Այս էջը հաստատված է

դրույթները հաստատվել և իրագործվում են «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015-ի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2003-ի որոշմամբ և «Վերարտադրողական առողջության բարելավման 2007-2015-ի ծրագրի» շրջանակներում։ Մշակվել և ՀՀ Կառավարության հավանությանն է արժանացել «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման 2010-2015-ի ազգային ռազմավարության ծրագիրը», որտեղ արտացոլված են առողջության պահպանմանն ուղղված հիմն․ նպատակները։

ՀՀ-ում վերջին տարիներին աստիճանաբար ավելանում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ ըստ ընտանիքում ծնված երեխաների թվի և «Փարոս» ծրագրում ընդգրկվածության։ «Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» բյուջետային ծրագրի շրջանակներում 2008-ի հուլիսի 1-ից ներդրվել է ծննդօգնության պետական ծրագիր, որը բնակչությանը լիովին ապահովում է որակյալ և անվճար ծննդօգնության ծառայություններով։ Հղիության 22 և ավելի շաբաթական ժամկետում հղիներին տրվում է հավաստագիր, որի արժեքը 2008-ին 65 հազար դրամ էր, 2009-ից հասել է մինչև 150 հազար դրամի։ Հավաստագիրը հնարավորություն է տալիս կատարելու նախածննդյան պարտադիր հետազոտություններ։ Դրա շարունակականությունն ապահովելու նպատակով 2010-ի ընթացքում իրականացվել են 0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներ։

Ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ միջազգային կազմակերպությունների (UNICEF, WHO, UNFPA, USAID և այլն) հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն

Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով 1922-ին Հայաստանում ստեղծվել են առաջին հիգիենիկ և հակահամաճարակային կազմակերպությունները։ 1923-ին հիմնադրվել է Տրոպիկ. ինստ-ը (1971-ից՝ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ԳՀԻ), որի նպատակը մալարիայի, պրոտոզոային վարակիչ հիվանդությունների, հելմինթոզների և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն էր։ 1927-ին Երևանում բացվել է առաջին սանիտարահիգիենիկ լաբորատորիան, ԵԲԻ-ում 1932-ին՝ սանիտարահիգիենիկ ֆակ-ը, 1935-ին՝ համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնները։

Հանրապետության անկախացումից հետո համակարգը թևակոխել է ազգային բարեփոխումների շրջան, և կառույցը մի քանի անգամ ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների։ 1992-ին ընդունվել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն է ընձեռել սանիտարահակահամաճարակային ծառայության մարմինների և հիմնարկների հիմքի վրա 1993-ին ստեղծելու ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը (ՊՀՀԾ), որի խնդիրը սան. կանոնների և նորմերի մշակումն է, ՀՀ տարածքում գործող արտադրական, սննդի, կոմունալ, մանուկների և դեռահասների կազմակերպություններում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը՝ սան. օրենսդրության խախտումների հայտնաբերման և կանխարգելման միջոցով, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների կազմակերպումը, հիգիենիկ գիտելիքների քարոզչությունը։ ՀՀ Կառավարության որոշմամբ (2002)՝ ՀՀ ԱՆ ՊՀՀԾ-ն վերակազմավորվել է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ), որին վերապահվել են բնակչության առողջության անվտանգության ապահովման հսկողական, տեսչական գործառույթները։ ՊՀՀՏ-ի կազմում գործում են տեսչության կենտրոնական ապարատը, ՊՀՀՏ մարզային (10), Երևան քաղաքի տարածքային (7), Օդային ու գծային հաղորդակցության և ՀԱԷԿ-ի կենտրոնները։ Միաժամանակ ՊՀՀՏ-ի կազմում ստեղծվել են «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ներ, որոնց վերապահվել են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ու հանրային առողջության պահպանման նպատակով փորձագիտական ու լաբորատոր հետազոտությունների և գործիքային չափումների, շրջակա միջավայրի օբյեկտների մանրէաբան., մակաբուծաբան., ճառագայթային ու քիմիական աղտոտվածության որոշումը և բնակչության առողջության վրա այդ գործոնների ազդեցության կանխարգելման համալիր միջոցառումների իրականացումը։

Վերջին տասնամյակներում աշխարհում տեղի ունեցող կենսբ., քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված՝ ՀՀ պետական սահմանի 7 անցակետում 2004-ին ստեղծվել են ՊՀՀՏ սան. կարանտինային կետեր։ Վերջիններս կոչված են ապահովելու ՀՀ պետական սահմանի անվտանգությունը և տարածքի սան. պաշտպանության ամրապնդումը՝ վարակիչ հիվանդությունների դեպքերի ՀՀ ներբերման կանխարգելման կամ արձանագրման ժամանակ հակահամաճարակային միջոցառումների իրականացման միջոցով։

ՊՀՀՏ-ն զգալի աշխատանք է կատարել իր գործունեության իրավ․ հիմքերն ապահովելու և իրավ․ դաշտի