Այս էջը հաստատված է
ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ
ՏՐԱՆՍՊՈՐՏ

Փոխադրամիջոցներ Հայկական լ-աշխարհում օգտագործվել են դեռևս մ. թ. ա. II հազարամյակից, որի մասին վկայում են Սևանի ավազանում պեղումներից հայտնարերված կլոր անիվներով միասռնի սայլերը։ Երկրում արտադրության և փոխանակության զարգացումը, ինչպես նաև Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի ծավալումը նպաստել են ճանապարհային ցանցի կազմավորմանը, կամրջաշինությանն ու գրաստային (կարավանային) փոխադրամիջոցների առաջացմանը. ձևավորվել է նաև կառասայլերի ու ձիակառքերի պատրաստման արհեստը։

Երկաթուղիների շին-ն Արևելյան Հայաստանում սկսվել է 1870-ական և ծավալվել 1890-ական թթ-ին։ Երկաթուղիներ կառուցվել են նաև Առաջին համաշխ. պատերազմին (1914-18) նախորդող տարիներին։ Իսկ մինչ այդ և հատկապես պատերազմի տարիներին մեծ է եղել գրունտային ճանապարհների դերը։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո սկսվել են երկթղ. տրանսպորտի վերականգնման ու զարգացման աշխատանքները։ Արագ աճել են երկթղ., ավտոմոբիլային, օդային, խողովակաշարային տրանսպորտի տեսակները, բարձրացել է դրանց տեխ. զինվածության մակարդակը։ 1961-85-ին երկրում ընդլայնվել են երկաթուղիներն ու ավտոմոբիլային ճանապարհները, կառուցվել օդանավակայաններ, մետրոպոլիտեն, հատուկ ուշադրություն է դարձվել դրանց էլեկտրիֆիկացմանը, ավտոմատացմանը, առաջավոր տեխ. սարքավորումներով տրանսպորտի միջոցների հագեցմանն ու շարժակազմերի նորացմանը։

ՀՀ անկախացումից հետո արտաքին տնտեսական կապերն ապահովող տրանսպորտի միջոցների գործունեությունը մեծապես կախված է հարևան երկրների տրանսպորտային համակարգից։ ՀՀ-ն երկթղ. կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար վարձակալել է Վրաստանի Փոթիի և Բաթումի նավահանգիստների որոշակի տարածքներ, ՌԴ-ի հետ համատեղ շահագործում է Կովկաս-Փոթի լաստանավային երթուղին։ Պայմանագրեր ու համաձայնագրեր է կնքել ԱՊՀ և այլ երկրների հետ տրանսպորտի առանձին տեսակների բնականոն աշխատանքը կազմակերպելու համար։ Մասնավորապես, Հնդկաստանի հետ կնքվել է օդային փոխադրումների գործընթացը կանոնակարգող միջպետական, Ռումինիայի, Բուլղարիայի և Իրանի հետ՝ տրանսպորտի ամբողջ համակարգի համագործակցության համաձայնագրեր։

ՀՀ-ն 2006-ից անդամակցում է «Տրանսեվրոպական մայրուղիներ» և «Տրանսեվրոպական երկաթուղիներ» ծրագրերին, որոնց նպատակը եվրոպ. երկրների հետ կարևոր նշանակության տրանսպորտային հաղորդակցուղիների բացահայտումն է, բարեկարգումն ու եվրոպ. չափանիշներին համապատասխանեցումը։

Կարևոր է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային տրանսպորտային համագումարին (նախկինում՝ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս, որին ՀՀ-ն անդամակցել է 2003-ից), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը (ՍԾՏՀԿ), ԱՀԿ-ին և այլն։

Հայաստանը 1993-ին միացել է Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի (TIR) մասին համաձայնագրին, որի դրույթներն իրականացնելու նպատակով 1998-ին հիմնադրվել է Հայաստանի միջազգային փոխադրողների միություն (ՀՄՓՍ) հասարակական կազմակերպությունը։ ՀՀ Կառավարությունը և Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միությունը (IRU) վերջինիս ճանաչել են որպես Հայաստանում TIR գրքույկներ տրամադրող և երաշխավորող կազմակերպություն։ TIR համակարգի ներդրումը ՀՀ-ում զգալիորեն հեշտացրել է տարանցումը Վրաստանի տարածքով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռել ԻԻՀ-ով տարանցումը դեպի միջինասիական հանրապետություններ և ՌԴ։ TIR համակարգի ներդրման արդյունքում փոխադրավարձը Հայաստանում նվազել է, իսկ փոխադրման որակը, ժամկետներն ու անվտանգությունը բարելավվել են։

ՍԾՏՀԿ շրջանակներում ՀՀ-ն վավերացրել է Սևծովյան տարածաշրջանում