Այս էջը հաստատված է

հիմքի վրա։ 2011-ից ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կազմում է։

Ակադ-ն ունի 4՝ իրավաբանության, ոստիկանության զորքերի հրամանատար, հեռակա ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ֆակ-ներ, ասպիրանտուրա։ Վերապատրաստման և որակավորման ֆակ-ում յուրաքանչյուր 5 տարին մեկ անցկացվում են ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստման դասընթացներ։

Համագործակցում է ԱՊՀ-ի և եվրոպ. մի շարք երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի համապատասխան ուսումնական հաստատությունների հետ, կազմակերպում միջազգային գիտաժողովներ, սեմինար պարապմունքներ և այլն։

Ակադ-ի պետեր են եղել ներքին ծառայության գնդապետ Ռաֆայել Ասլանյանը (1991-92), միլիցիայի գնդապետ Սերգեյ Մկրտչյանը (1992-93), միլիցիայի գնդապետ Աշոտ Գրիգորյանը (1993-94), ոստիկանության գնդապետ Վարուժան Մելքոնյանը (1994-95), միլիցիայի փոխգնդապետ Արա Օսկանյանը (1995-97), Աշոտ Գնդոյանը (1997-2009), 2009-ից ոստիկանության գեն-լեյտ. Հովհաննես Վարյանն է։

ՀՀ Ոստիկանության ուսումնական կենտրոն. կենտր. ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանում է, որն իրականացնում է ոստիկանության միջին ու կրտսեր խմբերի պաշտոնյաների վերապատրաստման (որակավորման) դասընթացներ, կազմակերպում ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների (թեկնածուների) եռամսյա ուս. փորձաշրջանը։

ՀՀ ոստիկանության գործունեությունն սկսվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-20) հռչակումով, շարունակվել խորհրդային շրջանում (1920-91) և անկախության տարիներին։

1918-20-ին ՆԳՆ-ն ուներ նահանգային և գավառային կոմիսարիատներ։ Երևանում գործել է Քաղաքային միլիցիայի վարչությունը, գյուղ. համայնքներում՝ կոմիսարների ինստ-ը։ ՆԳՆ-ն, իր հիմն. գործառույթներն իրականացնելուց բացի, ղեկավարել է նաև կապի և հաղորդակցության ոլորտը, Երկթղ. և դպրոց. համակարգերը, որոնք հետագայում տարանջատվել են ՆԳՆ-ից։

1920-ի ապրիլի 21-ին ընդունված «Միլիցիայի ժամանակավոր օրենքով» ամրագրվել է գավառային և քաղաքային միլիցիայի կազմը, սահմանվել է միլիցիայի տնօրինությանը ենթակա խնդիրների շրջանակը։

Հայաստանի առաջին հանրապետության ՆԳ նախարար է եղել Արամ Մանուկյանը։

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց (1920-ի դեկտ. 2) հետո ՆԳՆ-ն վերանվանվել է ՆԳ ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ), որն ունեցել է Արտակարգ հանձնաժողով կոչված ստորաբաժանում (ռուս. հապավումը՝ ՉԿ՝ չեկա), որի հիմն. նպատակը պայքարն էր պրոլետարիատի և հեղափոխության հակառակորդների դեմ։ Հայհեղկոմի որոշմամբ (1920-ի դեկտ. 12)՝ ՆԳԺԿ-ի կազմում ստեղծվել է միլիցիան, իսկ դեկտ. 15-ին՝ միլիցիայի առաջին ջոկատները։ 1929-34-ին ՆԳԺԿ-ն վերակազմավորվել է պետքաղվարչության, որի գործունեության հիմն. թիրախը եղել է կուլակությունը՝ որպես դասակարգ, վերացնելու քաղաքականությունը։

1927-37-ը ամրապնդվող բռնապետության ու զանգվածային քաղաքական հետապնդումների և խուզարկությունների ժամանակաշրջան էր. միլիցիան լծված էր «անհուսալի տարրերի» հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքին, որին հաջորդում էին աքսորն ու մահապատիժը։ Ուշագրավ է, որ 13 ժողկոմից 10-ը նույնպես բռնադատվել և զոհ են գնացել այդ համակարգին։

Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին ՆԳ ժողկոմատի ղեկավարությամբ կազմավորվել են գումարտակներ, միլիցիայի հատուկ ջոկատներ և ուղարկվել ռազմաճակատ։

1950-ական թթ. սկզբներին ՆԳԺԿ-ն առանձնացել է պետանվտանգության ժողկոմատից՝ որպես ՆԳՆ, որի գործունեության գերխնդիրը դարձել է երկրում օրենքի և օրինականության ապահովումը (1962-68-ին կոչվել է հասարակական կարգի պահպանության նախարարություն)։ ՆԳՆ-ն, ՀԽՍՀ Նախարարների խորհրդից բացի, ենթարկվել է նաև ԽՍՀՄ ՆԳՆ-ին։ 1964-ին կազմավորվել է ԽՍՀՄ ՆԳ ներքին զորքերի Հայաստանի գունդը, 1965-ին՝ ՆԳՆ շտաբը, 1966-ին բացվել է Միլիցիայի Երևանի հատուկ դպրոցը, որը 1986-ին վերածվել է բարձրագույն դասընթացների, 1990-91-ին՝ ԽՍՀՄ ՆԳՆ իրավաբ. բարձրագույն հեռակա դպրոցի։


ՄԱՆՈՒԿՅԱՆ Արամ (Հովհաննիսյան Սարգիս), Արամ փաշա (1879-1919), Հայաստանի առաջին հանրապետության ՆԳ նախարարը՝ 1918-19-ին։ ՀՅԴ կուս-յան անդամ։ 1904-08-ին գործել է Վանում, ապա՝ Օրդու քաղաքում, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում, 1910-ին վերադարձել է Վան։ Կազմակերպել է և ղեկավարել 1915-ի (ապրիլ-մայիս) Վանի հերոսամարտը, որից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր)։ Ռուս. զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթն Արևելյան Հայաստան։ 1916-17-ին աշխատել է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում և, որպես խորհրդի լիազոր ներկայացուցիչ, տեղափոխվել է Երևան, 1918-ին Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը։ ՀՀ հռչակումից (1918-ի մայիսի 28) հետո ղեկավարել է երկիրը՝ մինչև հուլիսի 23-ին Թիֆլիսից Երևան է փոխադրվել Հայաստանի Կառավարությունը։

Արամ Մանուկյանի անունով փողոցներ են կոչվել Երևանում և ՀՀ այլ բնակավայրերում։ ՀՀ ոստիկանության շենքի առջև 2009-ին կանգնեցվել է նրա կիսանդրին։