Այս էջը հաստատված է

220-250 հազար տ ցեմենտ (1999-ին՝ 112 hզ. տ)։ Իրականացվում են արտադրության արդիականացման և գործարանի բնապահպան. ազդեցության նվազեցման աշխատանքներ։

Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը (2003-ից՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում) տարածաշրջանում ցեմենտի խոշորագույն արտադրողն է։ Կազմնակերպվել է 1957-ին՝ մինչ այդ գործող ցեմենտի (1933), շիֆերի (1952) և կրի (1932) գործարանների միավորմամբ։ 1989-ին շահագործման է հանձնվել գործարանի նոր տեխնոլոգ․ հոսքագիծը՝ 1,2 մլն տ նախագծային հզորությամբ։ Արտադրում է 400, 500 (ԳՈՍՏ 10178-85) և 42.5-52.5 (EN 197-1) մակնիշների ցեմենտ։

«Բրիտանիա Քութինգզ ընդ Քեմիքլզ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004-ին՝ որպես «Բրիտանիա» ՓԲԸ-ի և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ներկերի, ծածկանյութերի և քիմիական նյութերի արտադրման բնագավառում առաջնակարգ ընկերության միավորման մասնաճյուղ։ Ընկերությունը Անգլիայից ներկրված բարձրորակ հումքով և անգլ. առաջատար տեխնոլոգիաներով արտադրում է բարձրորակ, ջրային հիմքով, էկոլոգիապես մաքուր ներկեր, լաքեր, մածիկներ, սոսինձներ և մի շարք այլ մասնագիտացված քիմիական նյութեր շին-յան համար՝ ներառյալ նաև բետոնի համար նախատեսված պլաստիֆիկատորներ, սուպեր պլաստիֆիկատորներ, շին. շարժընթացներն արագացնող և դանդաղեցնող, ջրակայունացնող հավելանյութեր։

2011-ից Արմավիրի մարզում (Մերձական գյուղ), տարածաշրջանում եզակի «Պոլիմեր Տրուբ» գործարանում արտադրվում են պոլիէթիլենային խոշոր տրամաչափի խողովակներ։ 800, 1100, 1200 և 1400 մմ տրամագծով խողովակներն օգտագործվելու են Հայաստանի տնտեսության մեջ՝ ջրէկների կառուցման, ոռոգման, կոյուղու շին. աշխատանքներում ու այլ ոլորտներում։


ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ոսկերչությունը և ակնագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունեն։ Ոլորտն արդյունաբերական հիմքերի վրա է դրվել 1950-ական թթ-ին։ 1951-ին հիմնադրվել է Երևանի ոսկերչական գործարանը, որը 1980-ական թթ-ին ուներ 1300 աշխատատեղ և տարեկան խորհրդային շուկա էր արտահանում 6000 կգ ոսկերչական արտադրանք։ 1973-ին Նոր Հաճն քաղաքի «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվել է ադամանդի մշակման արտադրամաս, որը դարձել էր ԽՍՀՄ-ում ադամանդ մշակող 7 խոշոր գործարաններից մեկը՝ տարեկան 50 մլն արտադրողականությամբ (1986)։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ոլորտի ընկերությունների մասնավորեցման հետևանքով հանրապետություն են մուտք գործել բելգ., իսրայել., շվեյցար, հանրահայտ ընկերություններ։

Ներկայումս ոլորտում գործում են մոտ երկուսուկես տասնյակ ընկերություններ, ինչպես նաև բազմաթիվ անհատ ոսկերիչներ։ Հայտնի ընկերություններ են Երևանի ոսկերչական (2000 աշխատող), «Սապֆիր» (520 աշխատող) գործարանները, «Լորի» (420), «Շողակն» (408), Հայկական ադամանդագործ. (350 աշխատող) ընկերությունները։

2009-ին Հայաստանում արտադրվել են 49573 կարատ ադամանդ, որը 50,9 %-ով կամ 51372 կարատով պակաս է 2008-ի նույն ցուցանիշից (100945 կարատ), 733,8 կգ ոսկերչական արտադրանք (2008-ին՝ 593 կգ)։ 1998-ին հիմնվել է Հայ ոսկերիչների միջազգային ընկերակցությունը, որի հիմն․ նպատակը ոսկերչական արդ-յան զարգացումն է հանրապետությունում՝ ողջ աշխարհի հայ ոսկերիչների օգնությամբ, իսկ հեռահար նպատակը՝ ՀՀ-ում թանկարժեք իրերի առևտրի տարածաշրջ. կենտրոն հիմնադրելը։ Ընկերակցությունն ունի տարածաշրջ. ներկայացուցչություններ ԱՄՆ արլ. և արմ. ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում։