Այս էջը հաստատված է

թյունն է կրել, ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի և Հայաստանի համար։ Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվ-ի ավանդույթները։

Մյուս վճռական մարտը տեղի է ունեցել Բաշ Ապարանի ճակատում։ Մայիսի 20-ին գրավելով Համամլուն (այժմ՝ Սպիտակ)՝ թուրք. 39-րդ դիվիզիան (9-10 հզ․ զինվոր) շարժվել է դեպի Բաշ Ապարան՝ Աշտարակ-Եղվարդ-Կոտայք գիծ դուրս գալու և Քանաքեռի գրավումով Երևանը շրջափակելու նպատակով։ Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը (շուրջ 5 հզ․ մարդ) մտել է Ալի Քուչակ՝ Էսադ փաշայի հրամանատարությամբ դեպի Բաշ Ապարան գնացող թուրքերին դիմակայելու նպատակով գավառապետ Սեթոյի (Սեդրակ Ջալալյան, 1884-1959) հավաքագրած աշխարհազորին (շուրջ 9 հզ․ մարդ և 3 հզ․ դրսեկ ու տեղացի քրդեր) օգնելու համար։ Մայիսի 26-ին թուրք․ զորամասերն անցել են ընդհանուր հարձակման։ Կատաղի մարտերը շարունակվել են մինչև մայիսի 29-ը։ Այդ օրը Բաշ Ապարանի ճակատում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին։ Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, նահանջել է։

Դրոյի զորքի կազմում թուրքերի դեմ կռվել է եզդիների 1500-հոգանոց հեծյալ ջոկատը՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ։ ճակատամարտում զոհվել է հայտնի հարյուրապետ Զեմլյակը (Հարություն Նանամյան)։

Թուրք-հայկական պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Ղարաքիլիսայի ճակատը։ Ալեքսանդրապոլի անկումից հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրք․ զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (Լուսաղբյուր), Ղալթաղչին (Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (Տաշիր)։ Մայիսի 22-ին Հայկական կորպուսի հրամանատարը (գեն. Թ. Նազարբեկյան) և սպայակույտը տեղափոխվել են Դիլիջան։ Ջալալօղլիի (Ստեփանավան) մոտ մայիսի 21-22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում և հետագա գործողություններին չի մասնակցել։ Գեն. Նազարբեկյանի հրամանով կորպուսի 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ Բեյ-Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ։ Հայկական զորքն ունեցել է 6 հզ․ զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրք․ զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ․ զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր։

Ճակատամարտին մասնակցել է նաև Գարեգին Նժդեհը՝ իր հեծյալ գնդով (100 հեծյալ)։ Հայկ․ ուժերը հիմն․ հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին։ Մարտերում աչքի են ընկել գնդապետ Նիկոլայ Ղորղանյանի (Կորգանով) զորամասը, հերոսաբար զոհված շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները և ուր․։ Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման և մայիսի 30-ին ներխուժել Ղարաքիլիսա։ Հայկ․ ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5 հազար մարդ), ավերել բնակավայրերը։

Ղարաքիլիսայի ճակատամարտում մեծ կորուստներ պատճառելով թշնամուն՝ կասեցվել է նրա գերակշիռ զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան և Թիֆլիս։

Սարդարապատում աչքի են ընկել նաև հեծելազորային դասակի հրամանատար Հովհաննես Բաղրամյանը, գնդապետ Դոլուխանյանը, գրող Սկսել Բակունցը, լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը, ռուս զինվորականներ Վասիլի Պերեկրեստովը, Սիլինը, հույն Սակելարին, բազմաթիվ հոգևորականներ՝ Գարեգին եպս. Հովսեփյանի գլխավորությամբ, և ուր․։

Մայիսյան հերոսամարտերը ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը։ Այդ մարտերի շնորհիվ Արլ․ Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը, դրվել է ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը։