Այս էջը հաստատված է

խաչը»։ 1926-30-ին այն հսկայական միջոցներ է տրամադրել նաև Հունաստանում ապաստանած հազարավոր հայ որբերի կրթադաստիարակչական գործը կազմակերպելու համար։ Գումարներ է հանգանակել Շիրակի երկրաշարժից (1926), Երևանի ջրհեղեղից (1946) տուժածներին, նաև եվրոպ. համալսարաններում սովորող չունևոր հայ ուսանողներին օգնելու համար։ 1926-ին «Հայ Կարմիր խաչի» Սիրիայի մասնաճյուղերի հետ ձեռնարկել է արաբ․ անապատներում ապաստանած հայ որբերին փրկելու առաքելությունը՝ «Մեկ որբ՝ մեկ ոսկի» նշանաբանով։ 1928-29-ին գումար է հատկացրել Հալեպի չափահաս որբերի միությանը՝ արհեստանոց-որբանոցի շենքի շին-ն ավարտելու համար։ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բացել է մեկօրյա դպրոցներ, սան-սանուհիների և արծվիկների խմբեր, որոնք 1930-ական թթ-ի կեսին դարձել են Գարեգին Նժդեհի հիմնած Ցեղակրոն շարժման կորիզը։

1939-ին լույս է տեսել միության «Հայ սիրտ» պաշտոնաթերթը։

«Հայ Կարմիր խաչը» 1946-ին վերանվանվել է «Հայ օգնության միության» (ՀՕՄ) և գործունեություն է ծավալել նաև Հայաստանում։


Բարեգործություն, բարերարներ և բարեգործական կազմակերպություններ

Բարեգործությունը ֆիզիկական ու իրավաբ. անձանց կողմից մարդկանց կամ հանրությանը և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր․ անշահախնդիր, օրենքով չարգելված նյութ․ և հոգևոր օգնության տրամադրումն է («Բարեգործության մասին» ՀՀ օրենք, 2002)։

Հին շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր կերպ և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն։

Բարեգործությունը հայ իրականության մեջ վաղ ավանդույթներ ունի։ Դեռևս սկզբնավորման ակունքներից՝ IV-V դդ-ում, բարեգործ․ ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքել․ եկեղեցին՝ նպաստելով երկրում քրիստոնեության ամրապնդմանը։ Հոգևոր-կրթական և բարեգործ․ ընդգրկուն գործունեությամբ հայտնի է Ներսես Մեծ կաթողիկոսը (329-373), որը եկեղեցիներին կից բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ և բարեխնամ այլ հաստատություններ։

Իրենց բարեգործություններով աչքի են ընկել նաև Հայոց թագավորներ, թագուհիներ, իշխաններ։ Աշոտ Գ արքան (953-977) հիմնել է վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, դրանց հատկացրել որոշ եկամուտներ, հատուկ հոգատարություն է ցուցաբերել աղքատներին, կույրերին, անդամալույծներին, որի համար էլ ստացել է Ողորմած պատվանունը։ Տարբեր ժամանակներում բարեգործությամբ աչքի են ընկել առանձին հայ մեծահարուստներ, որոնց նյութ․ օժանդակությամբ հիմնադրվել են դպրոցներ, մատենադարաններ, աղքատանոցներ։ Գաղթավայրերում նրանք մշտապես զբաղվել են հայկական համայնքի տնտեսական, կրթամշակութային հարցերով, սատարել Արևմտյան Հայաստանից, Թուրքիայի տարբեր վայրերից գաղթած հայ տարագիրներին, միջոցներ տրամադրել հայերեն պարբ-ների և գրքերի հրատարակման համար, հովանավորել հայ մատենագիրների երկերի թարգմանությունները, ուսանողների համար սահմանել կրթաթոշակ և այլն։

XVIII-XIX դդ-ում ժառանգ․ ազնվականներ Լազարյանների (Ռուսաստան) նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվել են հայկական եկեղեցիներ Մոսկվայում (Սբ Խաչ, «Վագանկովո» գերեզմանատան Սբ Հարություն), Ս. Պետերբուրգում (Սբ Կատարինե) և այլ քաղաքներում, 1815-ին Մոսկվայում բացվել է հայագիտական և արևելագիտական կենտրոն Լազարյան ճեմարանը, Թիֆլիսում, Նոր Նախիջևանում և այլուր հիմնադրվել են դպրոցներ, հրատարակվել հայերեն գրքեր ու գիտական աշխատություններ։

XVIII դ-ի վերջերին և XIX դ-ի սկզբներին իր բարեգործ. ծրագրերով հայտնի էր ռուսահպատակ վաճառական Նիկողայոս Աղաբաբյանը (1754-1811)։ Ի թիվս այլ բարեգործությունների՝ նա Ռուսաստանի իշխանություններից թույլտվություն է ստացել Աստրախանում բացելու հայկական դպրոց և 50 հազար ռուբլի է հատկացրել կրթօջախի (1810, Աղաբաբյան դպրոց) շին-յան համար։

Հայ ժողովրդի նվիրյալ բարեգործներից էին եգիպտահայ պետական, քաղաքական գործիչներ Նուբար փաշան (1825-1899) և նրա որդի Պողոս փաշա Նուբարը (1851-1930)։ Վերջինս, ի թիվս այլ ձեռնարկումների, 1906-ին եգիպտահայ մի խումբ գործիչների հետ հիմնադրել է Հայկական բարեգործ․ ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ֆինանսավորել հայրենադարձող հայերի համար Երևանի մերձակա ավանի (այժմ՝ Երևանի շրջագծում) կառուցումը, որը, ի պատիվ նրա, կոչվել է Նուբարաշեն։

ՀԲԸՄ-ի գործունեությանը մեծ նպաստ է բերել նաև մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955). միության նախագահ՝ 1930-35-ին։

Եգիպտահայ մեծահարուստ եղբայրներ Կարապետ և Գրիգոր Մելգոնյանները 1925-ին 6 մլն անգլ. ոսկի են կտակել ՀԲԸՄ-ին, որով Նիկոզիայում բացվել է Մելգոնյան կրթական հաստատությունը, Երևանում հիմնվել է «Մելգոնյան ֆոնդ» հրատարակչությունը և այլն։

Բարեգործ․ նպատակներով հսկայական գումարներ է հատկացրել XIX դ-ի վերջի և XX դ-ի սկզբի խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը (1842-1911)։ Նրա միջոցներով Թիֆլիսում հիմնադրվել է «Մանթաշյան առևտրական դպրոցը», կառուցվել են եկեղեցիներ, Ներսիսյան դպրոցի նոր շենքը և բազմաթիվ այլ շինություններ Թիֆլիսում ու Բաքվում, նորոգվել է Սբ Էջմիածնի Մայր տաճարը և այլն։ Նրա հովանավորությամբ