Այս էջը հաստատված է

օրենքի ընդունումը (1990), որով Հայաստանի տարածքում բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվել է պետական սեփականություն։ Դրան հաջորդել է գյուղատնտեսության և արդ-յան ոլորտի ձեռնարկությունների ապապետականացումը (1992). նույն թվականին մասնավորեցվել են 500, 1994-95-ին՝ 800 արդյունաբերական ձեռնարկություններ, և ստեղծվել է նոր շուկայական ենթակառուցվածք։

Սակայն մասնավորեցումն իրականացվել է հապճեպ ու հախուռն և հանգեցրել է գործող համակարգի արմատական փլուզմանը, մյուս կողմից՝ ձեռնարկությունների հետագա շահագործման ռազմավարության բացակայության պայմաններում դրանց մեծ մասը դադարել է գործելուց, հազարավոր բանվորներ ու մասնագետներ դարձել են գործազուրկ, չեն արդարացել մասնավորեցումից ակնկալվող պետբյուջեի մուտքերը, և պետության իրական դրամ․ եկամուտները սպասվածից քիչ են եղել ավելի քան 10 անգամ։

Չի մշակվել նաև սեփականատիրոջ կողմից սեփականության պահպանության պետական ծրագիր, և ընդհանուր բարձիթողի վիճակում թանկարժեք սարքավորումների մեծ մասը մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվել է Թուրքիայում և Իրանում։

Անկախության առաջին տարիների տնտեսական անկման հիմնական պատճառներից մեկը էներգետիկ․ ճգնաժամն էր։ 1992-93-ին կենցաղային կարիքների համար բնակչությանն էլեկտրաէներգիա տրվել է օրական 2-3 ժ։ Այդ տարիները մարդկանց հիշողության մեջ մնացել են որպես «ցրտի և մթի տարիներ»։

Հանրապետության էներգետիկ․ ճգնաժամի հաղթահարման իրական հնարավորությունը ՀԱԷԿ-ի վերագործարկումն էր, որի աշխատանքը դադարեցվել էր 1989-ին՝ բնապահպան. նկատառումներով։

1996-ին վերագործարկվել է ՀԱԷԿ-ը (ՌԴ մասնագետների տեխնիկատնտեսական օժանդակությամբ), որի շնորհիվ զգալիորեն բարելավվել է երկրի էներգետիկ․ վիճակը, իսկ 2000-ին արդեն կրճատվել է էներգակիրների ներմուծումն արտասահմանից։

Բնակչությանը պարենով ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ 1991-ին, ԽՍՀՄ հանրապետությունների թվում առաջինը, Հայաստանում մասնավորեցվել է հողը։ 1991-ին ընդունված օրենքով՝ լուծարվել են 865 կոլեկտիվ ու պետական տնտեսություններ, որոնք արտադրում էին հանրապետության գյուղատնտեսական արտադրանքի 80 %-ը։ Դրանց փոխարեն ձևավորվել են 320 հազարից ավելի անհատ․ տնտեսություններ, որոնց էլ փոխանցվել է ամբողջ վարելահողերի 66 %-ը, անասնագլխաքանակի՝ 80 %-ը։ Բայց գյուղացին զրկվել է գյուղտեխնիկայից, դժվարացել է դրանից օգտվելու հնարավորությունը, որի պատճառով նրանց որոշ մասը նույնիսկ հրաժարվել է իրեն հատկացված հողերից։ Սակավահող Հայաստանում հողերի զգալի մասը՝ 60 հզ. հա (1998), չի մշակվել։

Շուկայական հարաբերությունների անցման առաջին քայլերից մեկը գների ազատականացումն էր, որի հետևանքով 1 տարվա ընթացքում (1992-ի վերջին) սպառող. ապրանքների գները բարձրացել են շուրջ 13 անգամ, կտրուկ նվազել է բնակչության կենսամակարդակը։

Երկրում տնտեսական դրական տեղաշարժեր նկատվել են միայն 1994-ից, երբ առաջին անգամ գրանցվել է ՀՆԱ-ի աճ (5 %)։

1995-ին շահագործման են հանձնվել Հերհերի և Երևանի ջրանցքները, 1998-ին ավարտվել է Գորիս-Շուշի ավտոմայրուղու շին-ը, 1999-ին վերականգնվել են Արզնի-Շամիրամ, Կոտայքի, Արտաշատի, Հրազդանի և այլ ջրանցքներ, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ներտնտեսային ոռոգման ցանցերը։

2005-ից Հայաստանի տնտեսությունն արձանագրել է շարունակական աճ։ Համաշխ. բանկի և մի շարք այլ կազմակերպությունների ու «Եվրոմանի» ամսագրի հրապարակած գնահատականների համաձայն՝ ՀՀ-ն 1995-2010-ին զգալի առաջընթաց է ապահովել տնտեսության մի շարք ոլորտներում (դրամավարկային, հարկաբյուջետային, պետական պարտքի սպասարկման, արտաքին առևտրի, գործարար միջավայր և գործարարությամբ զբաղվելու դյուրինություն և այլն)։

Այդուհանդերձ, Հայաստանը դեռևս բազմաթիվ հիմնախնդիրներ ունի տնտեսության բազմազանեցման, մեծ ավելացված արժեք պարունակող ապրանքների և ծառայությունների արտահանման հնարավորությունների ընդլայնման, բարձրարտադրող. ու նորարարական (ինովացիոն) օտարերկրյա ներդրումների ներգրավման, ֆինանս․ շուկաների