1921-ին Նյու Յորքում և կոչել իրենց վաղամեռիկ որդու՝ Հովարդի անունով։ Հաստատության բարեսիր. գործունեությունն իրականացվել է նախ Կ. Պոլսում, ապա՝ Ֆրանսիայում և այլուր։ Նպատակը մինչև 14 տարեկան հայ պատանիների ֆիզիկական, բարոյական ու հոգեկան վիճակը բարելավելն է։ Ունի ընկերաբժշկ. կենտրոն (7 դարմանատնով) Բեյրութի Բուրջ Համուդի Նոր Մարաշ թաղամասում և մի մանկաբուժ. դարմանատուն՝ Այնճարում։ Հետևում է Լիբանանի հայկական դպրոցների աշակերտների առողջությանը, թերավարտ հայ երիտասարդների, կանանց և մայրերի համար կազմակերպում լեզվի, կարի, նկարչության, ծաղկաշինության (արհեստ․ ծաղիկների պատրաստում), մեքենագրության, առաջին օգնության և այլ կանոնավոր դասընթացներ։ Մասնակցել է Բեյրութի Ֆանար և Ռաուդա արվարձաններում հայերի համար բնակարանների կառուցման աշխատանքներին։
Հաստատությունը 1992-ին հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է նաև Հայաստանում։ 1993-ից Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Գորիսում և Վանաձորում բացել է ատամնաբուժարաններ ու ակնաբուժարաններ։ Մեծ օգնություն է ցուցաբերել Նոր Խարբերդի, Գյումրիի, Երևանի «Նորք» մանկատներին, Գորիսի գիշերօթիկ դպրոցին և այլն։
Գալուստ Գյուլբենկյան հիմնարկություն (ԳԳՀ). հիմնադրվել է 1956-ին Լիսաբոնում՝ հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Գյուլբենկյանի (1869-1955) կտակի (1953) համաձայն։ Հիմնարկության նպատակը գիտության, կրթության, առողջապ-յան և արվ-ի զարգացմանն աջակցելն է։
Կտակում նշված է միայն Սբ Էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար 450 հազար դոլարի հատկացման մասին։ Սակայն կտակարար մարմնի անդամ Գևորգ Եսայանի՝ Գալուստ Գյուլբենկյանի դստեր ամուսնու ջանքերով հետագայում հիմնարկությունում բացվել է նոր՝ Հայկական համայնքների բաժանմունքը (1984-2011-ին տնօրեն՝ Զավեն Եկավյան, 2012-ից՝ Աստղիկ Չամքերթեն)։ Բաժանմունքի տարեկան բյուջեն շուրջ 3,5 մլն դոլար է, որը կանոնավորապես բաշխվում է Սփյուռքի և Հայաստանի (1984-ից) գիտական, առողջապահական, կրթական և մշակութային կազմակերպություններին։ 1988-ին բյուջեից 1 մլն դոլարի լրացուցիչ օգնություն է հատկացվել երկրաշարժից տուժած շրջաններին։
ԳԳՀ-ի միջոցների գերակշիռ մասը տրամադրվում է Պորտուգալիայում և այլ երկրներում մարդասիր. բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար։ Ներկայումս միջոցներ է հատկացնում նաև գրահրատարակչական նպատակներով (400 հազար դոլար), որոնք իրականացվում են Երևանում, Անթիլիասում, Հալեպում, Ստամբուլում, Փարիզում և այլուր։
Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ). Հայաստանյայց առաքել․ եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի բարեգործ․ կազմակերպությունն է։ Ստեղծվել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Նյու Յորքում։ ՀՕՖ-ի գործունեությունը համակարգում է տնօրենների խորհուրդը։ Առաջին խոշոր ձեռնարկումը Ստեփանավանի «Սուրբ Վարդան» բնակելի թաղամասի կառուցապատումն էր։ Կազմակերպությունը նպաստել է հանրապետության նախադպրոց․ համակարգի՝ մսուր-մանկապարտեզների պահպանմանը, գիշերօթիկ դպրոցների, մանկատների և ծերանոցների բնականոն կենսագործունեությանը։ 1996-ին՝ Գյումրիում, 1997-ին Ստեփանակերտում բացվել են ՀՕՖ-ի ներկայացուցչությունները։ Իրականացվել են դպրոցաշին. ծրագրեր, հիմնովին նորոգվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, նորոգվել և գործարկվել է թափառաշրջիկ ու մուրացիկ երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի մասնաշենքը Երևանի Զեյթուն վարչական շրջանում և այլն։
ՀՕՖ-ը նպաստում է նաև ՀՀ-ում գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապ-յան և մշակույթի զարգացմանը։ Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն ավելի քան 200 մլն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀՀ). ստեղծվել է 1992-ին՝ աշխարհասփյուռ հայ բարերարների ներդրումներով։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահն է։ Ներկայումս (2012) ՀՀՀ-ն ունի 22 տեղական մարմիններ, որոնք գործում են աշխարհի 19 երկրում՝ ԱՄՆ-ում (Լոս Անջելես և Նյու Յորք), Կանադայում (Տորոնտո և Մոնրեալ), Ֆրանսիայում, Արգենտինայում (Բուենոս Այրես և Կորդոբա), Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հունաստանում, Կիպրոսում, Սիրիայում, Ուրուգվայում, Ռումինիայում և ՌԴ-ում։
Հիմնադրամի ռազմավար․ ծրագրերն ընդգրկում են Հայաստանում և Արցախում առկա հրատապ խնդիրները, որոնց լուծումն իրապես պահանջում է համահայկական մասնակցություն։ Խոշորածավալ այս ծրագրերի հետ