համագումարները չեն ճանաչել Ադրբեջանի իշխանությունը, իսկ տեղի հայկ. ինքնապաշտպանության ուժերը պայքարել են մուսավաթ. և բոլշևիկյան Ադրբեջանի ոտնձգությունների դեմ։
Զորավար Անդրանիկի՝ Սիսիանում տեղակայված ջոկատի արշավանքը Ղարաբաղ կասեցվել է անգլ. զինվորական հրամանատարության պահանջով, և նա վերադարձել է Զանգեզուր։ Սյունիքի հայ ազգաբնակչությունը նույնպես հարկադրված դիմել է զենքի և պաշտպանել իր՝ ՀՀ կազմում լինելու իրավունքը։ Այստեղ ինքնապաշտպանությունն սկզբում ղեկավարել է Անդրանիկը, իսկ 1919-ից՝ ՀՀ Կառավարության գործուղած Արսեն Շահմազյանը, Սերգեյ Մելիք-Յոլչյանը, Գարեգին Նժդեհը և այլ գործիչներ։ Վերջինիս գլխավորությամբ Զանգեզուրում հայ բնակչության հերոս. պաշտպանության շնորհիվ երկրամասը մնացել է Հայաստանի կազմում։ Փարիզի խաղաղության խորհրդաժողովը (1919-ի հունվ.-1920-ի հունվ.) կոչված էր նախապատրաստելու և ստորագրելու հաշտության պայմանագրերը Առաջին աշխարհամարտում (1914-18) պարտված երկրների (Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա) հետ։ Ի թիվս 27 երկրների՝ խորհրդաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանը։ Հայկական հարցի քննարկումը նախապատրաստելու համար Փարիզ է մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Այնտեղ էր նաև տակավին 1912-ին կազմակերպված ազգային պատվիրակությունը՝ Պողոս փաշա Նուբարի գլխավորությամբ, որը ներկայացնում էր արևմտահայության շահերը։ Հայկական պատվիրակությունները չնայած բազմաթիվ հարցերի շուրջ ունեցել են տարբեր մոտեցումներ, այնուամենայնիվ պատրաստել են հայկական պահանջները ներկայացնող մեկ հուշագիր, որը 1919-ի փետր. 25-ին ներկայացվել է խորհրդաժողովին։
Դեռևս 1919-ի հունվ. 30-ին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի նախաձեռնությամբ խորհրդաժողովը որոշել է ընդունել Հայաստանն ազատագրելու և նրան հոգատար (մանդատատեր) նշանակելու առաջարկը։ Հարցն ուսումնասիրելու համար 1919-ի սեպտ. 25-ին Երևան է ժամանել ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ գեն. Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ։
Օսմ. կայսրության հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը մշակելու նպատակով 1920-ի ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում գումարվել է խորհրդաժողով, որտեղ հատուկ ուշադրություն է հատկացվել Հայկ. հարցին, ընդգծվել է, որ դրա լուծումը նշանակում է Հայաստանի 2 մասերի միավորում։ Ապրիլի 24-ին ԱՄՆ-ը փաստացի ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն 1920-ի հունիսի 1-ին Սենատի որոշմամբ (52 դեմ, 23 կողմ ձայներով) մերժվել է Հայաստանի հովանավորությունն ընդունելը։ Որոշման համար բացաս. դեր է խաղացել նաև Ջեյմս Հարբորդի պատվիրակության ներկայացրած եզրակացությունը՝ ավերակված ու օգտակար հանածոներով աղքատ Հայաստանին հովանավորելու անհեռանկարայնության մասին։
1920-ի օգոստ. 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրներն ու Թուրքիան կնքել են հաշտության պայմանագիր, որն ստորագրել է նաև ՀՀ պատվիրակության նախագահ Ա. Ահարոնյանը։ Պայմանագրի 89-93 հոդվածներն ամբողջովին վերաբերում են Հայաստանին։ Վ. Վիլսոնի իրավարարությանն է հանձնվել սահմանների որոշումը ՀՀ-ի և օսմ. Թուրքիայի միջև՝ Տրապիզոնի, էրզրումի, Բիթլիսի, Վանի նահանգներում։ Նոյեմբ. 22-ին նա հրապարակել է իրավարարի իր վճիռը, որով նշված նահանգներում Հայաստանն ստանում էր 90 հազար կմ2 տարածք, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161.330 կմ2 տարածք, ելք դեպի Սև ծով՝ Տրապիզոն նավահանգստով։
1920-ի ապրիլից սկսվել է քեմալա- բոլշևիկյան մերձեցումը։ Կողմերից յուրաքանչյուրը հետապնդել է իր նպատակները։ Բոլշևիկներն Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ցանկանում էին տիրել ողջ Անդրկովկասին, իսկ քեմալականները՝ իրականացնել ազգային ուխտը։ Տարածաշրջանում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական իրադրություն։ Մոսկվա է գործուղվել ՀՀ պատվիրակությունը՝ Լևոն Շանթի նախագահությամբ։ Հայ-ռուս. բանակցությունները տեղի են ունեցել 1920-ի մայիսի 28-ից հուլիսի 1-ը, որոնց ընթացքում Մոսկվա է ժամանել նաև քեմալականների պատվիրակությունը, և բոլշևիկները նախապատվությունը տվել են նրանց։ Լևոն Շանթի պատվիրակության հետ