ֆաբրիկան, տարբեր շրջաններում՝ պանրագործարաններ և այլն, միաժամանակ վերակառուցվել և ընդլայնվել են հին ձեռնարկությունները։
ԽՍՀՄ-ի փլուզման նախաշեմին ճյուղը միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ (18 ենթաճյուղ) և տվել ՀՀ արդ-յան համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18,8 %-ը (1990)։ 1995-ից սննդի արդ-ը ՀՀ արդ-յան առաջատար ճյուղերից է, որին բաժին է ընկնում համախառն արդյունաբերական արտադրանքի 37 %-ը։ Ճյուղը միավորում է գինու-կոնյակի, հանք․ ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի, պահածոների, ծխախոտի, մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ։
Արդ. գինեգործությունը Հայաստանում սկզբնավորվել է XX դ-ի 2-րդ կեսին։ Ներկայումս հանրապետության գինու-կոնյակի արդ-ը միավորում է գինենյութի, գինիների, օղու և կոնյակի (բրենդի) արտադրության մի քանի տասնյակ ձեռնարկություններ։ Հայտնի են տարբեր մակնիշների կոնյակները, սովորական ու թնդեցված գինիները, շամպայն գինին, օղու տարբեր տեսակներ և ալկոհոլային այլ խմիչքներ։ Հայաստանի կոնյակներն ու գինիները միջազգային համտեսներում և ցուցահանդեսներում նվաճել են բազմաթիվ ոսկե ու արծաթե մեդալներ։ Արտադրվող գինիների ու կոնյակների, ինչպես նաև մրգի ու բանջարեղենի պահածոների, հանք․ ջրերի, պանրի տեսակների մեծ մասն արտահանվում է։
Երևանի կոնյակի գործարան։ 1948-ին Երևանի գինու-կոնյակի գործարանի (այդպես էր կոչվում նախկին շուստովյան գործարանը) վերակազմավորմամբ առանձնացել են Երևանի գինու կոմբինատը և Երևանի կոնյակի գործարանը։ 1953-ին կառուցվել է գործարանի նոր շենքը։ 1940-73-ին գործարանի գլխավոր տեխնոլոգը հայտնի կոնյակագործ Մարգար Մարգարյանն էր, որը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ 1953-91-ին Երևանի կոնյակի գործարանն ուներ Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհ, որը վերացվել է 1991-ին։ 1998-ին այն սեփականաշնորհվել է ֆրանս. «Պեռնո Ռիկար» ընկերությանը։ Գործարանի արտադրանքն իրացվում է 25 երկրում։
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը խորհրդային շրջանում ճյուղի առաջատարներից էր ԽՍՀՄ-ում, սակայն միության փլուզումից հետո տևականորեն չի աշխատել։ 2002-ին սեփականաշնորհվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին, որը 2002-04-ին գործարանի վերակառուցման ու վերանորոգման համար կատարել է մեծածավալ ներդրումներ. վերականգնվել են ավանդ․ տեխնոլոգիաները և արտադրության ծավալները։ Ներկայումս գործարանի արտադրանքը (այդ թվում՝ «Նոյ Առասպել», «Նոյ Կլասիկ», «Նոյ Տիրակալ» կոնյակները) արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ 2006-ից Կրեմլի պաշտոն․ մատակարարն է։
Երևանի շամպայն գինիների գործարանը (1995-ից՝ «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ) հիմնադրվել է 1939-ին։ Սկզբնապես արտադրել է միայն քաղցր և չոր գինիներ, 1954-ից՝ շամպայն գինիներ։ Ներկայումս շամպայն գինիների ողջ տեսականին՝ դասականից մինչև հավաքածու (կոլեկցիոն), արտադրվում է ֆրանս. տեխնոլոգիայով, 3-10 տարվա հնացման կոնյակներ, օղու, գինու մեծ տեսականի։
«ՄԱՊ» ՓԲԸ-ն նույնպես գինու և կոնյակի արտադրության առաջատար ընկերություններից է. կազմավորվել է 1995-ին՝ Հոկտեմբերյանի գինու-կոնյակի գործարանի (հիմն.՝ 1942-44, Արմավիրի մարզ, գ. Լենուղի) հիմքի վրա։ «ՄԱՊ»-ի կոնյակները («Պարույր Սևակ», «Աշոտ Երկաթ», «Արամե», «Մակար») ու գինիները («Սապերավի», «Կագոր», «Նռան»), տոմատի մածուկը, կարմիր պղպեղի և այլ բանջարեղենների մարինադները մեծ պահանջարկ ունեն ներքին ու արտաքին շուկաներում։
«Գրանդ Քենդի» հայ-կանադ. համատեղ ձեռնարկությունը (ՍՊԸ) ստեղծվել 2000-ին՝ Երևանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկայի հիմքի վրա։ ՀՀ-ում հրուշակեղենի (ավելի քան 300 տեսակ) արտադրությամբ զբաղվող խոշորագույն և տարածաշրջանում կակաո վերամշակող միակ ձեռնարկությունն է։ Կարևոր ենթաճյուղ է մրգի ու բանջարեղենի պահածոների արդ-ը, որը արտադրում է ծիրանի, դեղձի, սալորի, խնձորի, այլ քաղցրահամ մրգերի կոմպոտներ, ջեմեր, հյութեր ու մուրաբաներ, լոլիկի մածուկ, սմբուկի, վարունգի, կաղամբի և բանջարեղենի այլ պահածոներ։