Այս էջը հաստատված է

Շին-ը տնտեսության կարևոր ճյուղերից է, կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ։ Այն որոշիչ դեր ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ Ճյուղի արտադրանքն արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային ճանապարհների, էներգետիկ․ համակարգի, ջրատեխ. կառույցների, բնակելի տների, հանրակրթական դպրոցների, նախադպրոց., գիտական, մշակութային և այլ հաստատությունների, օբյեկտների ավարտված և գործարկված շենքերն ու շինություններն են։

Հայաստանում շին-ն արագ տեմպերով զարգացել է խորհրդային իշխանության տարիներին, կառուցվել են հզոր ու բարդ շին. կառույցներ (ՀԱԷԿ, Հրազդանի ջէկ, «Նաիրիտ» գործարան, «Արփա-Սևան» թունել, Երևանի մետրոպոլիտեն, «Զվարթնոց» օդանավակայան և այլն), բազմաթիվ բարձրահարկ բնակելի շենքերով զանգվածներ հանրապետության տարբեր քաղաքներում և այլն։ Միայն 1976-1980-ին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կառուցվել և շահագործման են հանձնվել 5,6 մլն մ² ընդհանուր մակերեսով բնակելի տներ, 143 հզ. աշակերտ․ տեղով հանրակրթական դպրոցներ, 30,6 հազար տեղով նախադպրոց․ հիմնարկներ, 4 հազար մահճակալով հիվանդանոցներ և այլն։ Անկախացումից հետո շին-յան առավելագույն ծավալը (2008) 5 անգամ զիջել է խորհրդային տարիների առավելագույն ծավալին։ Սակայն պետական լայնածավալ շին-ը հաճախ իրականացվել է առանց երկրաշարժակայունության պարտադիր չափանիշների պահպանման, որի հետևանքը 1988-ի Սպիտակի երկրաշարժի պատճառած հսկայական ավերածություններն էին (ամբողջովին ավերվել են Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, Գյումրիում, Ստեփանավանում, Վանաձորում շարքից դուրս է եկել բնակելի ֆոնդի 70 %-ը)։

Անկախացումից հետո ՀՀ-ում շին-ն սկսել է զարգանալ 2003-04-ից, որի համար բարենպաստ հող էր նախապատրաստել մինչ այդ տնտեսության մյուս ճյուղերի վերականգնումը։ Ոլորտի զարգացման համար լուրջ խթան են ծառայել կառուցապատման խոշոր ծրագրերը և հատկապես Երևանի Հյուսիսային պողոտայի նախագիծը, որն ավարտվել է 2010-ին։ 1999-2010-ին մեծածավալ (ավելի քան 1 մլրդ դոլար) բարեգործ․ ծրագրեր է իրականացրել Լինսի հիմնադրամը՝ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ, որի միջոցներով կառուցվել են ճանապարհներ, աղետի գոտում՝ բնակարաններ, նորոգվել մշակութ. կենտրոններ։

2005-ին շին-յան համախառն ծավալը հատել է 1 մլրդ դոլարի (ՀՆԱ-ի 21,7 %-ը), 2006-ին՝ 1,5 մլրդ դոլարի (ՀՆԱ-ի 26,7 %-ը) սահմանագիծը։

2007-08-ն ընդունված է համարել ՀՀ-ում շին. վերելքի տարիներ։ 2008-ին միայն Երևանում իրականացվել են 70 բնակարանաշին. ծրագրեր՝ յուրաքանչյուրը 50-200 բնակարանով։

2008-ի ֆինանսատնտեսական համաշխ. ճգնաժամի հետևանքով 2009-ին շին-յան ընդհանուր ծավալները նվազել են 36,4 %-ով, 2,6 % անկում արձանագրվել է նաև 2010-ին։ 2011-ին փոխվել է շին-յան մեջ ներդրվող միջոցների կառուցվածքը, նվազել է պետական միջոցների հաշվին կատարվող շին-ը, բնակչության միջոցներով անհատական շին-ն ավելացել է մոտ 20 %-ով, իսկ մասնավոր կազմակերպություններինը՝ 40 %-ով։

Բնակարանաշինության մեծածավալ պետական ծրագիր է իրականացվում աղետի գոտում։ Մինչև 2013-ը Գյումրիի «Մուշ» և «Անի» Ավստր. թաղամասերում կառուցվելու են 137,4 հազար մ² ընդհանուր մակերեսով 38 բազմաբնակարան շենքեր, Լոռու մարզի գյուղ․ բնակավայրերում՝ 375 անհատ. բնակելի տներ՝ 39 հազար մ² ընդհանուր մակերեսով։ 2011-ին մեկնարկել է նաև 860 անհատ․ բնակելի տների շին-ը Շիրակի Ախուրյան գյուղում։

2012-ից նախատեսվում է սկսել «Հյուսիս-Հարավ» 556 կմ երկար․ ավտոմայրուղու շին-ը, որն ապահովելու է Իրանից ՀՀ-ի և Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով։ Բետոնե հիմքով արագընթաց մայրուղու շին-ը ֆինանսավորելու են Ասիական զարգացման բանկը (500 մլն դոլար) և ՀՀ Կառավարությունը։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2017-ին։

ՀՀ-ում գործող խոշոր շին. ընկերություններից են «Գլենդել Հիլզ», «Ֆիլիշին», «Կամֆի», «Ակուրատ Գրուպ», «Ավալոն» և այլ ընկերություններ։

Հայկական շին. արվ-ի պատմության մասին տես Ճարտարապետություն հոդվածում։