Այս էջը հաստատված է
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բժշկ. գործիքներ հիշեցնող խեթ. և ուրարտ. ժամանակաշրջանների քարե և մետաղե առարկաներ։ Հայ և օտար պատմիչների վկայությամբ՝ III-IV դդ-ում Սեբաստիայում և Կեսարիայում (Փոքր Հայք) արդեն եղել են հիվանդանոցներ, որտեղ աշխատել են հմուտ բժիշկներ։ Ըստ հայ պատմիչներ Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու՝ IV դ-ում Ներսես Ա Մեծ կաթողիկոսի (353-357) կոնդակով Հայաստանի տարբեր վայրերում բացվել են հիվանդանոցներ ու բորոտանոցներ։

Առողջապահ-ն զգալի վերելք է ապրել Կիլիկյան Հայաստանում, արքունիքը խրախուսել և հովանավորել է բժիշկներին, երկրի տարբեր շրջաններում ու քաղաքներում բացել հիվանդանոցներ, խնամատներ։ Հիվանդություններն ու համաճարակները կանխելու նպատակով օրենսդրությամբ սահմանվել են բազմաթիվ կանոններ։ Կիլիկիայում մեծ հռչակ են վայելել բժիշկներ Մխիթար Հերացին, Աբու Սաիդը, Գրիգորիսը, Սիմեոնը, Ստեփանոսը և ուր․։

Հայկ․ միջնադարյան համալսարաններում (Սանահին, Տաթև և այլն) պատրաստվել են նաև բժիշկներ. Սանահինի ուսումնարանում բժշկություն է դասավանդել Գրիգոր Մագիստրոսը (XI դ.), Տաթևում՝ Հովհան Որոտնեցին։ Գրիգոր Տաթևացին XV դ-ի սկզբին կազմել է անատոմիայի և բնագիտության դասագրքեր։ Բժշկություն դասավանդել են նաև Սիս քաղաքում Ներսես Լամբրոնացու հիմնադրած համալսարանում (XII դ.)։ Հայտնի էին նաև Անիի, Տարոնի, Կեսարիայի դպրոցները, որտեղ XI-XIV դդ-ում ուսումնասիրել են բնական գիտություններ, այդ թվում՝ նաև բժշկագիտություն։

Կիլիկյան հայկական թագավորության կործանումից հետո առողջապահ-ն անկում է ապրել։ Առաջին առողջապահ․ հիմնարկները վերաստեղծվել են միայն 1828-ից, Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Երևանում բացվել է առաջին զինվ․ հոսպիտալը, որտեղ բուժօգնություն է ցույց տրվել նաև ազգաբնակչությանը։ Հոսպիտալներ են բացվել նաև Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), Ախտայում (այժմ՝ Հրազդան) և այլուր։ XIX դ-ի վերջին - XX դ-ի սկզբին Երևանի նահանգում և Կարսի մարզում բացվել են սակավաթիվ բուժհիմնարկներ։

Հայաստանում առողջապահ-յան կազմակերպմանն առաջին անգամ պետական հոգածություն է ցուցաբերվել խորհրդային իշխանության օրոք՝ 1920-ին առողջապահ-յան ժողկոմատի (1946-ից՝ ՀԽՍՀ ԱՆ) ստեղծումով, որի իրավասությանն են անցել բժշկասան. բոլոր հիմնարկները, այդ թվում՝ մասնավորները։

Բուժկանխարգելիչ մասնագիտացված բուժօգնություն

1921-ից բուժկանխարգելիչ մասնագիտացված բուժօգնության բաժանմունքներ են բացվել Երևանում և ՀԽՍՀ որոշ շրջաններում, որոնց հիման վրա հետագայում կազմակերպվել են մասնագիտացված կլինիկաներ, որտեղ բնակչությունն անվճար բուժօգնություն է ստացել։ 1925-ին Երևանում հիմնադրվել է աչքի հիվանդությունների կլինիկան, 1939-ին շահագործման է հանձնվել հոգեբուժ. կլինիկ․ հիվանդանոցը և այլն։

Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) սկզբին ՀԽՍՀ քաղաքներում ու շրջաններում կազակերպվել է 10 հոսպիտալ, ԽՍՀՄ տարբեր քաղաքներից Հայաստան է տեղափոխվել ևս 5 էվակոհոսպիտալ (1400 մահճակալով)։ Բժիշկ-գիտնականների ուժերի կենտրոնացման նպատակով 1944-ին ՀԽՍՀ ԱՆ-ի կազմում ստեղծվել է բժշկ. գիտխորհուրդ, որը համակարգել է գիտական կարևոր նշանակության ծրագրերի իրականացման, ԳՀ հիմնարկների կենտրոնացման, բժշկագիտության նվաճումներն առողջապահ․ հիմնարկներում ներդնելու, բարձր որակյալ կադրեր պատրաստելու աշխատանքները։

Հետպատերազմյան տարիներին ստեղծվել են Վնասվածքաբանության և օրթոպեդիայի (1946), Ռենտգենաբանության և ուռուցքաբանության (1946), Արյունաբանության և արյան փոխներարկման (1947) ԳՀԻ-ները։ 1949-ից ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկները միավորվել են հիվանդանոցների հետ, և ստեղծվել են բուժմիավորումներ։ 1957-ին Երևանում շահագործման է հանձնվել