Այս էջը հաստատված է

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Ազգային անվտանգությունը (ԱԱ) պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված են անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութ. և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից։

ՀՀ ԱԱ-յան մարմինները հանրապետության անվտանգության միասնական համակարգի բաղկացուցիչ մասն են և իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը։ Կազմված են կենտրոնական և մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, ուսումնական կենտրոններից, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներից։ ԱԱ-յան մարմինների գործունեությունն իրականացվում է հետախուզության, հակահետախուզության, ռազմ․ հակահետախուզության, պետ․ սահմանի պահպանության և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով։

ՀՀ անվտանգության նոր համակարգը ձևավորվել է անկախության հռչակումից (1991) հետո՝ Ադրբեջանի հետ խորացող հակամարտության և Թուրքիայի կոշտ քաղաքականության պայմաններում։ Երկրի ներքին անվտանգության ապահովման աշխատանքին զուգընթաց կատարվել են նաև արցախահայության և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման միջոցառումներ։

ՀՀ ԱԱ մարմինների, հասարակության և պետության համար լուրջ փորձություն էր 1999-ի հոկտ. 27-ին ՀՀ ԱԺ-ում Նաիրի Հունանյանի հանցախմբի կատարած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել են ԱԺ-ի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և ուր․ (տես Հավելված 1-3

«ՀՀ Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» ՀՀ օրենքով (1991) Պետ․ անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) վերանվանվել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության (ԱԱՊՎ)։ 1995-ին ՀՀ ԱԱՊՎ-ն վերակազմավորվել է ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ, նախարար՝ Սերժ Սարգսյան), 1996-ի նոյեմբ-ին ԱԱՆ-ն միավորվել է ՆԳՆ-ի հետ և կոչվել ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարություն (կառույցը շարունակել է ղեկավարել Ս. Սարգսյանը՝ մինչև 1999-ի նոյեմբ.)։ 1999-ի նոյեմբ-ին նախարարությունը տարանջատվել է՝ ՆԳՆ-ի և ԱԱՆ-ի (նախարար՝ Կառլոս Պետրոսյան՝ 1999-2004)։ Վերջինս 2002-ի դեկտ-ին վերակազմավորվել է ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ, պետ՝ գեն-գնդապետ Գորիկ Հակոբյան՝ 2004-ից)։

ՀՀ ԱԱԾ-ի կազմում են նաև սահմանապահ զորքերը, որոնք լուծում են ՀՀ պետական սահմանի պահպանության և ազգ․ անվտանգության ապահովման այլ խնդիրներ՝ սահմանակից պետությունների տարածքների և դրանց ռազմ․ ստորաբաժանումների հետ անմիջական շփման գծում։

ՀՀ սահմանապահ զորքերն ստեղծվել են 1992-ի փետր-ին՝ ՀՀ ՊՆ կազմում, իսկ 1993-ի սեպտ-ին տրվել են ՀՀ ԱԱՊՎ-ի ենթակայությանը։