Այս էջը հաստատված է

ՀՀ Կառավարության 2008-ին ընդունած «Կայուն զարգացման ծրագրի» համաձայն՝ նախատեսվում է աշխատանքի շուկայի հետագա ազատականացում, մինչև 2021-ը, յուրաքանչյուր 5 տարին մեկ, ապահովել ֆորմալ զբաղվածության 15 %-ի աճ։

Աշխատանք և եկամտաբեր այլ զբաղմունք չունեցող քաղաքացիներն ունեն աշխատանքի տեղավորվելու պետության աջակցության, մասնագիտական ուսուցման միջոցով վերամասնագիտացման նաև գործազրկության նպաստ ստանալու իրավունք (եթե ճանաչվում է նրա գործազրկությունը)։

ՀՀ-ում գործազուրկ են համարվում ոչ կենսաթոշակառու, աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, որոնք աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ։

Անկախացումից հետո գործազուրկների թիվը տարեցտարի աճել է. 1992-ին այն 54,5 հզ. էր, 1997-ին՝ 166,1 հզ., 2000- ին՝ 169,5 հզ., 2003-ին՝ 124,8 հզ., իսկ պաշտոնական գործազրկության մակարդակը՝ 10,1 %։ 2010-ին գործազրկության մակարդակը նվազել է մինչև 7,1 %, աշխատանք փնտրողների թիվը կազմել է 93,2 հզ. մարդ, որից գործազուրկի կարգավիճակ են ստացել 83,3 հզ-ը։

2011-ի հունվ. 1-ի դրությամբ՝ հանրապետությունում գործազրկությունը կազմել է 6,9 %, աշխատանք փնտրող անձանց թիվը՝ 99,3 հզ., գործազուրկների թիվը՝ 78,8 հզ. (ընդհանուրի 84,5 %-ը, որի 69,9 %-ը կանայք են, 19,1 %-ը՝ երիտասարդներ)։

Գործազրկությունը հանրապետության միջին ցացանիշից բարձր է Լոռու (11,1 %), Սյունիքի (9,6 %), Շիրակի (9,6 %), Կոտայքի (9,3 %), Տավուշի (8,7 %) մարզերում և Երևանում (8,1 %)։

ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿ

Կենսամակարդակը մարդու ֆիզիկական, հոգևոր և սոցիալական պահանջների բավարարման մակարդակի ինտեգրալ բնութագրիչ է։ Այն արտահայտվում է ցուցանիշների համակարգով, որոնք արտացոլում են մեկ շնչի հաշվով սպառվող ապրանքների և ծառայությունների ծավալները, առավել կարևոր ապրանքների բնական սպառման չափերը, մեկ շնչի հաշվով իրական եկամուտները, բնակարանով, տարբեր տեսակի կոմունալ ծառայություններով, տրանսպորտով, կապի միջոցներով ապահովվածությունը, կրթության, առողջապահ-յան համակարգի, ինչպես նաև մշակութային կյանքի հասանելիությունը։

Միջազգային չափանիշների համաձայն՝ կենսամակարդակը բնութագրող ցուցանիշների թվին են դասվում զբաղվածությունը, աշխատանքի պայմանները՝ այդ թվում և աշխատաժամանակի տևողությունը, անձի սոցիալ. երաշխիքները, անվտանգության պայմանները, ժողովրդագր., բնապահպան. և առողջապահ-յան ցուցանիշները, արդյունաբերական ապահովվածությունը՝ հաշվի առնելով սպառող. ապրանքների գները, նյութ. և ֆինանս. կուտակումները, սոցիալական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, սոցիալական տարբերակվածությունը, գործազրկության, խտրականության, սղաճի, հանցագործության մակարդակը և այլն։ Կենսամակարդակի կարևոր ամփոփիչ ցուցանիշ է բնակչության կյանքի տևողությունը։

Սահմանադրության համաձայն՝ պետությունն անհրաժեշտ միջոցներ է ստեղծում, որպեսզի յուրաքանչյուր ոք իր երկրում իր և իր ընտանիքի համար կարողանա ապահովել բավարար կենսամակարդակ։

Հետխորհրդային տարիներին գործազրկության և չնախատեսված բարձր գնաճի հետևանքով ոչ միայն տեղի են ունեցել իրական եկամուտների ձևավորման մեխանիզմի էական փոփոխություններ, այլև կտրուկ նվազել են բնակչության եկամուտները։ 1994-ի միջին իրական եկամուտները, 1988-ի համեմատությամբ, նվազել են 4,5 անգամ։ Նվազման միտումը պահպանվել է մինչև 1998-ը։ Իսկ աշխատավարձի բաժինը դրամ. եկամուտների