Այս էջը հաստատված է

ձեռնարկությունների թիվը՝ 9495, պետական առևտրի խանութների առևտր. մակերեսները՝ 691 հազար մ²։

Մանրածախ առևտրի շրջանառությունը, ըստ ձևավորման աղբյուրների, 2003-2011-ին ներկայացված է աղյուսակում (էջ 299)։ 2006-ից սկսած՝ տվյալները ներկայացված են առանց ավելացված արժեքի հարկի։

1990-ին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալում պետականի մասնաբաժինը եղել է 74 %, ոչ պետականինը՝ 26 %, 1995-ին, համապատասխանաբար՝ 15 % և 85 %, 1998-ին՝ 2 % և 98 %։ Այսինքն՝ անկախության 7 տարվա ընթացքում մանրածախ առևտուրն անցում է կատարել պետականից (1990-ին՝ 74 %) ոչ պետականի (1998-ին՝ 2 %)։ Զգալիորեն աճել է նաև մանրածախ առևտրի օբյեկտների թիվը. 2001-ին եղել է 11.959, 2011-ին՝ 19.862։

Պարենային և ոչ պարենային ապրանքների տեսակարար կշիռը մանրածախ առևտրի շրջանառության մեջ 1990-ին կազմել է 40 % և 60 %, 1995-ին, համապատասխանաբար՝ 88,9 % և 11,1 %, 2000-ին՝ 71,8 % և 28,2 %, 2010-ին՝ 60 % և 40 %, որը վկայում է 2000-ից ՀՀ բնակչության կենսամակարդակի բարելավման մասին։ Ի դեպ, զարգացած երկրներում պարենային ապրանքների տեսակարար կշիռը մեծածախ ապրանքաշրջանառության մեջ ներկայումս 20-22 % է։

Առևտրի, ավտոմեքենաների, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգման ոլորտում ՀՀ-ում 2010-ին զբաղված էր մոտ 104 հազար մարդ։ 2009-ին ՀՀ-ում ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 1.600.406,1 մլն դրամ։


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Բյուջե և հարկեր

Շուկայական հարաբերությունների ներկա պայմաններում ՀՀ ֆինանս․ համակարգում կենտրոնական տեղ է գրավում ՀՀ բյուջետային համակարգը, որը կազմված է պետական և համայնքների բյուջեներից։ ՀՀ պետական բյուջեն վերապահված լիազորությունների իրականացման համար պետական մարմիններին անհրաժեշտ դրամ․ միջոցների ձևավորման ու ծախսման ֆինանս․ ծրագիրն է։ Իսկ համայնքների բյուջեները տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքն են։ Պետական բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կոչվում է պակասուրդ (դեֆիցիտ), որը ֆինանսավորվում է ներքին և արտաքին աղբյուրներից ստացվող փոխառու միջոցների հաշվին։

ՀՀ անկախ բյուջետային համակարգի ձևավորումն սկսվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ դադարեցվել են հարաբերությունները միութ. բյուջեի հետ, մասնավորապես՝ հարկային մասհանումները միութ. բյուջե, ինչպես նաև միութ. բյուջեից հանրապետության տարածքում տեղակայված կազմակերպությունների ֆինանսավորումը։ ՀԽՍՀ-ում բյուջետային եկամուտները բաշխվում էին 3 մակարդակով՝ համայնքային, շրջ. և հանրապետական բյուջեների միջև։

Աղյուսակ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները, ծախսերը և պակասուրդը 1995-2011-ին (% ՀՆԱ-ի նկատմամբ)

1995 2000 2005 2007 2008 2009 2010 2011
Եկամուտներ և տրանսֆերտներ, որից՝ հարկային եկամուտներ 18,1 16,7 16,7 18,7 21,5 22,2 22,5 22,6
10,6 14,8 14,3 16,1 17,0 16,8 16,8 17,2
Ծախսեր 24,1 21,6 18,6 20,2 22,2 29,9 27,6 26,6
Պակասուրդ -6,0 -4,9 -1,9 -1,5 -0,7 -7,7 -5,1 -6,0

ՀՀ Սահմանադրության (1995) ընդունումից հետո անցում է կատարվել երկմակարդակ բյուջետային համակարգի՝ պետական և համայնքային բյուջեների, որոնց միասնությունն էլ կազմում է ՀՀ համախմբված բյուջեն։

Անկախության առաջին տարիներին շարունակելով մնալ խորհրդային ռուբլու գոտում և հիմնականում դրանով պայմանավորված գերարժեզրկման պայմաններում՝ դժվար էր իրականացնել լիովին անկախ ու կանխատեսելի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն։ Այն հնարավոր դարձավ իրագործել միայն ազգային արժույթի՝ դրամի ներդրումից (1993-ի նոյեմբ. 23) հետո։

Մինչև 2008-ին սկսված համաշխ. ֆինանսատնտեսական ճգնաժամը ՀՀ բյուջետային քաղաքականության հիմն․ գերակայություններից էր պետական բյուջեի պակասուրդի աստիճան․ կրճատումը՝ հիմնականում հարկային եկամուտների հավաքագրման աճի հաշվին՝ պետական ծախսերը պահելով կայուն մակարդակում (ՀՆԱ-ի մոտ 20 %-ը)։

ՀՀ անկախության առաջին 10 տարիների ընթացքում մշակվել և ընդունվել է հարկաբյուջետային քաղաքականությունը կարգավորող հիմնական օրենսդրությունը, մասնավորապես՝ հարկային և մաքսային օրենսդրությունը, «Բյուջետային համակարգի մասին» (1997), «Գանձապետարանի մասին» (2001) հիմնարար օրենքները և այլ օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտեր։ 1996-ից ֆինանսների նախարարության կազմում հիմնադրվել է ՀՀ գանձապետարանը։