Այս էջը հաստատված է

1828-ին, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ Այդ նույն ժամանակ Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Արևելյան Հայաստան ու հարակից շրջաններ։

Արևելյան Հայաստանում 1-ին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան 1-ին մարդահամարի շրջանակներում՝ 1897-ին, ըստ որի՝ Արլ. Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1913) Արևելյան Հայաստանի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918-ին Արևմտյան Հայաստանից և Այսրկովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստան է տեղափոխվել մոտ 302 հազար հայ, որի արդյունքում բնակչության ընդհանուր թիվը հասել է 1,4 մլն-ի։ Սակայն թուրք-հայկական պատերազմի (28.09-18.12.1920), սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920-ին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։ 1 մլն-ն վերականգնվել է միայն 1930-ին։

Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում: 1920-91-ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, Ղարաբայան պատերազմի (1991-94), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-94-ին։

Ըստ 2011-ի մարդահամարի՝ ՀՀ մշտ. բնակչությունը 3,213 մլն էր։

Հանրապետության բնակչության թիվն իր ամենաբարձր ցուցանիշին հասել է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ բնակչությունը 1920-2010-ի ընթացքում ավելացել է 4,5, քաղաքային բնակչությունը՝ 17,1, իսկ գյուղ, բնակչությունը՝ 1,95 անգամ։

1990-2009-ին գումարային բնական հավելաճը կազմել է 423 հազար մարդ (12 %)։ 2010-ին մշտ. բնակչության 34,4 %-ն ապրել է Երևանում, ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից յուրաքանչյուրում՝ մշտ. բնակչության 8,6-8,7-ական %-ը, Գեղարքունիքի մարզում՝ 7,4 %-ը, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝ 4,1-4,7-ական %-ը, իսկ 1,7 %-ը՝ Վայոց ձորի մարզում։