բանակցություններն ընդհատվել են և որոշվել է շարունակել Երևանում։ Կազմվել է խորհրդ. պատվիրակություն՝ Բորիս Լեգրանի գլխավորությամբ։ 1920-ի օգոստ. 10-ին ՀՀ ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանը և Արտաշես Բաբալյանը Թիֆլիսում Բ. Լեգրանի հետ կնքել են համաձայնագիր, որով Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը հայտարարվել են «վիճելի» տարածքներ, և ժամանակավորապես ռազմակալել են խորհրդ. զորքերը։
Բ. Լեգրանի հետ բանակցությունները վերսկսվել են հոկտ. 12-ին, իսկ 28-ին ստորագրվել է արձանագրություն։ Կնքվելիք պայմանագրի նախագծով՝ Հայաստանի անբաժան մաս էին համարվում Երևանի և Կարսի նահանգներն ամբողջությամբ, Զանգեզուրը, Ղազախն ու Լոռին։ 1920-ի սեպտ. 28-ին թուրք, զորքերի լայնածավալ հարձակմամբ սկսվել է թուրք-հայկական պատերազմը։ Ռազմ. գործողությունները ծավալվել են Կարսի (հրամանատար՝ Մովսես Սիլիկյան) և Սուրմալուի (հրամանատար՝ Դրո, Դրաստամատ Կանայան) ռազմաճակատներում։ Հայկական զորքերը պարտություն են կրել՝ թշնամուն թողնելով Սարիղամիշը, Կաղգվանը։ Հոկտ. 30-ին թուրքերը գրավել են Կարսը, իսկ նոյեմբ. 7-ին՝ Ալեքսանդրապոլը։ Նոյեմբ. 18-ին հաստատվել է զինադադար, և Ա. Խատիսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ալեքսանդրապոլ։ Բանակցություններն սկսվել են նոյեմբ. 25-ին և ավարտվել դեկտ. 2-ի՝ լույս 3-ի գիշերը, երբ ստորագրվել է հաշտության պայմանագիրը։ Հայ-թուրք. սահմանը հաստատվել է Ախուրյան և Արաքս գետերով։ Թուրքիային են անցել ոչ միայն Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը։
Օգտվելով Հայաստանի այդ ծանր կացությունից՝ Բ. Լեգրանը Ս. Վրացյանի կառավարությունից պահանջել է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին, որոնք կազմել էին Հայաստանի ռագմահեղափոխական կոմիտե և նոյեմբ. 29-ին մտել հանրապետության տարածք։
1920-ի դեկտ. 2-ին Դրոն և Համբարձում Տերտերյանը Երևանում Խորհրդ. Ռուսաստանի լիագոր ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ ստորագրել են համաձայնագիր և իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնել Հայհեղկոմին։ Այսպես խորհրդայնացվել է Հայաստանի Հանրապետությունը, և համաձայնագրի 1-ին կետով Հայաստանը հայտարարվել է անկախ Սոցիալիստ. խորհրդային Հանրապետություն։