Համացանցը (ինտերնետ) ժամանակակից հաղորդակցության հիմնական միջոցներից է և կարևոր դեր ունի գլոբալ հաղորդակցության, կրթության և միջազգային շուկաներ ելքի հարցում։ Բարձրորակ համացանցը նորագույն ոլորտների (էլեկտրոնային կառավարում, կրթություն, առևտուր, բժշկություն) զարգացման կարևորագույն նախապայման է։
1988-ին ԽՍՀՄ կիրառ. ավտոմատ համակարգերի ինստ-ի հայկական մասնաճյուղում սկսել է գործել համաշխ. համակարգչային ցանցերին միացնող 2400 բիթ/վ թողունակությամբ Հայաստանում առաջին կապուղին, որը եվրոպ. համակարգչային ցանցերին է միացել Մոսկվայի կենտրոնական գրասենյակի միջոցով։
1993-ին «Արմինկո» ընկերությունն 1-ին անգամ համացանցին միացել է TCP/IP փաթեթով, «Սովամ-Տելեպորտ» ռուս. ընկերության հետ, տեղադրել ՀՀ 1-ին վեբ սերվերը՝ www.arminco.com։ Նույն թվականին Երևանի ֆիզիկայի ինստ-ում տեղադրվել է արբանյակային կապուղի, որով ինստ-ը TCP/IP արձանագրությամբ Մոսկվայի պետ. համալսարանի միջոցով միացել է համացանցին՝ ՀՀ գիտ․ հիմնարկների համար ապահովելով համացանցային միացում։
1994-ին ստեղծվել է ՀՀ «Ինտերնետից օգտվողների միությունը», որն IANA-ից (Internet Assigned Numbers Authority) ստացել է *.am դոմենային տիրույթ վարելու իրավունքը։
1994-ին *.am դոմենային տիրույթի կենտրոնական սերվերը տեղադրվել է ՀՀ-ում և ստեղծվել է *.am տիրույթի ցանցային տեղեկատվ. կենտրոնը (armnic.net), որը մինչև 2010-ը վարել է «Արմինկո» ընկերությունը։
Ստեփանակերտում nk.am համացանցային սերվերն սկսել է գործել 1995-ին։
2000-ին «Ինտերնետից օգտվողների միությունը» (այժմ՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ) դոմենային անունները գրանցելու գործառույթը հանձնել է գրանցող առևտր. կազմակերպություններին։ Ներկայումս գրանցող կազմակերպությունները 12-ն են, գրանցված դոմենային անունները՝ ավելի քան 15 հազար։
Հեռահաղորդակցության միջազգային միության հրապարակած հեռահաղորդակցության և տեղեկատվ. տեխնոլոգիաների ոլորտի համաշխ. ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ 2007-ին համացանցից օգտվել է ՀՀ բնակչության 6 %-ը, 2010-ին՝ 36 %-ը։
ՀՀ-ում գործում են համացանցի 3 մեծածախ մատակարարներ՝ «ԱրմենՏել», «ՋիէնՍի-Ալֆա» («GNC-Alfa») և «Ֆայբեր-Նեթ» («FiberNet») ընկերությունները, որոնք ունեն Վրաստանի և Իրանի տարածքով անցկացված կապի օպտիկամանրաթելային գծեր։ Համացանցի մանրածախ առաջատար մատակարարներ են «ԱրմենՏել», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Օրանժ Արմենիա», «Յուքոմ» («Ucom»), «ԷյԴիՍի» («ADC»), «Արմինկո» ընկերությունները։
Ներկայումս «Օրանժ Արմենիա» և «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորները ՀՀ տարածքի 95 %-ն ապահովում են 3G ծածկույթով, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի GPRS ծածկույթը 99,8 % է։ «ԱրմենՏել» ընկերության շարժ․ և սևեռված ցանցից կարող է օգտվել ՀՀ բնակչության 99 %-ը, ընկերության 3G ցանցով ծածկված են ՀՀ-ի 24 քաղաքներ և տասնյակ գյուղ․ բնակավայրեր։
Համացանցը երկրի բոլոր անկյունները հասցնելու նպատակով ՀՀ Կառավարությունը նախատեսել է 3 տարում ստեղծել 100 Մբիթ/վ թողունակությամբ լայնաշերտ ազգային համացանց։