Այս էջը հաստատված է

դաշինքը, որն էլ ուղղորդել է նախընտրական պայքարը։ Ընտրություններում հաղթել է «Միասնություն» դաշինքը։ ԱԺ-ում մանդատներ են ստացել նաև ՀԿԿ, ՀՅԴ, ԱԺՄ, «Օրինաց երկիր» կուս-ները, «Իրավունք և Միաբանություն» դաշինքը։

ԱԺ-ի նախագահ է ընտրվել Կ. Դեմիրճյանը, վարչապետ է նշանակվել Վ. Սարգսյանը։ Վերջինիս հետևողականությունն ու պահանջկոտությունը հույս են ներշնչել, որ երկիրը դուրս է բերվելու սոցիալ-տնտեսական և բարոյաքաղաքական ծանր վիճակից։ Սակայն 1999-ի հոկտ. 27-ին ահաբեկիչների մի խումբ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մտել է խորհրդարան և հրազենով «գլխատել» օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարությանը, այդ թվում՝ Կ. Դեմիրճյանին և Վ. Սարգսյանին։ (Տես նաև Հավելված 1-3)։

Ահաբեկչությունը սրել է հանրապետության ներքաղաքական կացությունը։ Դիմակայության մեջ են ընդգրկվել հանրապետության նախագահն ու նրա շրջապատը և Կառավարության անդամների ու բարձրաստիճան զինվորականության մի մասը՝ «Երկրապահ» կամավորականների միությունը։ Վերջիններս պահանջել են նախագահի հրաժարականը՝ առաջ քաշելով տարբեր մեղադրանքներ, այդ թվում՝ հոկտ. 27-ի դատավարությունը խոչընդոտելու մեղադրանքը։ Նախագահին ընդդիմադիրների թվում էր նորանշանակ վարչապետ Արամ Սարգսյանը (Վ. Սարգսյանի եղբայրը)։ 2000-ի մայիսին վերջինիս ՀՀ նախագահն ազատել է պաշտոնից և վարչապետ է նշանակել ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանին, որի շնորհիվ հաջողվել է մեղմել ներքաղաքական առճակատումը։

2001-ին ողջ հայությունը նշել է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը։ Կազմակերպվել են ուխտագնացություններ հայկական, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի սրբավայրեր, կատարվել հավաքական մկրտություններ։ Հոբելյան․ միջոցառումների շրջանակներում հրատարակվել է նաև «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանը։ Նույն տարվա սեպտ. 23-ին աշխարհի խոշորագույն եկեղեցիների բարձրաստիճան հոգևոր հայրերի մասնակցությամբ բացվել է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին (ճարտ.՝ Ստեփան Քյուրքչյան)։

Նախագահ. 4-րդ ընտրություններին՝ 2003-ի փետր. 19-ին, առաջադրվել է 9 թեկնածու։ 2-րդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Ռ. Քոչարյանը՝ 49,8 %-ով և ընդդիմության միացյալ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը՝ 28,22 %-ով։ Ձայների 67,48 %-ով նախագահ է վերընտրվել Ռ. Քոչարյանը։ Ընդդիմությունը մայրաքաղաքում կազմակերպել է հանրահավաքներ, վիճարկել քվեարկության արդյունքները, դիմել Սահմանադրական դատարան։ Վերջինս մատնանշել է առանձին տեղամասերում կատարված ընտրախախտումները և արձանագրել. «Ոչ հավաստի համարելով քառասուն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները՝ միաժամանակ անփոփոխ թողնել ՀՀ ԿԸՀ 2003 թ. մարտի 11-ի որոշումը, որով ՀՀ նախագահ է ընտրվում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը»։ Որոշման 6-րդ կետով Սահմանադրական դատարանն առաջարկել է «գալիք Ազգային ժողովին մեկ տարվա ընթացքում փոփոխություններ մտցնել «Հանրաքվեի մասին» օրենքում և ըստ այդ փոփոխությունների նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը», որը, սակայն, չի իրականացվել։

2002-ին ընդունվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են երկրում կուս-ների ստեղծման և գործունեության պայմանները։

Օրենքով՝ կուս-ների կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումն ու գործունեությունն արգելվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ՀՀ ԶՈՒ-ում, իրավապահ մարմիններում, նախադպրոց., դպրոց․ և այլ ուսումնական հաստատություններում (հոդված 5)։ Արգելվել է այն կուս-ների ստեղծումն ու գործունեությունը, որոնց նպատակները կամ գործունեությունն ուղղված են ՀՀ սահմանադրական կարգի և տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը, զինված կազմավորումների ստեղծմանը, ազգային, ռասայական, կրոն․ ատելության բորբոքմանը, բռնություն և պատերազմ քարոզելուն։

2003-ի մայիսի 25-ին տեղի են ունեցել ազգային ժողովի հերթական ընտրությունները. կուս-ներից և ոչ մեկը չի կարողացել խորհրդարանում դառնալ բացարձակ մեծամասնություն և ձևավորել կառավարություն։ Առավել շատ ձայներ ստացած 3