մասին։ Համագումարն ընտրել է Արևմտահայ ազգային խորհուրդ, որի նախագահը Վահան Փափազյանն (Կոմս) էր, զինվ. բաժնի ղեկավարը՝ Անդրանիկը։ Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ սկսվել է «Մեկ հայ՝ մեկ ոսկի» հայտնի շարժումը։ Հայերից հանգանակված գումարն օգտագործվել է Օսմ․ կայսրության խորքերը քշված տարագիրներին ազատելու համար։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, որին աջակցել է նաև գեներալ-կոմիսարությունը, Արմ․ Հայաստան է վերադարձել 140 հզ․ գաղթական, իսկ արդեն 1917-ի վերջերին այստեղ բնակվում էր մոտ 400 հզ․ հայ։
Ժամանակավոր կառավարությունն ընդառաջել է Ց․ Զավրիյանի և Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաճյան) խնդրանքներին և Եվրոպայում կռվող հազարավոր հայ ռազմիկների թույլատրել է վերադառնալ հայրենիք։
Դեռ ապրիլից, ռուս․ կառավարության՝ «Բանակի ազգայնացման հիմնական դրույթները» օրենքի հրապարակումից հետո, սկսել է ձևավորվել Հայկական կորպուսը։ Հրամանատար է նշանակվել ռուս․ բանակում ճանաչված գեն. Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ Եվգենի Վիշինսկին, հատուկ կոմիսար՝ Դրոն (Դրաստամատ Կանայան)։ Կորպուսը բաղկացած էր 3 դիվիզիայից, որոնց հրամանատարներն էին Արեշյանը (1-ին), Մովսես Սիլիկյանը (2-րդ) և Անդրանիկը (3-րդ՝ կազմված արևմտահայերից)։ Հայկ․ կորպուսի առանձին գումարտակներ դրվել են «Թուրքահայաստանի» գեներալ-կոմիսարության ենթակայության տակ։ Նույն նպատակով Արմ․ Հայաստան են ուղարկվել այլ կամավորներ, որոնց առաջնորդներից ոմանք գլխավոր կոմիսար Պ. Ավերյանովից ստացել են պաշտոններ՝ Սեբաստացի Մուրադը (Խրիմյան)՝ Երզնկայի, Սեպուհը (Արշակ Ներսիսյան)՝ Բաբերդի գավառապետ։
Հայոց ազգ-քաղ․ կյանքում նշանակալի էր 1917-ի սեպտ. 29-ին Թիֆլիսում տեղի ունեցած Արևելահայերի համագումարը՝ տարբեր կուս-ների 203 պատգամավորների մասնակցությամբ (113-ը՝ դաշնակցական)։ Համագումարը վստահություն է հայտնել ժամանակավոր կառավարությանը։ Ստեղծվել է Արևելահայ ազգ․ խորհուրդ՝ գրող Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ։ Ազգ․ խորհրդի 35 անդամների թվում էին հայտնի գործիչներ Արամը, Ռուբենը, Խաչատուր Կարճիկյանը, Ալեքսանդր Խատիսյանը և ուր․։ Ազգ․ խորհուրդներ են ստեղծվել նաև Բաքվում, Երևանում և այլուր։ Բաքվի խորհրդի նախագահը Աբրահամ Գյուլխանդանյանն էր (դաշնակցական)։ Անդրկովկասի բոլշևիկներն անիմաստ էին համարում առանձին ազգային խորհուրդների կազմակերպումը։ Նրանք կոչ էին անում առանց ազգային խտրականության համախմբվել մի եղբայրական, ինտերնացիոնալ բանակում և ռուս․ հեղ․ պրոլետարիատի հետ պայքարել կապիտալիզմի դեմ։
Հայոց ազգ․ խորհուրդները դարձել են հայ ազգ․ կյանքի ղեկավարման կենտրոններ։ Սակայն նրանց գործունեությունն ընդհատվել է 1917-ի հոկտ-ին տեղի ունեցած բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով։
Հոկտեմբերյան հեղափոխությունը և Հայաստանը
1917-ի հոկտ. 24-25-ին (նոր տոմարով՝ նոյեմբ. 7-8-ին) բոլշևիկյան կուս-ը՝ Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ, զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում տապալել է ժամանակավոր կառավարությունը։ Խորհուրդների (սովետ) 2-րդ համառուսաստանյան համագումարում ստեղծվել է ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ժողկոմխորհ)՝ Վ. Լենինի նախագահությամբ, որն ստացել է երկիրը կառավարելու լիազորություններ՝ մինչև Սահմանադիր ժողովի հրավիրումը։
Սկզբում բոլշևիկները, շարունակելով ժամանակավոր կառավարության բարեփոխումները, խոստացել են խոսքի և մամուլի ազատություն, ազգերի իրավահավասարություն, հաշտության և հողի մասին դեկրետներով (որոշում)՝ գյուղացուն՝ հող, երկրին՝ խաղաղություն, դադարեցնել պատերազմը։ Այդ խոստումների շնորհիվ նրանք ստացել են ժողովրդի լայն շրջանների աջակցությունը։ Ազգ․ փոքրամասնությունները ոգևորությամբ են ընդունել 1917-ի նոյեմբ. 3-ին (17-ին) հրապարակված «Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան», որով բոլշևիկները ռուսահպատակ ժողովուրդներին խոստացել են իրավահավասարություն,