Եթե 1921-25-ին մահացությունների թիվը 1000 բնակչի հաշվով կազմում էր 18,2 մարդ, ապա, աստիճանաբար նվազելով, 1971-75-ին այն հասել է իր ամենացածր ցուցանիշին՝ 5,1 մարդ, հետագա տարիներին դարձյալ ու նեցել է աճի միտում և 2006-10-ին կազմել է միջինը 8,5 մարդ. (51,7 %-ը՝ արական, 48,3 %-ը՝ իգական սեռի)։
Անկախացումից հետո հանրապետությունում ժողովրդագրական իրադրության դրական միտումներից էր մինչև 1 տարեկան բնակչության բնական երեխաների մահացության մակարդակի նվազումը, եթե 1940-ին այդ ցուցանիշը 1000 կենդանի ծնվածների հաշվով եղել է 119,1 երեխա, ապա 2010-ին՝ 11,4 երեխա, կամ կրճատվել է շուրջ 10 անգամ։
ՀՀ-ում մահացության, հատկապես մանկամահացության նվազման շնորհիվ բնակչության կյանքի միջին տևողությունն աճել է և իր ամենաբարձր ցուցանիշին հասել 2009-10-ին՝ կազմելով 74,1 տարի (տղամարդկանցը՝ 70,6, կանանցը՝ 77)։ ՀՀ-ն այդ ցուցանիշով աշխարհում առաջատարներից է։
Բնակչության բնական շարժը բնութագրող հիմն. ցուցանիշներից մեկը բնակչության բնական հավելաճն է, որը որոշվում է 1 տարում ծնունդների և մահվան դեպքերի թվաքանակների տարբերությամբ։ Եթե բնակչության բնական հավելաճը 1940-ին կազմել է 36,7 հազար, 1960-ին՝ 62,1 հազար (առավելագույնն է), ապա, հաջորդ տարիներին նվազելով, 1991-ին կազմել է 54,4 հազար, իսկ 2010-ին՝ 16,9 հազար։ 1000 բնակչի հաշվով 1960-ին այն կազմել է 33,3 մարդ, 1991-ին՝ 16.3, 2010-ին՝ 5,2։
Հանրապետությունում 1970-80-ական թթ-ին գրանցվել է ամուսնությունների թվի աճ, իսկ 1985-ից՝ նվազում։ Հակառակ դրան՝ մեծացել է ամուսնալուծությունների թիվը։ 1990-ին նոր կազմավորված 28 հազար ամուսն. զույգերից ամուսնալուծվել է ավելի քան 4 հազարը (14,5 %), ապա 2010-ին այդ ցուցանիշները կազմել են՝ համապատասխանաբար՝ 17.984 և 2997 (16,7%)։ Տղամարդկանց ամուսնության միջին տարիքը 29 տարի է, կանանցը՝ 25,2։
Բնակչության միգրացիան
Միգրացիան բնակչության տեղաշարժերն են հիմնականում մեծ խմբերով՝ պայմանավորված պատերազմներով, քաղաքական իրավիճակներով, բնական աղետներով, տնտեսական և այլ պատճառներով։ Միգրանտները լինում են արտագաղթողներ, ներգաղթողներ, ներքին տեղափոխվողներ, ինչպես նաև փախստականներ։ Հայերի ամենամեծ արտագաղթը տեղի է ունեցել XI-XV դդ-ում՝ սելջուկ թուրքերի, մոնղոլ-թաթարների և թուրքմեն, ցեղերի տիրապետության շրջանում։ Հայրենիքից հեռացած գաղթական հայերը տարբեր երկրներում (Վրաստան, Հս. Կովկաս, Ուկրաինա, Ղրիմ, Մոլդովա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և այլուր) ստեղծել են մոտ 25 գաղթավայր։
1604-ին Իրանի Շահ Աբբաս l-ն ավերել ու ամայացրել է Արևելյան Հայաստանի մի շարք շեներ, բնակչությանը (շուրջ 350 հազար հայ) բռնի գաղթեցրել Պարսկաստանի ներքին գավառներ։
Ներգաղթը Հայաստան զգալի էր հատկապես 1828-ի Թուրքմենչայի և 1829-ի Ադրիանապոլսի պայմանագրերից հետո, Երբ Արևելյան Հայաստան են եկել մոտ 50 հազար պարսկահայեր և 100 հազար արևմտահայեր։