Այս էջը հաստատված է

օբյեկտների ու բեռների, ուղղիչ աշխատանքային հիմնարկների պահպանությունը, անհրաժեշտության դեպքում ՀՀ պաշտպանությանը մասնակցելը և այլն։

Կազմավորված ստորաբաժանումներն Արցախյան ազատագր. պատերազմի տարիներին գործուն մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ շրջանների ինքնապաշտպան. մարտերին։ Հատուկ գնդի 1-ին վաշտի հրամանատար Ջիվան Աբրահամյանին հետմահու (1996-ին) շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում։ (Տես նաև Հավելված 1-6

ՆԳ մարմինները 1990-ական թթ-ին վճռական քայլեր են ձեռնարկել երկրի ներսում տարերայնորեն ձևավորված անկանոն զինված խմբերը կազմացրելու ուղղությամբ, որոնք հանրապետությունում ստեղծել էին լարված իրավիճակ, խթանել քրեական տարրերի աշխուժացումը։

2005-ին ընդունվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքը և պետավտոտեսչությունը վերակառուցվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության, որն ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունը, նախականխում, կանխում ու խափանում է ճանապարհային հանցագործությունները և ճանապարհներին օգնություն ցույց տալիս ֆիզիկական և իրավաբ. անձանց՝ իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կազմակերպում, իրականացնում և վերահսկում է ՀՀ անձնագրային համակարգի գործունեությունը, հսկողություն է իրականացնում ՀՀ տարածք մուտք գործելու, ՀՀ տարածքում գտնվելու, ՀՀ տարածքից դուրս գալու, ինչպես նաև ՀՀ-ում տարանցիկ գտնվելու կամ երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ, իրականացնում է ՀՀ-ում բնակվող անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի հաշվառում, օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է բնակչության պետական ռեգիստրը, ըստ մարզերի և համայնքների՝ կազմում և վարում է ՀՀ ընտրողների ռեգիստրը, ՀՀ նախագահին է ներկայացնում ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթեր և այլն։

ՀՀ ոստիկանությունը 1992-ից անդամակցում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը (Ինտերպոլ, հիմն.՝ 1956), 1993-ին ստեղծել է ազգային կենտրոնական բյուրո, համագործակցում է ԱՊՀ և արտասահմ. այլ երկրների իրավապահ կառույցների հետ։

ԱՊՀ-ի շրջանակներում ՆԳՆ-ների հետ առաջին համաձայնագիրը կնքվել է 1992-ի ապրիլին՝ Ալմա Աթայում. 1993-ին կնքվել է ԱՊՀ երկրների ՆԳՆ-ների միջև օպերատիվ ծառայող գործունեության տեխ-քրեագիտ․ ապահովման համաձայնագիր։

Ծավալուն համագործակցություն է սկսվել ՌԴ ՆԳՆ-ի հետ։ 2000-ին ստեղծվել է 2 պետությունների ՆԳՆ-ների միավորված կոլեգիա՝ առավել մանրակրկիտ ու խորացված դիտարկելու հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ համագործակցության կազմակերպման հիմնախնդիրները, սահմանելու երկկողմ փոխգործակցության զարգացման գերակա ուղղությունները, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկելու 2 պետություններում հանցավորությանը համատեղ դիմակայելու համար։

Հանցավորության դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ն միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների, կնքել միջպետական և միջկառավարական բազմաթիվ համաձայնագրեր, ՀՀ ոստիկանությունը՝ մի քանի տասնյակի հասնող բազմակողմ պայմանագրեր։

Ոստիկանության կրթահամալիրը

ՀՀ-ում ոստիկանության կադրեր պատրաստում է Ոստիկանության կրթահամալիրը, որը ներառում է ՀՀ Ոստիկանության ակադեմիան և Ոստիկանության ուսումն. կենտրոնը։

ՀՀ Ոստիկանության ակադեմիա, բարձրգույն կրթությամբ ոստիկանության կադրային մասնագետներ և գիտամանկավարժ. կադրեր պատրաստող միակ ուսումնական հաստատությունն է ՀՀ-ում։ Ստեղծվել է 2003-ին՝ 1991-ին ստեղծված Միլիցիայի բարձրագույն դպրոցի (հետագայում՝ ՆԳՆ բարձրագույն դպրոց, 2000-ին՝ ՆԳՆ ակադ.)