Այս էջը հաստատված է

25) հետո Կարմիր բանակը ձեռնամուխ է եղել ապստամբության ճնշմանը։ Մ. Վելիկանովի գլխավորությամբ այն 2 ուղղությամբ շարժվել է դեպի Երևան։ Ապստամբները, հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը, ավելորդ զոհեր չտալու համար, այլևս չեն դիմադրել և Բաշ Գառնիով նահանջել են դեպի Դարալագյազ, ապա՝ Զանգեզուր, որտեղ շարունակվում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպան․ մարտերը։ 1921-ի ապրիլի 2-ին բոլշևիկյան զորքերը վերագրավել են Երևանը։ Նույն թվականի մայիսի 21-ին ՀՍԽՀ հեղկոմը վերակազմվել է ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհ), որի նախագահ է նշանակվել Ալեքսանդր Մյասնիկյանը։

Հայաստանի խորհրդայնացումից հետո էլ Գ. Նժդեհը չի ենթարկվել բոլշևիկների իշխանությանը՝ գիտակցելով, որ Զանգեզուրի հարցում խորհրդային Ռուսաստանը պաշտպանում է ադրբեջանցիներին։ Հայաստանի նոր կառավարությունը պահանջել է ճանաչել խորհրդային իշխանությունը։ 1920-ի դեկտ. 25-ին Տաթևի վանքում հրավիրվել է համազանգեզուրյան առաջին համագումարը, որը մերժել է այդ պահանջը և երկրամասը հռչակել «Ինքնավար Սյունիք» ու կազմել կառավարություն։

Փետր. ապստամբության պարտությունից հետո մասնակիցները (բազմաթիվ հայ մտավորականներ ու զինվորականներ) հաստատվել են Զանգեզուրում։ Ստեղծված պայմաններում 1921-ի ապրիլի 26-ին Տաթևի 2-րդ համազանգեզուրյան համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության, իսկ հունիսի 1-ին՝ Հայաստանի Հանրապետության (վարչապետ՝ Ս. Վրացյան, սպարապետ՝ Գ. Նժդեհ)։ խորհրդային կառավարությունը բազմիցս փորձել է պատվիրակությունների միջոցով Գ. Նժդեհին համոզել հեռանալ Զանգեզուրից։ Վերջինս, միայն հուլիսի 15-ին համոզվելով, որ երկրամասն անցնելու է Խորհրդ․ Հայաստանին, անցել է Իրան։

Փոփոխություններ են մտցվել երկրի վարչական կառուցվածքում։ 1921-ի հուլիսի 20-ի ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով՝ հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։

1921-ի փետր. 26-ից մարտի 16-ը Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-թուրք. խորհրդաժողով։ Կնքված պայմանագրով՝ ՀՍԽՀ-ի սահմանն անցկացվել է Ախուրյան և Արաքս գետերով։ Թուրքիային է տրվել նաև Սուրմալուի գավառը, որը երբևէ նրա կազմում չի եղել։ Նախիջևանի երկրամասը և Շարուրի գավառը հանձնվել են Ադրբեջանին։ Այս դաշնագրի կնքմանը (հայկական կողմը չի մասնակցել) նպաստել են ազգությունների ժողկոմ Ի. Ստալինը և խորհրդային Ադրբեջանի ղեկավարները։ Նույն թվականի հոկտ. 13-ի Կարսի պայմանագրով վավերացվել է հայկական տարածքների այդ բռնազատումը, որին արդեն մասնակցել է նաև ՀՍԽՀ պատվիրակությունը (ստորագրել են Ա. Մռավյանը և Պ. Մակինցյանը)։

Այսրկովկասի 3 խորհրդային հանրապետությունների միջև սահմանային հարցերը լուծելու նպատակով 1921-ի հուլիսի 2-7-ը Թիֆլիսում հրավիրվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստ։ Հուլիսի 4-ի նիստում քվեարկությամբ որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը փոխադրել Մոսկվա՝ ՌԿ(բ)Կ կենտկոմ։ Սակայն հաջորդ օրը հրավիրված Կովբյուրոյի պլենումի արտահերթ նիստն առանց քվեարկության որոշել է. «...Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի ՍԽՀ սահմաններում՝ նրան տալով մարզային լայն ինքնավարություն՝ Շուշի կենտրոնով»։ Անօրինական այս որոշումն ընդունվել է Ն. Նարիմանովի ու Ի. Ստալինի ճնշմամբ։ ՀԿ(բ)Կ կենտկոմը 1921-ի հուլիսի 16-ի նիստում սխալ և անբավարար է ճանաչել այդ որոշումը և բողոքել դրա դեմ։ Հայաստանի ղեկավարության և արցախահայության հաստատակամ ու հետևողական ջանքերի շնորհիվ Ադերբեջանի իշխանությունները, 1923-ի հուլիսի 7-ին ԼՂ-ն անջատելով իր դաշտային մասից, կազմել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։

Նույն՝ Կովբյուրոյի հուլիսի 7-ի նիստում ընդունվել է նաև մեկ այլ որոշում, վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնվել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը։ Վերջինս էլ հուլիսի 16-ին որոշում է ընդունել Ախալքալաքն ու Ծալկան, որպես Թիֆլիսին տնտեսապես