Հանրապետության ներքին դրությունը
ՀՀ-ն ժողովրդավար․ պետություն էր. նրա հաս-քաղ. դաշտում գործել է 8 կուս․։ Ազգաբնակչության շրջանում մեծ վստահություն է վայելել ՀՅԴ-ն, որը հիմն․ կառավարող կուս-ն էր հանրապետության ողջ գոյության (2,5 տարի) ընթացքում։ Որոշակի խավերի վստահությունն են վայելել Հայ ժող․, սոցիալիստ-հեղափոխականների, Սոցիալ-դեմոկրատների (մենշևիկ, բոլշևիկ), Սոցիալ-դեմոկրատ. հնչակյան, հայ սահմանադր. ռամկավար կուս-ները, Սոցիալ-դեմոկրատ. բանվոր․ հայ կազմակերպությունը (սպեցիֆիկներ)։ Արևմտահայ գաղթականության շրջանում մեծ էր նաև Արևմտահայ ազգ․ խորհրդի հեղինակությունը։ Հայ բոլշևիկները, հալածվելով վրաց. և ադրբ. իշխանություններից․ 1919-ի կեսերից ապաստանել են (մի քանի հարյուր մարդ) ՀՀ-ում, իսկ սեպտ-ին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունները միավորվել և ստեղծել են կենտր․ ղեկավար մարմին՝ Արմենկոմ (Հայաստանի կոմիտե)։
Հայաստանում զգալի տոկոս են կազմել նաև մահմեդ. կրոնը դավանող քաղաքացիները, որոնց միջոցով Թուրքիան և Ադրբեջանը մշտապես կազմակերպել են հակապետ․ ելույթներ ու խռովություններ։ ՀՀ-ի կայունությանն սպառնացող վտանգն ավելի է մեծացել խորհրդ․ Ռուսաստանի արլ. քաղաքականության հետևանքով, երբ գաղտնի համագործակցություն է սկսվել քեմալ. Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ընդդեմ ՀՀ-ի։ Այդուհանդերձ, երկրի իշխանություններին հաջողվել է 1920-ի ամռանը հիմնականում ճնշել թուրք-թաթար. խռովությունները։ Հանրապետությունում քաղ․ իրավիճակն ավելի է բարդացել բոլշևիկների Մայիսյան ապստամբության (1920) հետևանքով։ Դեռ հունվ-ին Հայաստանի կոմունիստ կազմակերպությունների՝ Երևանում հրավիրված 1-ին խորհրդաժողովը քաղ․ որոշում է ընդունել՝ «Պատրաստ լինել իշխանությունը գրավելու, երբ նեցուկ կունենանք մի հարևան երկիր, որով հնարավոր կլինի կապվել բանվորագյուղացիական Ռուսաստանի հետ»։ Այդպիսի հնարավորություն է ստեղծվել 1920-ի ապրիլի 28-ին՝ Ադրբեջանի խորհրդայնացումով։ Մայիսի 1-ին ցույցեր են կազմակերպվել կառավարության շենքի դիմաց։ Ալեքսանդրապոլում բոլշևիկների կողմն է անցել «Վարդան զորավար» զրահագնացքի անձնակազմը, մայիսի 7-ին կազմվել է ապստամբության ղեկավար մարմին՝ Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)՝ Սարգիս Մուսայելյանի գլխավորությամբ։ Ապստամբությունն ընդգրկել է Կարսը, Սարիղամիշը, Նոր Բայազետը, Ղազախ-Շամշադինը, Զանգեզուրը։ Կարսից Ալեքսանդրապոլ նահանջելիս Արգինա գյուղի մոտ կառավար․ զորքերի հետ ընդհարման ժամանակ զոհվել է երիտասարդ բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանը։ Սարիղամիշում ապստամբությունն սկսվել է, երբ Ալեքսանդրապոլում և Կարսում այն պարտություն էր կրել։ ՀՌՀԿ-ն իշխանությունն իր ձեռքում է պահել ընդամենը մի քանի օր։ Ապստամբությունը համեմատաբար երկար է տևել Ղազախ-Շամշադինում, որտեղ բոլշևիկներին օգնություն է ցույց տվել Ադրբեջանից ուղարկված զինուժը։ Կառավար․ զորքերին հաջողվել է ճնշել ապստամբությունները։ Ապստամբության ղեկավարներից գնդակահարվել են Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Եգոր Սևյանը, Արտաշես Մելքոնյանը և ուրիշներ։ Արգելվել է Հայաստանի կոմկուսի գործունեությունը։
Ապստամբությունը թուլացրել է երկրի ներքին դրությունը և պառակտել հանրությանը թուրք․ նոր ներխուժման նախօրյակին։