Հայաստանի գյուղատնտեսությունը հիմնովին քայքայվել է։
Գյուղատնտեսության վերականգնման ու վերակառուցման համար Հայաստանում պայմաններ են ստեղծվել խորհրդային իշխանության հաստատումից (1920) հետո։ Իրականացվել են ոռոգման, հողբարելավման, այգետնկման խոշոր ծրագրեր, ստեղծվել արդյունաբերական տիպի անասնապահ․ համալիրներ, որոնց շնորհիվ հանրապետության ագրոպարենային ոլորտն աստիճանաբար դարձել է տնտեսության առաջատար ճյուղերից։ Ոլորտի զարգացմանը նպաստել են նաև սննդի և թեթև արդ-ների ծավալների ընդլայնումը, մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) կարողությունների հզորացումը, ագրարային գիտության և կրթության արդիական համակարգի ստեղծումը։
ՀԽՍՀ ագրարային ոլորտում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել 1988-ի դեկտ. 7-ի աղետալի երկրաշարժի հետևանքով։ ԱԱՀ-ին հասցվել է շուրջ 2 մլրդ ռ. վնաս, այդ թվում՝ գյուղ․ բնակչության անհատ տնտեսություններին՝ 560 մլն ռ.։ Աղետի գոտու 342 տուժած բնակավայրերից 58-ն ավերվել են հիմնովին։ Խախտվել է յուրաքանչյուր երրորդ տնտեսության, մշակող արդ-յան, շին. ինդուստրիայի ձեռնարկությունների մեծ մասի բնականոն գործունեությունը։ Շարքից դուրս է եկել հողբարելավման համակարգի ավելի քան 40 %-ը։
Երկրաշարժի, ԽՍՀՄ-ի փլուզման, Ղարաբաղյան հակամարտության, տրանսպորտային ուղիների շրջափակման, տնտեսության համակարգային փոփոխությունների, անցումային փուլում կատարված սխալների և դժվարությունների պատճառով ոլորտում ի հայտ են եկել մի շարք հիմնախնդիրներ։ Մասնավորապես, հողի սեփականաշնորհումից հետո խաթարվել է սպասարկման և ագրովերամշակման համակարգը, լուրջ կորուստներ են ունեցել ենթակառուցվածքները։ Գյուղաց. տնտեսությունների փոքր չափերը, խոշոր հողակտորների մասնատումը լրջորեն արգելակել են արտադրության կազմակերպումը և արդյունավետ տնտեսվարումն ու ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառումը։
Գյուղատնտեսության և գյուղի զարգացման, երկրի պարենային անվտանգության ապահովման համար ՀՀ Կառավարությունն իրականացնում է պետական աջակցության բազմաբնույթ ծրագրեր՝ օգտագործելով պետական բյուջեի միջոցները, արտաքին փոխառություններն ու դրամաշնորհները։
Հայաստանի բանջարեղենն աչքի է ընկնում իր որակական և համային հատկանիշներով։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումը գյուղ․ տնտեսություններում հողը մշակել են պարզունակ գործիքներով՝ ձեռքի աշխատանքով կամ կենդանի քարշող ուժով (հիմնականում՝ եզներով ու ձիերով)։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո սկսվել են գյուղատնտեսության տեխ. վերազինման աշխատանքներ։ Գյուղատնտեսական ձեռնարկությունների ՄՏԿ-ների պարկը համալրվել է արդիական տեխնիկայով ու գործիքներով, որոնց, ինչպես նաև պարարտանյութերի ու քիմիական այլ նյութերի և անասնաբուժ. դեղամիջոցների մատակարարումն իրականացվել է կենտրոնացված կարգով։
Հողի սեփականաշնորհման ժամանակ լուծարված գյուղատնտեսական ձեռնարկությունների տեխնիկայի և գործիքների հիմն․ մասը վաճառվել է մեխանիզատորներին։ Գյուղատնտեսական մեքենայական աշխատանքների մոտ 95 %-ը կատարել են գյուղտեխնիկայի սեփականատեր ֆիզիկական անձինք՝ հիմնականում մաշված ու հնացած տեխնիկայով։ 1990-ական թթ-ի վերջերից գյուղատնտեսական մեքենայական պարկը համալրվել է Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների դրամաշնորհներով հատկացված 935 տրակտորով (իրենց գործիքներով) և հացահատիկահավաք 116 կոմբայնով։ 2010-ին հանրապետությունում կային 14777 տրակտոր, 1412 հացահատիկահավաք և 307 խոտահավաք կոմբայններ։
Պարարտանյութերի և թունաքիմիկատների մատակարարումը հիմնականում իրականացնում են մասնավոր ընկերությունները։
2011-ին գյուղատնտեսական նշանակության հողերը 2100,9 հազար հա էին, այդ թվում՝ վարելահողերը՝ 448,5 հազար, բազմամյա տնկարկները (առանց տնամերձ տնկարկների)՝ 32,9 հազար, խոտհարքները՝ 127,1 հազար, արոտավայրերը՝ 1104,3 հազար, անտառային հողերը՝ 369,76 հազար, այլ հողեր՝ 388,1 հազար հա։