Այս էջը հաստատված է

ՀՀ Կառավարության որդեգրած բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելը խարսխված է գործող բաշխող. համակարգի վրա, որը լրացվել է 2 նոր՝ պարտադիր և կամավոր կուտակային աստիճաններով։

Բարեփոխվելու է նաև հարկային համակարգը. գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն 2013-ի հունվ. 1-ից ներդրվելու է մեկ միասնական եկամտային հարկ։

Պետությունը երաշխավորում է անձի կատարած կենսաթոշակային վճարների վերադարձելիությունը։ Կենսաթոշակային խնայողությունները նաև ժառանգվում են։

ՀՀ-ում գործում է նաև խնամատարության լայն ցանց. միայնակ տարեցների, ծնողազուրկ երեխաների և հաշմանդամների սպասարկման ու աջակցության համակարգ։

Հանրապետությունում ներկայումս գործում է շուրջօրյա խնամքի 8 հաստատություն կամ տուն-ինտերնատ ու 1 «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»։ Տուն-ինտերնատներից 4-ը գործում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, 4-ը ոչ պետական են («Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ, Վանաձորի «Հույսի տուն», Աբովյանի «Սաթենիկ» և «Առաքելություն Հայաստանի» բարեգործ. ՀԿ-ի «Արծվաբույնը»՝ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում)։

Հանրապետությունում գործում են 20-ից ավելի սոցիալ-հոգեբ. վերականգնող. ցերեկային կենտրոններ, որոնցից պետական է միայն Վարդենիսի հոգեկան առողջության ցերեկային խնամքի կենտրոնը։ Այն այլընտրանքային, արտահիվանդանոցային պայմաններում սոցիալ-հոգեբ. օգնության ծառայություններ է մատուցում մտավոր հետամնաց, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին։

2006-ից Երևանում գործում է նաև անօթևան մարդկանց համար նախատեսված առաջին ժամանակավոր կացարանը, որը շտապ սոցիալական աջակցության ծառայութուններ է տրամադրում դժվար իրավիճակում հայտնված մարդկանց։ 2008-ից հանրապետությունում ներդրվել է «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» մոդելը։ Հայաստանում ներկայումս կան 2 սոցիալական տներ, ևս երկուսը կառուցման փուլում են։

Պետությունը վերջին տարիներին որդեգրել է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված քաղաքականություն, որը ենթադրում է հաշմանդամ անձանց իրավունքների ապահովում, նրանց համար հասարակության մյուս անդամների հետ հավասար պայմանների ստեղծում։

Հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրելուն է ուղղված 2005-ին ՀՀ Կառավարության ընդունած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թթ.» ռազմավարությունը, որի նպատակը հաշմանդամների լիարժեք մասնակցության ապահովումն է հասարակական կյանքի բոլոր բնագավառներում՝ հաշմանդամության հետևանքների հաղթահարման միջոցով։

Այդ գործընթացը ներառում է առողջապահ-յան և սոցիալ. ոլորտները, մատչելի ֆիզ. միջավայրի և տրանսպորտային հաղորդակցության պայմանների ստեղծումն ու հասարակության վերաբերմունքի փոփոխությունը հաշմանդամների նկատմամբ։

Ժողովրդագր. իրավիճակի բարելավման ուղղությամբ հատկապես կարևորվում են բնական հավելաճի վրա առաջնային ազդեցություն ունեցող ծրագրերը, որոնք կարող են խթանել ծնելիությունը, լուծել երիտասարդների բնակարանային խնդիրները և այլն։ Այդ մասին տես Առողջապահություն հոդվածում։

Երիտասարդ ընտանիքներին աջակցելու նպատակով 2008-ին ներդրվել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը։