Այս էջը հաստատված է

շքանշանով է պարգևատրվել սակրավոր Գևորգ Իսրայելյանը, ապա այդ շքանշանին են արժանացել ևս 26 հայ ռազմիկներ, որոնց իրավունքները հավասարեցված են ԽՍՀՄ հերոսի կոչում ունեցողներին։ Պատերազմի տարիներին գիտության և արդ-յան բնագավառի 8 հայորդու շնորհվել է Սոց. աշխատանքի հերոսի կոչում (Համո Յոլյան, Իվան Թևոսյան, Բագրատ Հարությունով, Նիկոլայ Նարինյան, Բորիս Սալամբեկով, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Օրբելի, Անաստաս Միկոյան)։ «ՄիԳ» կործանիչ ինքնաթիռների գլխավոր կոնստրուկտոր, ինժեներա-տեխ. զորքերի գեն-գնդապետ Արտեմ Միկոյանին և ակադ. Վիկտոր Համբարձումյանին այդ կոչումը շնորհվել է կրկնակի, հրթիռամիջուկային վահանակի ստեղծման գլխավոր կոնստրուկտոր, պրոֆ. Սամվել Քոչարյանցին՝ քառակի։

Հայրեն․ մեծ պատերազմում կյանքի գնով արտակարգ սխրանքներ կատարած հայորդիների՝ Հունան Ավետիսյանի, Գարեգին Բալայանի, Հրանտ Օհանյանի, Սերգեյ Օհանովի, Վահան Ակոպովի անունները ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հատուկ հրամաններով հավետ գրանցվել են նրանց զորամասերի ստորաբաժանումների անձնակազմերի ցուցակներում։ 1945-ի դեկտ. 31-ի տվյալներով՝ պատերազմին մասնակցել են 68 հայ գեն-ներ, ավիացիայի 1 մարշալ (Ա. Խանփերյանց) և 1 ծովակալ։ Պատերազմի մասնակից հայ սպաներից այնուհետև ևս 93 հոգու շնորհվել է գեներալի, 1955-ին բանակի գեն., Հ. Բաղրամյանին՝ Խորհրդային Միության մարշալի, Հովհաննես Իսակովին՝ նավատորմի ծովակալի, 1975-ին Համազասպ Բաբաջանյանին՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի, 1980-ին Սերգեյ Ագանովիև՝ ինժեներ. զորքերի մարշալի կոչում։

Հետպատերազմյան տարիներին պատերազմի մասնակից ծովային սպաներից փոխծովակալի (վիցեադմիրալ) կոչում է շնորհվել հայորդիներ Վալերիան Սուրաբեկովին, Աշոտ Սարկիսովին, Վլադիմիր Սահակյանին, Միհրան Պետրոսյանին, իսկ դերծովակալի (կոնտրադմիրալ) կոչում՝ Արտավազդ Սակոյանին, Զարմայր Արվանովին, Վլադիմիր Փիրումովին, Լևոն Վարդանյանին, Իվան Գալուստովին։ 1941-45-ին հայ զորավարներից մեկը եղել է ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 6-ը՝ զորակազմի, 28-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, ավելի քան 100-ը՝ գնդի հրամանատար։

1945-ի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած պատմ. Հաղթանակի զորահանդեսին մասնակցել է Կարմիր բանակի առավել աչքի ընկած 40 հազար ներկայացուցիչ, այդ թվում՝ 150 հայորդի։ Նրանց շարքում էր 5 շքանշանի ասպետ, գվարդիայի ավագ լեյտ. Ալեքսանդր Ստեփանյանը։ Նա միակ հայն էր, որ Կարմիր հրապարակում մասնակցել է 7 զորահանդեսի։ Մասնակիցներից էր նաև 18-րդ բանակի քաղբաժնի դասախոս մայոր Անուշավան Արզումանյանը (հետագայում՝ ԽՍՀՄ ԳԱ ակադ., ԽՍՀՄ ԳԱ Համաշխ. տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստ-ի տնօրեն)։

1939-45-ին հայերն արժանի ավանդ են ներդրել նաև պարտիզան․ պայքարում և Դիմադրության շարժման մեջ։ Ուկրաինայում և Բելոռուսիայում մարտնչել են 2 հազար («Հաղթանակ» ու «Միկոյանի անվան» ջոկատները՝ Կովպակի և Նաումովի միավորումների կազմերում), Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Լենինգրադի («Գրմանի անվան ջոկատ») ու Կալինինի մարզերում և Մերձբալթիկայում՝ 200, Ֆրանսիայում՝ 1200 (խորհրդային 1-ին պարտիզան․ գունդ), Հունաստանում՝ ավելի քան 1000 («Ազատություն» ջոկատ), Հոլանդիայում՝ շուրջ 800 հայ պարտիզաններ։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին սփյուռքահայերի ճնշող մեծամասնությունը կողմնորոշվել է դեպի մայր հայրենիք և համախմբվել հակաֆաշիստ. ազգային ճակատի կազմակերպությունների մեջ։ Նրանց հանգանակության շնորհիվ, որը նախաձեռնել է Հայ առաքել․ եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ արք. Գևորգ Չորեքչյանի