ավանդ են ներդրել ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը (1937-53) և Սուրեն Թովմասյանը (1953-60)։ 1958-ին ԽՍՀՄ Կառավարությունը որոշում է ընդունել քիմիական արդ-յան զարգացման մասին։ Հայաստանում շարունակվել է «Փոքր հանրապետություն և մեծ քիմիա» կարգախոսի իրականացումը։ Գործարկվել են Երևանի «Պոլիվինիլացետատ», Ալավերդու սուպերֆոսֆատի գործարանները, Կիրովականի ազոտային պարարտանյութերի արտադրամասը և այլն։
Քիմիական ձեռնարկություններն զգալիորեն նպաստել են ՀԽՍՀ տնտեսության զարգացմանը, սակայն վատթարացրել են բնապահպան. վիճակը, անխնա օգտագործվել է Սևանի ջուրը։ Լճի մակարդակը պահպանելու նպատակով 1961-ին ՀԽՍՀ Կառավարության միջնորդությամբ ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշել է կառուցել 48-կմ-անոց Արփա-Սևան ջրատար թունելը (շահագործման է հանձնվել 1981-ին)։ Թեև 1970-ական թթ-ի կեսերից որոշ չափով կասեցվել է մեծ քիմիայի զարգացումը հանրապետությունում, և այն փոխարինվել է փոքր քիմիայով, սակայն բնապահպան. լարվածությունը չի նվազել։ 1965-ի համեմատությամբ՝ 1985-ին արդյունաբերական արտադրության ծավալն ավելացել է շուրջ 4 անգամ։ Այդ փուլում ժողտնտեսության զարգացման խնդրում մեծ է հանրապետության ղեկավար մարմինների դերը՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարներ Անտոն Քոչինյանի (1966-74) և Կարեն Դեմիրճյանի (1974-88) գլխավորությամբ։
1960-80-ական թթ-ին արդյունաբերական խոշոր համալիրներ են ստեղծվել Չարենցավանում, Աբովյանում, Սևանում, Հրազդանում և այլուր։ Միայն 1960-65-ին շրջաններում կառուցվել են 300-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ կամ արտադրամասեր։ 1969-ին սկսվել է ՀԱԷԿ-ի շին-ը, որի 1-ին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976-ին, 2-րդը՝ 1979-ին։ Ատոմակայանի էլեկտրաէներգիայի միայն 25 %-ն է սպառել Հայաստանը, մնացածն արտահանվել է Ադրբեջան և Վրաստան։
1960-80-ական թթ-ին բարելավվել է հանրապետության ճանապարհատրանսպորտային համակարգը։ Կառուցվել են Սևան-Շորժա-Սոթք, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները, մի շարք ավտոմայրուղիներ, Երևանի մետրոպոլիտենը, մայրաքաղաքի «Զվարթնոց», «Էրեբունի», ինչպես նաև Գյումրիի օդանավակայանները։
Հետպատերազմյան տասնամյակներին աննախադեպ էին նվաճումները բնակարանաշինության բնագավառում։ Մինչև 1980-ը հանրապետությունում կառուցվել է 36 մլն մ² բնակմակերես։ Նշանակալի էր գյուղ․ շին-ը. հողաշեն տնակները փոխարինվել են քարաշեն, հարմարավետ մենատներով։
1980-ական թթ-ի վերջին հանրապետությունում գործել են 700 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց թվում էին միութ. նշանակության «Նաիրիտ» հզոր գործարանը, Ալավերդու պղնձաձուլ. կոմբինատը և այլն։ Աշխատանքով ապահովվել են 1,3 մլն բանվոր-ծառայողներ, բազմապատկվել է արդյունաբերական արտադրանքի ծավալը։ ՀԽՍՀ գյուղատնտեսությանը բնորոշ էր տնտեսության վարման էքստենսիվ (ծավալաճային) եղանակը, իսկ գյուղում գերիշխողը սակավ արդյունավետ ձեռքի աշխատանքն էր։
1948-ին հանրապետության գյուղերի միայն 31 %-ն է օգտվել էլեկտրականությունից։ Կառավարության որոշմամբ խրախուսվել է փոքր ջրէկների շին-ը։ Արդեն 1950-ին Հայաստանում գործել են 50-ից ավելի գյուղ․ ջրէկներ, որոնց շնորհիվ կոլտնտեսությունների էլեկտրիֆիկացումը հասել է 68 %-ի։ Գյուղատնտեսության մեքենայացման նպատակով ստեղծվել են մեքենատրակտորային կայաններ (ՄՏԿ)։
Հետպատերազմյան շրջանում ավարտվել է Ստորին Հրազդանի ջրանցքի առաջին հերթի շին-ը։ Սկսել են գործել Կոտայքի, Թալինի, Սպիտակի, Գառնիի և այլ ջրանցքներ։ Բազմաթիվ ջրհան կայաններ ու արտեզյան հորեր են կառուցվել Արարատյան դաշտում։ 1947-65-ին ոռոգելի հողատարածություններն ավելացել են 48 հազար հա-ով, յուրացվել է մոտ 16 հազար հա ճահճուտ։ Սակայն շեշտը դնելով ցանքատարածությունների ավելացման վրա՝ անհրաժեշտ աշխատանքներ չեն կատարվել բերքատվության բարձրացման ուղղությամբ։ Տարեցտարի նվազել է այգեգործության, տեխ. մշակաբույսերի բերքատվությունը, կրճատվել է անասունների գլխաքանակը, պակասել մթերատվությունը։
Հանրապետության գյուղատնտեսությանը մեծապես վնասել է նաև սեփական