Այս էջը հաստատված է

Ռուսաստանի կոմունիստ, (բոլշևիկների) կուս-յան՝ [ՌԿ(բ)Կ] բաղկացուցիչ մասն էր և Հայաստանում իրականացրել է նրա քաղաքականությունը։

ՀՍԽՀ իշխանությունները, չունենալով պետական կառավարման փորձ, մեխանիկորեն կիրառել են ՌՍԴԽՀ կառավարման և տնտեսական համակարգը։ Հաշվի չառնելով Հայաստանի առանձնահատկությունները՝ երկրում գործադրվել է Ռուսաստանում իրականացվող, բայց իրեն արդեն սպառած «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը, որտեղ կարևորը պարենմասնատրումն էր։ Հացի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը վերածվել է ժողովրդի, առաջին հերթին՝ գյուղացիության կողոպուտի. առաջացել է սով և դժգոհություն բնակչության մեջ։ Այդ քաղաքականությունը պատճառ է դարձել նաև Հայհեղկոմում և ՀԿ(բ)Կ կենտկոմում 2 ներհակ խմբավորումների առաջացման համար։ Ս. Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ալեքսանդր Բեկզադյանը այդ քաղաքականության մեղմ, իսկ Ավիս Նուրիջանյանը, Ի. Դովլաթյանը, Գևորգ Աթարբեկյանը (Չեկայի նախագահ) բռնի կիրառման կողմնակիցներ էին։ Վերջիններիս իրականացրած քաղաքականության հետևանքով բռնությունների են ենթարկվել բնակչության տարբեր խավերի բազմաթիվ ներկայացուցիչներ։ 1920-ի վերջին և 1921-ի սկզբին նախկին հայկական բանակի շուրջ 1400 սպաների «վերադաստիարակելու» նպատակով հեռացրել են Հայաստանից և մեկուսացրել Բաքվի բանտերում ու Ռյազանի (Ռուսաստան) համակենտրոնացման ճամբարներում։ 1921-ի հունվ-ին պաշտոնից հեռացվել է ՀՍԽՀ Կարմիր բանակի հրամանատար Դրոն։ Նրան թույլատրվել է մեկնել Մոսկվա, իսկ հետագայում՝ արտասահման։

Աքսորյալներին (նրանց թվում՝ գեն-ներ Թովմաս Նազարբեկյան, Մովսես Սիլիկյան և ուրիշներ) Երևանից մինչև Աղստաֆա կայարան՝ 170 կմ, սառնամանիքին ստիպել են անցնել ոտքով։ Սարդարապատի հերոսներից գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն սպանվել է աքսորավայրում, իսկ գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանն ինքնասպան է եղել՝ չդիմանալով Չեկայի նվաստացումներին։

ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն փետր. 1-ին Հայհեղկոմից պահանջել է պայքար ծավալել դաշնակցություն կուս-ը Հայաստանում վերացնելու ուղղությամբ։ Բանտարկվել են հայտնի գործիչներ Համազասպ Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Ռուբեն Դարբինյանը, Համազասպը (Սրվանձտյան) և ուրիշներ։ Վերջինս, ինչպես նաև Նիկոլայ Ղորղանյանը, Հրանտ Տեր-Մարգարյանը, Երանոս Թարվերդյանը և ուր․ Ա. Նուրիջանյանի ցուցումով կացնահարվել են Երևանի բանտում։

Հասարակության բոլոր խավերում առաջացած ծայրահեղ դժգոհության հետևանքով 1921-ի փետր-ին երկրռւմ տարերայնորեն սկսվել է ապստամբություն՝ ընդգրկելով Կոտայքը, Բաշ Գառնին, Դարալագյազը, Բաշ Ապարանը և այլ շրջաններ։ Փետր. 16-ին խմբապետներ Մարտիրոսի, Սմբատի, Կարո Սասունու խմբերը շրջապատել են Երևանը, իսկ Հայաստանում մնացած դաշնակցության առաջնորդներն ստանձնել են ապստամբության ընդհանուր ղեկավարությունը՝ նրան կազմակերպված ընթացք տալու համար։ Հայհեղկոմը և նրա տրամադրության տակ եղած փոքրաթիվ ուժերը 2 զրահագնացքով թողել են Երևանը և նահանջելով՝ կենտրոնացել Ղամարլու (Արտաշատ) - Վեգի Բասար (Արարատ) շրջանում։ Փետր. 18-ին ապստամբները մտել են Երևան։ Նրանց օգնել է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղակայված բոլշևիկյան զորքերի ստորաբաժանումները զբաղված էին Վրաստանի խորհրդայնացումով։

Դեռևս 1921-ի փետր. 7-ին ՀՍԽՀ ռազմգործժողկոմի տեղակալ Հովսեփ Լազյանի նախագահությամբ կազմակերպվել էր Լոռու ռազմահեղափոխական կոմիտեն։ Փետր. 13-ին Լոռու «չեզոք գոտում» ապստամբություն է սկսվել, և վրաց. ճակատ տեղափոխված զորքերը 11-րդ բանակի մյուս ստորաբաժանումների հետ ձեռնամուխ են եղել Վրաստանի խորհրդայնացմանը։ Եռօրյա մարտերից հետո փետր. 15-ին ազատագրվել է «չեզոք գոտին», որը ենթարկվելու էր խորհրդային Հայաստանի կառավարությանը։

Երևանում ստեղծվել է ապստամբների ժամանակավոր կառավարություն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Վերջինս հրապարակել է հրաման. «...Մինչև կառավարության կազմվելը իշխանությունը գտնվում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքում»։ Սակայն Վրաստանի խորհրդայնացումից (փետր.