդումայի պատգամավորներից կազմված ժամանակավոր կառավարությունը՝ իշխան Գեորգի Լվովի նախագահությամբ։ Տեղերում իրական իշխանությամբ օժտված էին նաև սովետները՝ բանվորների․ զինվորների պատգամավորների խորհուրդները, ուստի երկրում հաստատվել է երկիշխանություն։ Կառավարության մեջ մեծամասնություն են կազմել կադետները [կոնստիտուցիոն (սահմանադր․) դեմոկրատներ], իսկ սովետներում՝ էսէռները (սոցիալիստ-հեղափոխականներ) և մենշևիկները։
Ռուս․ կայսրությունը բռնել է ժողովրդավարական զարգացման ուղին։ Բանտերից ու աքսորներից ազատվել են քաղբանտարկյալները, ընդհատակում գործող քաղ․ կուս-ներն սկսել են ազատորեն գործել․ ազատականացվել է հաս-քաղ․