Այս էջը հաստատված է

ինքնորոշման իրավունք՝ ընդհուպ մինչև Ռուսաստանից անջատվելն ու ինքնուրույն պետություն ստեղծելը։ Սակայն շուտով այդ բոլորն ի չիք են դարձել։ Ավելին՝ 1918-ի հունվ-ին Վ. Լենինի կառավարությունը զենքի ուժով ցրել է միակ օրինական, ժողովրդավա․ճանապարհով կազմված Սահմանադիր ժողովը։ Բոլշևիկները շուտով հրաժարվել են «լայն կոալիցիայի» և գործակցության գաղափարից, խզել են հարաբերությունները սոց. մյուս կուս-ների հետ, այլախոհների նկատմամբ սկսել հալածանք։

Իրավիճակի կտրուկ շրջադարձն անակնկալի է բերել Անդրկովկասի ազգ-քաղ. ուժերին։ Թիֆլիսի պատգամավորների խորհրդի և գործկոմի համատեղ նիստն ընդունել է բանաձև՝ ժողովրդավարական իշխանություն ստեղծելու և Սահմանադիր ժողով հրավիրելու մասին։ ՀՑԴ-ն, որ նույնպես սոց. ուղղվածության կուսակցություն էր, քննադատել է բոլշևիկների քայլերը, իսկ ամբողջ աշխարհում սոցիալիզմի հաստատման Վ. Լենինի թեզը համարել է պատրանք։ Շուտով Անդրկովկասի քաղ. ուժերի զգուշավոր դիրքը բոլշևիկների նկատմամբ վերածվել է անվստահության, նույնիսկ թշնամության։ Երբ պարզ է դարձել պատերազմի նկատմամբ բոլշևիկների մոտեցումը՝ պատերազմը պետք է դադարեցնել, իսկ գրավված բոլոր տարածքներն առանց որևէ պայմանի վերադարձնել իրենց նախկին տերերին, Անդրկովկասում ուժեղացել է Ռուսաստանից անջատվելու ձգտումը։ Մինչդեռ հայ քաղաքական կուս-ները հույս ունեին ռուսների արդեն գրաված Արմ․ Հայաստանը միացնել Ռուսաստանին կամ վերջինիս հովանավորությամբ ստեղծել ինքնավարություն։ Տրապիզոնի նահանգի նկատմամբ հավակնություն ունեցող վրացիները նույնպես դեմ էին գրավված հողերի վերադարձմանը։ Այս և այլ հանգամանքներ դրդել են Անդրկովկասի ազգ․ կուս-ներին՝ երկրամասում ստեղծելու իրենց իշխանության մարմինները։

1917-ի նոյեմբ. 15-ին Թիֆլիսում կազմավորվել է իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասի կոմիսարիատը՝ Պետդումայի անդամ վրաց մենշևիկ Եվգենի Գեգեչկորու նախագահությամբ։ Կոմիսարիատը բաղկացած էր 12 կոմիսարից, որոնցից 3-ը հայ էին՝ Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների կոմիսար), Համո Օհանջանյան (խնամատարության կոմիսար), Գևորգ Տեր-Ղազարյան (պարենավորման գործերի կոմիսար)։ Դադարեցվել է ժամանակավոր կառավարության օրոք ստեղծված Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (ՕՋԱԿՈՄ) գործունեությունը, և Անդրկովկասը, որպես դաշնային (ֆեդերատիվ) երկրամաս, սկսել է բոլշևիկյան Ռուսաստանից անջատվելու գործընթացը։

1917-ի դեկտ. 16-ին Վ. Լենինի կառավարությունը քննարկել է իրադրությունն Անդրկովկասում և դատապարտել կոմիսարիատի անջատողական քաղաքական գիծը։ Ժողկոմխորհը չի ճանաչել կոմիսարիատի իրավասությունը և, որպես կենտրոնի լիազոր ներկայացուցիչ, բոլշևիկ Ստեփան Շահումյանին նշանակել է Կովկասյան գործերի արտակարգ կոմիսար՝ մինչև խորհրդային կարգերի հաստատումը երկրամասում։ Վերջինիս նշանակման մանդատը և 500 հզ․ ռուբլի (ոսկով) Թիֆլիս է հասցրել բոլշևիկ-հեղափոխական Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան)։ Քանի որ 1917-ի աշնանը Բաքվում հռչակված խորհրդային իշխանությունը տապալվել էր, Ս. Շահումյանը տեղափոխվել է Թիֆլիս և այնտեղ պայքար սկսել Անդրկովկասում խորհրդ․ իշխանություն հաստատելու համար։ 1918-ի հունվ. 26-ին կոմիսարիատն սկզբում հրաման է արձակել նրան ձերբակալելու մասին, ապա զիջել է և պահանջել հեռանալ Անդրկովկասից։ Երկրամասի բոլշևիկների ղեկավար կորիզը Թիֆլիսից տեղափոխվել է Բաքու, որտեղ 1918-ի ապրիլի 25-ին ստեղծել է Բաքվի կոմունան՝ Ս. Շահումյանի նախագահությամբ։

Կոմիսարիատի առաջնահերթ խնդիրը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էր. 1917-ի դեկտ. 5-ին Երզնկայում կնքվել է զինադադար։ Կովկասյան ճակատի երկայնքով՝ Տրապիզոնից մինչև Սիրիա, դադարեցվել են ռազմ․ գործողությունները։ Թուրք․ կողմը «երաշխավորել» է հայերի անվտանգությունն իր վերահսկած տարածքում։ Թուրքերի համար այդ զինադադարը չափազանց նպաստավոր էր ժամանակ շահելու և նոր հարձակում սկսելու համար (բանակը բարոյալքված էր ու գրեթե քայքայված)։ Միաժամանակ, բոլշևիկների հաշտության մասին դեկրետը, նաև զինվորականության