ԲՈւՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2011-ին գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում բոաաբուծության տեսակարար կշիռը 61.7% էր, անասնապահությանը՝ 38.3 %։ 2011-ին հանրապետության ցանքատարածությունը 286.7 հազար հա էր, որից հացահատիկայիններինը՝ 157.8 հազար, կարտոֆիլինը՝ 28.7 հազար, բանջարեղենինը՝ 25.0 հազար, բոստանային մշակաբույսերինը՝ 5.8 հազար, կերային մշակաբույսերինը՝ 63,2 հազար հա։ 1990-ի համեմատությամբ՝ 2010-ին ցանքատարածությունները պակասել են 35,2 %-ով, իսկ հացահատիկային մշակաբույսերինն ավելացել է 15,3 %-ով, կարտոֆիլինը՝ 26,8 %-ով, բանջարաբոստանայինինը՝ 23,3 %-ով։ Մոտ 4 անգամ կրճատվել են կերային մշակաբույսերի ցանքերը։
Հացահատիկային մշակաբույսեր։ Հանրապետությունում ցորենի հիմնական ցանքատարածությունները Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում են։ Մշակում են ցորենի աշնանացան Բեզոստայա-1, Կանգուն-20, Սպիտակահատ տեղական, Արմյանկա-60 և այլն, գարնանացան Գալգալոս (Քռիկ), Շիրակի-1 և այլ սորտեր։
Ցորենի առանձին տեսակների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հնագիտական պեղումներով հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Բացի այդ՝ Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում հայտնաբերվել են վայրի ցորենի բազմաթիվ տեսակներ։
ՀՀ-ում գարին զբաղեցնում է հացահատիկային ցանքատարածության մոտ 40 %-ը։ Մշակում են մեծ մասամբ գարնանացան գարի՝ գյուղատնտեսական բոլոր գոտիներում, իսկ աշնանացանը՝ Արարատի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում։ Մշակության մեջ տարածված են երկշար, բազմաշար և միջանկյալ գարու տեսակները։
Հայաստանի տարածքում գարու մշակությունն սկսվել է 5-6 հազար տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը և միատարրությունը վկայում են, որ մ. թ. ա. IX-VI դդ-ում մշակել են բազմաշար գարու բարձրարժեք փոփոխակներ, որոնցից պատրաստել են գարեջուր։ Աշորան՝ որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածությամբ մշակվում է լեռն․ մարզերում, եգիպտացորենը՝ գրեթե բոլոր մարզերում. շրջանացված են Հիբրիդ-1, Աբովյան-2 հիբրիդները։ Հայաստանում եգիպտացորեն մշակվում է XVII դ-ի վերջից, այդ մասին հիշատակում է Ղևոնդ Ալիշանը «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» երկում։
Վայրի հացազգի (ցորեն, գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համար Կոտայքի և Արարատի մարզերի սահմանագծին ստեղծվել է Էրեբունի արգելոցը։
Ոլորտի զարգացման համար ՀՀ Կառավարությունը 2007-ից իրականցնում է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին», իսկ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունն ավելացնելու նպատակով՝ «ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնարտադրության զարգացման» ծրագրերը։
Խաղողագործություն (այգեգործություն)։ Հայկական լեռնաշխարհը խաղողի վազի վաղ մշակության վայրերից է, որի մասին վկայում են խաղողի վազի բազմաթիվ վայրի տեսակների առկայությունը, Կարմիր բլուրի, Արենիի քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասները, գինեգործ. պարագաները և այլն։ Պեղածո ածխացած սերմերը հավաստում են, որ խաղողի այժմյան որոշ (Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի և այլն) սորտեր ունեն տեղական ծագում։ Հայկական մանրանկարչությունը, հուշարձանների վրա պահպանված խաղողի քանդակները, հայտնաբերված նյութ․ մշակույթի մնացորդներն ու գրավոր հիշատակություններն արժեքավոր տեղեկություններ են տալիս միջնադարյան Հայաստանում զարգացած խաղողագործության մասին։
Հայաստանում խաղողագործությունը լրիվ քայքայվել է Առաջին համաշխ. պատերազմի (1914-18) տարիներին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո տնտեսությունների կազմակերպումը, մի շարք ջրանցքների և ջրամբարների կառուցումը հնարավորություն են ստեղծել խաղողագործության հետագա զարգացման համար։ Ավելացել են