Այս էջը հաստատված է

դոլար) և միայն 1999-ին ավելացվել է 5 անգամ (5 հազար դրամ)։ Դրան հակառակ, սակայն, 2-3 անգամ ավելացել են ապրանքների գները։

1999-ին պարենային զամբյուղի արժեքը 1 շնչի հաշվով հաշվարկվել է 6112 դրամ, իսկ սպառող․ նվազագույն զամբյուղի (ներառում է պարենային զամբյուղը և այն ոչ պարենային ապրանքները, որոնք անհրաժեշտ են 1 մարդուն՝ 1 ամսում իր տարրական հիգիենիկ-կենցաղային պայմաններն ու հագուստն ապահովելու համար) արժեքը (աղքատության ընդհանուր գիծ)՝ 10.784 դրամ, որը բնակչության 60 %-ից ավելին չի կարողացել ապահովել։

1999-ի հունվ. 1-ին «Փարոսը» փոխարինվել է ընտանեկան նպաստի համակարգով, մշակվել է անապահովության սանդղակ (ըստ ընտանիքի անչափահաս երեխաների թվի, յուրաքանչյուր անդամի՝ սոցիալական որևէ ռիսկի պատկանելու, եկամուտների չափաքանակի, բնակավայրի ու բնակարանի տիպի համար սահմանված միավորներով), և որոշակի սահմանից ավելի միավորներ ունեցող խմբին նշանակվել է նպաստ։

1999-ին սոցիալական ոլորտի ֆինանսավորման մասնաբաժինը համախմբված բյուջեում դեռևս շատ ցածր էր՝ 1990-ի մակարդակի ընդամենը 37 %-ը։ Ջինի գործակիցն այդ ընթացքում գրեթե 2 անգամ ավելացել է 1990-ի համեմատությամբ և հասել 0,59-ի (2002), միջին կենսաթոշակը կազմել է 8,2 դոլար (2001)։

Ընդունվել է Կառավարության «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը» (ԱՀՌԾ, 2003), և սահմանվել են երկրի զարգացման ցուցանիշները։

Սակայն 2002-08-ին ՀՀ տնտեսության կայուն զարգացման շնորհիվ սոցիալական ոլորտի բոլոր իրական ցուցանիշները գերազանցել են ԱՀՌԾ-ով նախատեսվածները։ Մասնավորապես, 2006-ին փաստացի միջին աշխատավարձը (64,3 հազար դրամ) 68 %-ով գերազանցել է ԱՀՌԾ-ով նախատեսվածը (38,3 հազար դրամ), աղքատության մակարդակը նվազել է նախատեսվածից 10 %-ով ավելի (44,5-ի դիմաց՝ 34,5 %), ծայրահեղ աղքատությունը նվազել է 2,7 անգամ (14,2 %-ի դիմաց կազմել է 5,5 %)։ Հետևողականորեն աճել են սոցիալ-մշակութային ծախսերը՝ ՀՆԱ-ի 8,9 %-ից հասնելով 13,7 %-ի (բյուջեի ընդհանուր ծախսերի 35,6 %-ից՝ 45,8 %)։ Ընդ որում՝ ծախսերի աճ տեղի է ունեցել բոլոր ոլորտներում՝ կրթության՝ 1,2-ից՝ 2,7 %, առողջապահ-յան՝ 1,2-ից՝ 1,8 %, սոցիալական պաշտպանության՝ 4,5-ից՝ 7,9 % և այլն։ Այդ ամենի արդյունքում ՀՀ-ն, գործող միջազգային չափանիշներին համաձայն, «ցածր եկամտային» երկրից վերածվել է «միջին եկամտային» երկրի։

Վերջին տարիներին սոցիալական ապահովության համակարգը տնտեսական նոր հարաբերություններին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով ՀՀ Կառավարությունը որդեգրել է ոլորտին առնչվող հարցերը համալիր և համակարգված լուծելու քաղաքականություն՝ կիրառելով սոցիալական ապահովության բոլոր եղանակներն ու ձևերը (ապահովագրություն, ապահովություն, աջակցություն, խնամատարություն և այլն)։

Ընտանիքի անապահովության միավորի հաշվման բաղադրիչ են դարձել ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված հաշվարկված, վճարման ենթակա միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները, կենսաթոշակը, գործազրկության նպաստը, ինչպես նաև անասնապահությունից ու հողագործությունից ստացվող եկամուտը։

Միևնույն ժամանակ, ընտանեկան նպաստի իրավունք տվող սահմանային միավորը 36,00-ից իջեցվել է մինչև 33,00-ի, որի շնորհիվ զգալի թվով ընտանիքներ պահպանել են ընտանեկան նպաստի իրավունքը։ 2008-ի հունվ. 1-ից ընտանեկան նպաստի իրավունք տվող սահմանային միավորը սահմանվել է 30,00, իսկ միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար, ի տարբերություն այլ ընտանիքների, սահմանվել են ընտանեկան նպաստի իրավունքի ձեռքբերման արտոնյալ պայմաններ։

ՀՀ-ում 2008-ին ընդունվել է նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագիր, որն ապահովելու է կենսաթոշակների չափերի պարբեր. բարձրացում՝ կենսապահովման սպառող․ նվազագույն զամբյուղին համարժեք, և ֆինանս․ համակարգի կայնունություն՝ կուտակային բաղադրիչի ներդրման շնորհիվ։

Խորհրդային համակարգից ժառանգված բաշխող․ բնույթի կենսաթոշակային համակարգով կենսաթոշակների վճարումը կատարվում է բյուջեի ընթացիկ մուտքերից, որի արդյունավետությունը կախված է համակարգում վճարողների և շահառուների թվի հարաբերակցությունից (համակարգի բեռնվածության գործակից)։ Այդպիսի համակարգը կենսունակ է գործակցի 3։1 հարաբերության դեպքում, երբ 3 աշխատող «վճարում» է 1 կենսաթոշակառուի համար։ Սակայն ՀՀ-ում այդ ցուցանիշը 1,1-1,2 է, ուստի այդ համակարգը զարգացման հեռանկար չունի։

2010-ին կենսաթոշակային ծախսերը ՀՀ պետական բյուջեի սոցիալական հատվածի ծախսերի ամենամեծ բաղադրիչն էին. գրեթե 2 անգամ գերազանցել են կրթության և ավելի քան 3 անգամ՝ առողջապահ-յան համար կատարվող ծախսերը։ Փորձագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ նվազագույն սպառող․ զամբյուղի արժեքի չափով կենսաթոշակ վճարելու համար կենսաթոշակային ծախսերը պետք է կրկնապատկվեն։

Կենսաթոշակային բարեփոխումներն ավելի հրատապ են դառնում երկրի ժողովրդագր. իրավիճակի կանխատեսվող վատթարացման պատճառով, կենսաթոշակառուների շարքերը համալրելու է Երկրորդ համաշխ. պատերազմից (1939-45) հետո արձանագրված «ծնելիության բումի» սերունդը։ Դրան գումարվելու են վերջին 20 տարվա ընթացքում ծնելիության զգալի կրճատումը, աշխատունակ տարիքի ակտիվ բնակչության արտահոսքը և ՀՀ-ում նկատվող «բնակչության ծերացումը»։