Այս էջը հաստատված է

ՀՀ բնակչության սեռատարիքային կազմը

Մինչև Հայրեն․ մեծ պատերազմը (1941-1945) ՀԽՍՀ բնակչության կազմում գերակշռել են տղամարդիկ, հատկապես՝ տարիքային ցածր խմբերում։ Պատերազմի հետևանքով խախտվել է սեռերի հարաբերակցությունը։ 1959-ին կանայք կազմել են բնակչության 52,2 %-ը, 1970-ին՝ 51,2 %-ը, 1979-ին՝ 51,3 %-ը, 1989-ին՝ 51 %-ը, 2001–ին՝ 52 %-ը, 2010-ին՝ 51,5 %-ը։

ՀՀ մշտ․ բնակչության բաշխումը, ըստ տարիքային խմբերի, ներկայացված է աղ․ 3-ում: 2010-ին բնակչության միջին տարիքը եղել է 34,8 (տղամարդկանցը՝ 33,1, կանանցը՝ 32,2%), աշխատանուկ տարիքի բնակչության տեսակարար կշիռը՝ 68,7% (1990-ին՝ 59,7%), աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը՝ 11,5% (1990-ին 8,1%): Աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդու հաշվող հաշվառվել են մինչև 15 տարեկան 456 երեխա և կենսաթոշակառու (2010):

ՀՀ ժողովրդագր. իրավիճակի ընդհանուր պատկերում նկատվում է բնակչության ժողովրդագր. ծերացման խորացում: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագր. ծերացման սանդղակի՝ եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը 7%-ից ավելի է, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացած: ՀՀ-ում այդ ցուցանիշը 2010-ին 11,5% էր, որը չի կարող չանհանգստացնել:

Բնակչության տեղաբաշխումը և խտությունը

ՀՀ բնակչության միջին խտությունը 110 մարդ/կմ² է (2010)։ Խտությունն առավել մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում է ընդհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռն․ և սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի (229 մարդ/կմ²), Կոտայքի (134), Արարատի (133), Շիրակի (105), նոսր՝ Լոռու (74), Արագածոտնի (52), Տավուշի (50), Գեղարքունիքի (45), Սյունիքի (34), Վայոց Ձորի (24 մարդ/կմ²) մարզերը։

ՀՀ բնակչության խտությունը նկատելիորեն փոխվում է նաև ըստ վերընթաց գոտիականության։ Մինչև 1000 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 10 %-ը) ապրում է բնակչության շուրջ 56 %-ը, 1000-1500 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 19 %-ը)՝ 17%-ը, 1500-2000 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 30 %-ը)՝ 22 %-ը, 200-2500 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 25 %-ը)՝ մոտ 4 %-ը, 2500 մ-ից բարձր․գոտում (ՀՀ տարածքի մոտ 16 %-ը)՝ մոտ 1 %-ը։