Ծանր էր նաև ՀՀ սոցիալ-տնտեսական կացությունը. չէին գործում արդ-յան հիմն․ ձեռնարկությունները՝ Ալավերդու և Ղափանի (Կապան) պղնձահանքերն ու ձուլարանները։ Իշխանության վերահսկողությունից գրեթե դուրս էին մնացել Նախիջևանի, Կողբի ու Կաղզվանի աղահանքերը։ Հումքից զրկվել էին կաշվի վերամշակման արհեստանոցները։ Տեխ. խղճուկ պայմաններում էր երկաթուղին։ Թուրքերը կողոպտել էին Ալեքսանդրապոլի միակ երկթղ. դեպոյի գույքը։ Արդ-յան անկման և ներմուծման բացակայության պայմաններում առաջացել էր առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ պակաս, իսկ դրա հետևանքով՝ գների աներևակայելի աճ, ֆինանս․ համակարգը քայքայվել էր։ Նույն վիճակում էր նաև գյուղատնտեսությունը։ 1918-ի վերջերից վրա հասած սովի, սառնամանիքների, համաճարակների հետևանքով 6 ամսվա ընթացքում մահացել է մոտ 180 հազար մարդ՝ հիմնականում գաղթականներ։ Սիմոն Վրացյանի տվյալներով՝ 1918-ի ամռանը ՀՀ փոքր տարածքում կուտակվել էր շուրջ 450 հազար գաղթական, որոնց շուրջ 40-50 հզ-ը՝ որբ երեխաներ։ Գաղթականության խնդրով զբաղվել են խորհրդարանի գաղթականության հարցերի մշտ. հանձնաժողովը և խնամատարության ու ներքին գործերի նախարարությունները։
1919-ի հունվ-ին իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են դաշնակից պետություններին. ԱՄՆ է մեկնել (1919-ի փետր.) վարչապետ Հ. Քաջազնունին, Հայաստանին մեծ օգնություն է ցույց տվել Մերձավոր Արևելքի օգնության Ամերիկյան կոմիտեն (Ամերկոմ)։ Նույն թվականի մայիսից ԱՄՆ-ից ստացվել են 1,3 մլն փութ ալյուր, 260 հազար փութ ցորեն, 70 հազար փութ բրինձ, 6 մլն տուփ խտացրած կաթ, 44 հազար փութ շաքար և այլն։
1920-ի հունիսի 4-ի օրինագծով պետք է պետականացվեին և գյուղացիներին տրվեին մասնատիր., վանքապատկան ու լքյալ հողերը։ Ստեղծվել է սերմագնման կոմիտե, որը սերմացու է հայթայթել ու բաժանել հողագործներին։ Պետությունն իր ձեռքն է վերցրել Կողբի ու Կաղզվանի աղահանքերի և Օլթիի ածխահանքերի շահագործումը։
Տնտեսության առողջացման գործում զգալի էր 1919-ին ստեղծված Հայգյուղկոոպի դերը, որը 1920-ին միավորել է 350 կոոպերատիվ՝ 95 հազար անդամով։
Պետությունը կազմակերպել է նաև կրթության գործը։ 1920-ի մարտին ընդունվել է Եկեղեց. ծխական դպրոցները պետականացնելու և կրթության նախարարությանը ենթարկելու մասին օրինագիծը։ Տարր․ կրթության մասին օրենքով՝ պետական դպրոցներում սահմանվել է 6-ամյա կրթություն։ 1919-ի վերջերին հանրապետությունում գործել են 20 միջնակարգ և 431 տարր․ դպրոցներ։ Հիմնվել են նաև մասնագիտական դպրոցներ. Դիլիջանում ու Նոր Բայազետում՝ գյուղատնտեսական, իսկ Ալեքսանդրապոլում՝ տեխ. միջնակարգ դպրոց։ Այդ բնագավառում մեծ ավանդ ունեն հանրային կրթության և արվ-ի նախարար (1919-ի օգոստ-ից) Ն. Աղբալյանը և մանկավարժ Գուրգեն Էդիլյանը։
1919-ի մայիսի 16-ին որոշում է ընդունվել պետական համալսարան հիմնադրելու մասին։ 1920-ի հունվ. 31-ին Ալեքսանդրապոլի Առևտր. դպրոցի շենքում մեծ հանդիսավորությամբ բացվել է համալսարանը։ Նույն թվականի հունիսին այն փոխադրվել է Երևան և տեղավորվել ուսուցչական սեմինարիայի շենքում։ Քայլեր են կատարվել նաև թանգարանային և գրադարանային համակարգի կազմակերպման ուղղությամբ։ 1919-ի հուլիսի 4-ին Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել պետական հանրային մատենադարան (գրադարան) հիմնելու մասին։ 1919-ի մայիսին Երևանում բացվել է հայ արվեստագետների 1-ին ցուցահանդեսը։ Այդ նույն ժամանակ Երևանում գործել են թատեր. վարժարան ու երաժշտ. դասընթացներ։ Իշխանությունների հրավերով Հայաստան են եկել գիտության և մշակույթի անվանի շատ հայ գործիչներ։