Այս էջը հաստատված է
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է տնտեսության նորացմանը և տնտեսվարման նորարարական (ինովացիոն) եղանակների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու բնակչության կենսամակարդակը, կրճատելու աղքատությունը և պատշաճ տեղ գրավելու համաշխ. տնտեսության մեջ։

Նախատեսվում է առաջնահերթության կարգով խրախուսել ու զարգացնել մրցունակ արտադրությունները, որոնք հիմնված են առավելապես ներքին պաշարների վրա, աջակցել այն ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), որոնք ապահովում են տնտեսական կայունություն՝ թողարկելով միջազգային շուկայում մրցունակ արտադրատեսակներ, նպաստում են ներքին և արտաքին կոոպերացիայի զարգացմանը, արտաքին ներդրումների ներգրավմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Հանքարդյունաբերություն

ՀՀ-ն զբաղեցնում է Այսրկովկասի տարածքի ընդամենը 16 %-ը, սակայն իր բարդ երկրբ. կառուցվածքի շնորհիվ ունի օգտակար հանածոների հարուստ պաշարներ։ ՀՀ տարածքում հայտնաբերվել են մետաղների ավելի քան 38 և պինդ հանածոների 70 տեսակներ, ինչպես նաև քաղցրահամ, հանք․ և տաք ջրերի երևակումներ ու հանքավայրեր։ Սակայն Պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված են հետազոտված և նախապես գնահատված 264 միայն 18 տեսակի մետաղների և 47 տեսակի ոչ հանք․ հանածոների, ինչպես նաև քաղցրահամ ու հանք․ ջրերի պաշարներ։

Հայաստանի տարածքում հայտնաբերվել են նաև գունավոր, ազնիվ, ռադիոակտիվ և սև մետաղների մոտ 300 երևակումներ. որոնց շուրջ 1 տասնյակը համարվում է հեռանկարային։ Ներկայումս (2012) առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում հանքաքարի բարձր որակով և տնտեսաաշխարհագր., ինչպես նաև լեռնաերկրբ. բարենպաստ պայմաններով աչքի ընկնող փոքր հանքավայրերը։ Շուրջ 150 այդպիսի հանքավայրերի առկայություն է ենթադրվում սև և գունավոր մետաղների բազմաթիվ երևակումներում։ Արժեքավոր են նաև երեսպատման և դեկորատիվ քարերի, ինչպես նաև ստորերկրյա ջերմային ջրերի երևակումները։

2010-ին հանքարդ-յան արտադրանքը ՀՀ-ում կազմել է ավելի քան 145,5 մլրդ դրամ (աճը 2009-ի համեմատությամբ՝ 24,3 %)։

Դեռևս մ. թ. ա. VI հազարամյակի վերջին Հայաստանի տարածքում արտադրվել է պղինձ։ Գունավոր մետաղների ձուլումը Հայկական լեռնաշխարհում հայտնի է եղել մ. թ. ա. III-II հազարամյակներում (Մեծամոր), մշակվել են պղնձի, կապարի, ոսկու հանքավայրեր (մ. թ. ա. IV-III դդ., Սոթք, Զանգեզուր)։ Պղնձի, արծաթ-կապարի ու ոսկու մշակումը, երբեմն տևական ընդմիջումներով, շարունակվել է միջին դարերում և առավել բարձր զարգացման հասել XVIII դ-ի 2-րդ կեսին, երբ 1763-ին Ախթալայի արծաթ-կապարի և 1770-ին Ալավերդու պղնձի հանքավայրերի հիմքի վրա կառուցվել են Ախթալայի արծաթ-կապարի և Ալավերդու, այնուհետև Շամլուղի պղնձաձուլ. գործարանները։ 1847-67-ին Հայաստանում կառուցվել է 11 պղնձաձուլ. գործարան, տարեկան թողարկվել է 275-320 տ.