Սպառված սննդամթերքի էներգիան կազմել է օրական 3572 կկալ։ Նորմայից պակաս են օգտագործվել միս, կաթ և ձու։
ՀԲ-ի կենսամակարդակի ու աղքատության գնահատման միասնական մեթոդաբանությամբ սահմանված է կենսամակարդակի որոշակի նվազագույն՝ աղքատության շեմ, և որպեսզի այս կամ այն անհատը համարվի «ոչ աղքատ», անհրաժեշտ է, որպեսզի նրա եկամուտները կամ սպառող. ծախսերը լինեն այդ շեմից ավելին։
Մարդն աղքատ է, եթե բավարարված չէ նրա կենսբ., սոցիալական և հոգևոր-մշակութ. կարիքների նվազագույնը։
1999 | 2002 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | |
Աղքատության մակարդակ, % | 56,1 | 49,3 | 34,6 | 29,8 | 26,5 | 25,0 | 23,5 | 34,1 |
Ծայրահեղ աղքատության մակարդակ, % | 21,0 | 17,0 | 6,4 | 4,6 | 4,1 | 3,8 | 3,1 | 3,6 |
2005-ին ընդունված մեթոդաբանությամբ՝ աղքատության շեմը սահմանելիս նկատի են առնվում նաև կենցաղում երկարատև օգտագործման առարկաները։
ՀՀ-ում աղքատության ընդհանուր ու պարենային շեմերի շարժը 1999-2009-ին տրված է աղ. 1-ում։
1999-2009-ին ՀՀ աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակների շարժից (աղ. 2) հետևում է, որ 1990-ական թթ-ի վերջին ՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ էր (1992-ին աղքատ է ճանաչվել բնակչության 92 %-ը), իսկ 1999-2008-ին արձանագրվել է աղքատության մակարդակի աստիճան․ կրճատում։ Աղքատության շեմից ցածր ՀՀ բնակչության մասնաբաժինը 56,1 %-ից նվազել է մինչև 23,5 %-ի։ Ծայրահեղ աղքատների մասնաբաժինը նույն ժամանակահատվածում կրճատվել է շատ ավելի արագ՝ 6,8 անգամ։ Այդուհանդերձ, 2008-ին ՀՀ բնակչության գրեթե 1/4-ը դեռևս աղքատ էր, իսկ շուրջ 100 հազար մարդ՝ ծայրահեղ աղքատ։ 2009-ին աղքատ բնակչության մասնաբաժինն առաջին անգամ 1999-ից հետո աճել է՝ կազմելով 34,1 %։ Նույնպիսի աճ (2008-ի համեմատությամբ՝ 1,7 անգամ) արձանագրել է նաև ծայրահեղ աղքատության ցուցանիշը։
Էապես փոխվել է նաև եկամուտների բաշխման բևեռացումը. 2001-ին առավել շատ եկամուտներ ունեցող 10 % բնակչությանը պատկանում էր ողջ եկամուտների 39,4 %-ը, իսկ ամենաքիչ եկամուտներ ունեցող 10 %-ին՝ 1,5 %-ը, այսինքն՝ բնակչության ամենահարուստ խավի 10 %-ի եկամուտներն ամենաաղքատ խավի 10 %-ի եկամուտները գերազանցել են 26,3 անգամ։ 1976-ին բարձր վարձատրվող աշխատողների 10 %-ի եկամուտները ցածր վարձատրվողների 10 %-ի եկամուտները գերազանցել են ընդամենը 3,35 անգամ, իսկ 1986-ին՝ 3,38 անգամ։ 1996-99-ին բնակչության եկամուտների բաշխման անհավասարությունն արտահայտող Ջինի գործակիցը եղել է 0,59, 2004-08-ին այն նվազել է մինչև 0,389-ի, իսկ 1987-90-ին՝ 0,27-ի (այս ցուցանիշի նվազումը նշանակում է կենսամակարդակի բարձրացում)։ Ըստ 2009-ին կիրառած նոր մեթոդաբանության՝ Ջինի գործակիցը 2008-ին ՀՀ-ում կազմել է 0,339, 2009-ին՝ 0,355։
2010-11-ին տեղի է ունեցել պարենի համաշխ. գների կտրուկ բարձրացում, որի հետևանքով ՀՀ-ում սպառող․ գներն աճել են միջինը 8,2 %-ով։
ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ամենամյա զեկույցի համաձայն՝ 2010-ին ՀՀ մարդկային զարգացման համաթիվը (այս թվի աճը նշանակում է բարեկեցության բարձրացում) 0,695 էր, ըստ որի՝ ՀՀ-ն 169 երկրների շարքում զբաղեցրել է 76-րդ տեղը։
2008-ին ընդունված ՀՀ կայուն զարգացման ծրագրով՝ 2012-21-ի համար նախատեսված է աղքատության մակարդակի իջեցում 15-ից՝ 7 %-ի, ծայրահեղ աղքատության նվազեցում մինչև 1,2 %-ի, առողջապահ-յան ծախսերը հասցնել մինչև ՀՆԱ-ի 3,5 %-ի, կրթության ծախսերը՝ 4,5 %-ի, սոցիալական ծախսերը՝ 8 %-ի, ևն։