Այս էջը հաստատված է

և այլ գործարաններ։ Այս ձեռնարկությունների որոշ մասը 1990-91-ին արդեն վերսկսել է գործել արտադրական կարողությունների 60-80 %-ի չափով։ ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի խզման հետևանքով սակայն մեծ չափով կրճատվել է արտադրանքի թողարկումը։ 1991-ին մեքենաշինության արտադրանքի ծավալը կազմել է 1990-ի 98,6 %-ը, 1992-ին՝ 40,6 %-ը։ Ներկայումս մեքենաշին. արդ-յան մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա և մրցունակ է արտաքին շուկաներում՝ հաստոցագործիքաշինության ոլորտում՝ թվածրագրային համակարգերով հանդերձված հաստոցներն ու մշակող կենտրոնները, ոչ սերիական արտադրության որոշ հաստոցներ և հոսքային գծեր, ավտոգենային սարքավորումները, էլեկտրատեխ. համալիրում՝ կատարող, լուսատեխ. սարքավորումները, էլեկտր․ լարերը, սարքաշին. ու էլեկտրոնային ոլորտում՝ թվածրագրային ղեկավարման, հսկիչ և չափիչ սարքերը, տարբեր տիպի ռելեները։

Մասնավորեցումից հետո վերագործարկվել են բավական մեծ թվով մեքենաշին. ձեռնարկություններ՝ «Էլեկտրաապարատներ», Արթիկի «Ստեկլոմաշ», Վանաձորի «Ավտոգեն-Մ», «Սևանի կատարող սարքեր» և այլն։ Մասնավորեցվել են նաև «Ալմաստ», «Արաքս», «Օրբիտա», «Քարմշակմեքենա» և Ապարանի «Արագած» ընկերությունները, որոնք «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի շնորհիվ վերագործարկվել են, և վերսկսվել են հանրապետությունում առաջնային դիրքեր ունեցող ալմաստափոշիների, կտրող գործիքների, ինչպես նաև քարհատ մեքենաների արտադրությունները, որոնք պահանջարկ ունեն ոչ միայն ներքին, այլև ԱՊՀ շուկայում։

Վերջին 4 տարում ՀՀ-ի էլեկտրոնային և ճշգրիտ մեքենաշինության ոլորտում արտահանման ծավալն աճել է տարեկան միջինը 120 %-ով։

Անհատ․ հաստոցների և հոսքագծերի արտադրման բնագավառում բավական հաջող է գործում «Ինտերստանոկ» ԲԲԸ-ն։

Վանաձորի «Չինվան» հայ-չին. համատեղ ընկերությունը Չինաստանից ներկրված պահեստամասերով հավաքում է փոքր տրակտորներ։

Երևանի «Մշակ» ՓԲԸ-ն թողարկում է համակարգչային թվածրագրային ղեկավարման համակարգով բարձր արտադրողականությամբ հաստոցներ մշակող կենտրոններ, ինչպես նաև տարբեր հաստոցների էլեկտրոնային համակարգեր ու լրակազմային սարքավորումներ։

Հանրապետության էլեկտրատեխ. բնագավառի ամենախոշոր ձեռնարկություններից է «Արմենմոտոր» ՓԲԸ-ն (Երևան, կազմավորվել է «Հայէլեկտրո» գործարանի հիմքի վրա)։ Թողարկում է միջին և փոքր չափերի եռաֆազ ու միաֆազ ասինխրոն շարժիչներ, սերվոշարժիչներ, էլեկտր. կենտրոնախույս պոմպեր, շարժ. գեներատորներ, միկրոշարժիչներ և կենցաղային էլեկտր. իրեր։ Ընկերության արտադրանքի զգալի մասն իրացվում է արտաքին շուկայում (ԱՄՆ, Կանադա, ԱՊՀ)։

Երևանի «Աստրա» ընկերությունն արտադրում է պտտվող-ծակող գործիքներ, որոնք արտահանվում են ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Չինաստան, Արգենտինա և այլն։

«Գոհար» ԲԲԸ-ն պատրաստում է բարձր ճշգրտության մամլակաղապարներ և դրոշմներ։ Արտադրանքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ ՀՀ խոշոր մեքենաշին. ձեռնարկություններից Երևանի «Մարս» գործարանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնվել է ՌԴ-ին՝ ներդրումներ կատարելու պայմանով, սակայն այն դեռևս չի վերագործարկվել (2011)։

Հանրապետությունում առկա արտադրական բազայի, գիտական ու մասնագիտական ներուժի հիման վրա հնարավոր է ապահովել մեքենաշին. համալիրի զարգացումը՝ հատկապես ոչ էներգատար, ոչ հումքատար և առավել գիտատար սարքաշին. ու էլեկտրոնային ոլորտներում։