Այս էջը հաստատված է

պղինձ։ 1887-ից Հայաստանում գործել է ֆրանս. 3 ընկերություն, որոնցից ամենահզորը՝ «Կովկասյան արդյունաբերական մետալուրգիական ընկերությունը», իրեն միացնելով մյուս 2-ը, պղնձի արդ-ը կենտրոնացրել է իր ձեռքում։ 1913-ին Հայաստանի արդյունաբերական համախառն արտադրանքում գունավոր մետաղաձուլության տեսակարար կշիռը կազմել է մոտ 60 %։

1924-26-ին սկսել են գործել Ալավերդու և Կապանի վերականգնված պղնձաձուլ. գործարանները, 1927-41-ին կառուցվել են նորերը, ժամանակակից սարքավորումներով հագեցվել գործողները, կատարելագործվել է տեխնոլոգիան։ 1950-ին շարք է մտել Քանաքեռի ալյումինի գործարանը (ներկայումս՝ «Արմենալ»), 1952-ին՝ Քաջարանի և Դաստակերտի, 1963-ին՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, 1967-ին՝ Ախթալայի, իսկ 1968-ին՝ ավելի հզոր՝ Կապանի հարստացուցիչ ֆաբրիկաները։ 1976-ից Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերի հիմքի վրա սկսել է զարգանալ ոսկու արդ-ը։ Հանքանյութը հարստացվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, որը մինչև 1994-ն արտադրել է ոսկու խտանյութ, իսկ 1994-ից՝ բարձր պարունակության կաթոդային ոսկի։

Ներկայումս ՀՀ-ում գունավոր մետաղաձուլության ոլորտի խոշոր ձեռնարկություններն են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (պղնձի խտանյութ, ռաֆինացված պղինձ, մոլիբդենի խտանյութ), Ալավերդու պղնձաձուլ. կոմբինատը (պղնձի խտանյութ, ծծմբական թթու), Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան (թանկարժեք մետաղների հումք, ոսկու հումք), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (պղնձի և մոլիբդենի խտանյութ), Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը (պղնձի խտանյութ), Հայ-իրան. «ԱՐ-ԱԼ»-ը (ալյումինի ձուլվածքներ, ալյումինե կենցաղային փայլաթիթեղ), «Արմենալը» (ալյումինե թիթեղներ, ալյումինի կենցաղային ու սննդի փայլաթիթեղներ), Երևանի մաքուր երկաթի գործարանը (մոլիբդեն) և այլն։

Հայաստանում տարեկան արտադրվում է 8769 տ մոլիբդենի, 71307 տ պղնձի խտանյութ, 7467 տ ցինկ, 5323 տ ֆեռոմոլիբդեն, 6480 տ կոնվերտորային պղինձ, ավելի քան 20 հազար տ ալյումինի փայլաթիթեղ (2008)։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ գունավոր մետաղաձուլության առաջատարն է. հիմնադրվել է 1951-ին՝ որպես պետական ձեռնարկություն։ 2004-ին մասնավորեցվել է։ Տարեկան արդյունահանում է մոտ 12,8 մլն տ հանքաքար, որից ստացած մոլիբդենի և պղնձի խտանյութը հետագայում վերամշակվում է Հայաստանում և այլ երկրներում։

«Արմենալ-Ռուսալ» ընկերությունը («Ռուսալ» ռուս․ ընկերության կազմում) ստեղծվել է 2000-ին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա։ Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտր. Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը։

Արարատի ոսկու կորզման գործարանում «Ալբիոն» տեխնոլոգիաներով աշխատող նոր արտադրամասի կառուցման ու շահագործման համար գործարանի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը մինչև 2013-ը նախատեսում է կատարել շուրջ 130 մլն դոլարի ներդրում։ Նորարար․ այս տեխնոլոգիան հնարավորություն կտա վերամշակելու հանքավայրերում առկա դժվարամշակ հանքաքարը, իսկ ոսկու արտադրությունը ներկայիս տարեկան 40 հազար ունցիայից 2013-ին հասցնել 150 հազար ունցիայի (4252,4 կգ)։

ՀՀ գունավոր մետաղաձուլության զարգացման կարևոր ծրագրերից է նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հիմքի վրա նոր գործարանի կառուցումը։ 2001-ին «Մանես և Վալեքս» ՓԲԸ-ն ստացել է 25 տարով հանքավայրի շահագործման արտոնագիր և սկսել է հանքի շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները։

Հանքավայրի շահագործման ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տարեկան 7 մլն տ հանքաքարի արդյունահանում և վերամշակում։ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը կարող է ապահովել Հայաստանի ամենամեծ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության ներկա ծավալներին համադրելի արտադրողականություն։ Թեղուտի հանքավայրի շահագործման առաջին փուլում իրականացնելով մինչև 200 մլն դոլարի ներդրում՝ խտանյութի արտահանման ծավալները կավելացնի 90 մլն դոլարով՝ տարեկան ապահովելով մոտ 3 % տնտեսական աճ։

Թեղուտի հանքավայրի շահագործման այս ծրագիրն առաջացրել է բնապահպանների անհանգստությունը՝ Լոռու բնաշխարհի վրա գործարանի հնարավոր վնասակար ազդեցության պատճառով։ ՀՀ-ում առկա երկաթի հանքաքարի հիմքի վրա նախատեսվում է զարգացնել նաև սև մետաղաձուլությունը։ Այդ ոլորտում մոտ 400 մլն դոլար ներդրումներ կատարելու ծրագրեր ունի չին. «Ֆորչյուն օյլ» ընկերությունը։