Այս էջը հաստատված է

այգիների տարածքները և բերքատվությունը. 1985-ին համապատասխանաբար կազմել են 32,7 հազար հա և 95,8 ց/հա։

Խաղողագործությունը մեծապես տուժել է 1990-2002-ին՝ բերքի իրացման դժվարությունների պատճառով, այգետարածքները կրճատվել են կիսով չափ և կազմել ընդամենը 13 հազար հա։ Հետագայում ճյուղի վերականգնմանը նպաստել են գինի և կոնյակ արտադրող «Վեդի Ալկո», «Գինետուն», «Արփա Ալկո», «Ավշար», «Վայք Գրուպ» և այլ ձեռնարկությունների ստեղծումն ու արտադրական կարողությունների հզորացումը։

ՀՀ-ում խաղողագործության զարգացմանը նպաստել են նաև «Գոլդեն Գրեյփ Արմաս» և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունների ծրագրերը։ 2000-10-ին ՀՀ-ում յուրաքանչյուր տարի միջին հաշվով հիմնվել է 237,3 հա խաղողի այգի։ 2011-ին խաղողի տնկարկների տարածությունը 16,7 հազար հա էր, համախառն բերքը՝ 229,6 հազար տ։

Առանձնացվում են Արարատյան դաշտի, Արարատյան գոգավորության նախալեռն., Հյուսիս-արլ., Վայքի, Զանգեզուրի խաղողագործ. գոտիները, որտեղ մշակում են 22 տեխ. և 16 սեղանի սորտեր, որոնք բարձրորակ գինիների, տեսակավոր կոնյակների և հյութերի արտադրության հումք են։

Պտղաբուծություն։ Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է։ Հայտնաբերվել են (Արմավիր, Շենգավիթ, Գառնի և այլն) 3-6 հազար տարվա ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի սերմեր։

Հայկական լեռնաշխարհում պտղաբուծությունը հատկապես զարգացել է մ. թ. ա. XI - մ. թ. I դդ-ում։ Վանի մերձակայքում՝ «Մհերի դռան» վրա, Մենուան (մ. թ. ա. 871-810) թողել է հետևյալ հիշատակությունը՝ «Խաղողի և պտղատու այգի հիմնեցի, պատերով այն շրջապատեցի»։ Հայաստանի պտղաբուծության մասին նշել են հույն և հայ պատմիչներ Հերոդոտոսը (մ. թ. ա. V դ.), Ստրաբոնը (մ. թ. ա. I դ.), Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Ստեփանոս Օրբելյանը և ուրիշներ։ Հայաստանը բազմաթիվ պտղատու ծառատեսակների (ծիրանենի, տանձենի, սալորենի և այլն) մշակության հնագույն վայրերից է։ Հազարամյակների ընթացքում ժողովրդական ընտրասերման միջոցով ստեղծվել են ծիրանենու, դեղձենու, սալորենու, խնձորենու, տանձենու, ընկուզենու բազմաթիվ արժեքավոր սորտեր։ Դրանցից համաշխ. ճանաչում ունեն ծիրանն ու դեղձը, որոնք հայտնի են նաև որպես հայկական պտուղ։

Պտղատու այգիներ կան գյուղատնտեսական բոլոր գոտիներում։ Արարատյան, նախալեռն., Հյուսիս-արլ. և Զանգեզուրի գոտիներում մշակվում են հիմնականում ծիրանենի, դեղձենի, սալորենի, նախալեռն․ և Զանգեզուրի գոտիների 1000-1500 մ բարձր-ներում, Լոռի-Փամբակի և մասամբ լեռն․ շրջաններում՝ խնձորենի և տանձենի։ Սյունիքի մարզի՝ Մեղրու, և Տավուշի մարզի Նոյեմբերյանի (ցածրադիր մասերում) տարածաշրջաններում զարգանում է չոր մերձարևադարձային պտղատեսակների մշակությունը։

2011-ին պտղի և հատապտղի տնկարկների մակերեսը 37,1 հազար հա էր, համախառն բերքը՝ 236,0 հազար տ։

Բանջարաբուծություն։ ՀՀ-ում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են լոլիկը, վարունգը, կաղամբը, սեխը, սմբուկը, բողկը, գազարը, սխտորը, ծնեբեկը, սպանախը, տաքդեղը, լոբին, ծաղկակաղամբը, շաղգամը, տերևաբանջարներից՝ թարխունը, մաղադանոսը, համեմը, ռեհանը և այլն, բոստանային մշակաբույսերից՝ ձմերուկը, սեխը, դդումը, դդմիկը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։ Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։

2011-ին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար հա էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80 %-ն զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։