Այս էջը հաստատված է

(կամավորներ հավաքագրելու ապարդյուն փորձեր է արել), ապա անցել է Կարս, փետր. 10-ին՝ Էրզրում (Կարին)։ Արյունահեղ մարտեր մղելով՝ Մուրադը Երզնկայից գաղթականների հետ նահանջել է Դերջան, ապա՝ Էրզրում։ Անհաջող են եղել նաև Քղիում թուրքերին ու քրդերին կանգնեցնելու Թուրիկյանի ջանքերը։

Թուրքերի պահանջով Անդրկովկասի վրաց. և ադրբ. քաղ. ուժերը կատարել են երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918-ի փետր. 10-ին Թիֆլիսում կազմվել է Անդրկովկասի Սեյմը (խորհրդարան)՝ մենշևիկ Նիկոլոզ Չխեիձեի նախագահությամբ։ Սեյմը ներկայացված էր 36 վրաց մենշևիկ, 30 մուսավաթ., 27 դաշնակցական, 19 էսէռ և այլ կուս-ների պատվիրակներով։ Սեյմը դարձել է երկրամասի օրենսդիր բարձրագույն մարմինը, իսկ գործադիր մարմնի՝ նորակազմ կառավարության նախագահ է նշանակվել Եվգենի Գեգեչկորին։ Դաշնակցականները (Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Խաչատուր Կարճիկյան և ուր․), դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն, մտել են Սեյմի մեջ՝ թուրքերի դեմ միայնակ չմնալու ակնկալիքով։ Շարունակվել է թուրք․ զորքերի առաջընթացը․ փետր-ին նրանք գրավել են Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին՝ Էրզրումը, որտեղից Անդրանիկը հեռացել է Ալեքսանդրապոլ՝ չստանալով օգնական ոչ մի ուժ։ Հայկ․ ուժերը չկարողացան միայնակ պահել 400 կմ երկարությամբ ճակատային գիծը (նախկինում այն պահել էր ռուս․ 5 կորպուս)։ Այս ամենին հաջորդել է Բրեստ-Լիտովսկում 1918-ի մարտի 3-ին Խորհրդ. Ռուսաստանի և գերմանա-թուրք. խմբավորման կնքած պայմանագիրը, որով Վ. Լենինի կառավարությունը հրաժարվել է Արմ․ Ուկրաինայից, Արմ․ Բելոռուսիայից և Մերձբալթիկայից՝ հօգուտ Գերմանիայի, և Արմ․ Հայաստանից՝ հօգուտ Թուրքիայի։ Թուրքերին է տրվել նաև Կարսի մարզը, որը 1878-ից Ռուս․ կայսրության կազմում էր։

Անդրկովկասի Սեյմը չի ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918-ի մարտին թուրքերի արդեն գրաված Տրապիզոնում առանձին բանակցություններ է սկսել վերջիններիս հետ։ Սեյմի պատվիրակության (նախագահ՝ Ակակի Չխենկելի) 12 անդամից 7-ը մահմեդական էին։ Ադրբեջանցի պատվիրակները, ընդառաջելով իրենց թուրք եղբայրների պահանջներին, կողմ էին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքները Թուրքիային հանձնելուն։ Վրաց պատվիրակները, դեմ լինելով Արմ․ Հայաստանը և Տրապիզոնը Թուրքիային թողնելուն, իրականում ոչ մի քայլ չեն կատարել թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ, ավելին՝ մերժել են հայկ․ կողմի առաջարկը՝ միասին պահել ճակատը։ Իսկ կովկասյան բանակի հրամանատար, վրացի գեն-լեյտ․ Իլյա Օդիշելիձեն (քրոջ ամուսինը թուրք․ զորքերի հրամանատար Վեհիբ փաշան էր) Ա. Չխենկելու հրամանով 1918-ի ապրիլի 11-12-ին, գրեթե առանց կռվի, թշնամուն է հանձնել լավ ամրացված Կարսի բերդը, որի պաշտպանության հրամանատար էր նշանակվել գեն. Թովմաս Նազարբեկյանը։

Թուրք-անդրկովկասյան անջատ բանակցությունները Տրապիզոնում արդյունք չեն տվել, և Սեյմի պատվիրակությունը վերադարձել է Թիֆլիս։

Ստեղծված իրադրությունից պարզ է դարձել, որ Թուրքիան չի բավարարվելու պայմանագրով նախատեսված տարածքների բռնագրավմամբ և ներխուժելու է նաև Արլ․ Հայաստան։ Հայրենիքի պաշտպանության գործն ստանձնել է Արամ Մանուկյանը, որը 1917-ի վերջից գլխավորում էր Երևանի ազգ․ խորհուրդը։ Արամն ստացել է դիկտատորի լայն լիազորություններ՝ իր ձեռքում կենտրոնացնելով Երևանի նահանգի ռազմ․ և վարչ․ իշխանությունը։ Կարգ ու կանոն է հաստատել Երևանի նահանգում, սանձել ավազակային խմբերի գործողությունները, կազմակերպել զինվ․ ուժեր և ուղարկել ռազմաճակատ։

Թուրքիայի ճնշմամբ Անդրկովկասի Սեյմը 1918-ի ապրիլի 9 (22)-ին վրաց մենշևիկների և ադրբեջանցի մուսավաթականների ջանքերով ընդունել է որոշում՝ երկրամասը Ռուսաստանից անջատելու մասին։ Սեյմի հայ պատվիրակութունը, որ դեմ էր այդ որոշմանը, մնացել է փոքրամասնության մեջ։ Անդրկովկասի Սեյմը հռչակել է Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության անկախությունը։ Հաստատվել է նոր կառավարություն՝ Ա. Չխենկելու գլխավորությամբ,