Այս էջը հաստատված է

է մալարիայի տարածման կանխարգելման միջոցառումները և հիվանդության բացառումը (էլիմինացված կարգավիճակի պահպանումը)։

ՀՀ-ում վերջին տարիներին արձանագրվել են առաջնակի հայտնաբերված բրուցելոզ հիվանդության աճ։ Սակայն 2009-ից նկատվել է հիվանդացության նվազում (օր.՝ 2010-ին արձանագրվել է 295 դեպք՝ 2009-ի 346-ի դիմաց), որը պայմանավորված է ինչպես բնակչության, այնպես էլ կենդանիների շրջանում համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմամբ և իրականացմամբ։

Վերջին տարիներին, ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակով, ներքին տեղաշարժերով ու արտագաղթով և այլ գործոններով պայմանավորված, դեռևս բարձր է տուբերկուլոզով հիվանդացությունը։ Միայն 2010-ին, նախորդ տարվա համեմատությամբ, նկատվել է հիվանդացության աննշան նվազում։

Սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբան. իրավիճակը ՀՀ-ում սպառնալի չէ։ Վերջին տարիներին սիֆիլիսի, գոնոռեայի և այլ սեռավարակների դեպքերի թիվը հարաբերականորեն կայուն է եղել։

1988-2010-ին ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-վարակի 971 դեպք (148-ը՝ 2010-ին). տղամարդկանց՝ 698, կանանց՝ 273, երեխաների՝ 20։


Առողջարանային գործը

Ազգաբնակչության առողջարանային բուժումը կազմակերպելու նպատակով առողջարաններ են հիմնադրվել Դիլիջանում (1921), Արզնիում (1929) և Ջերմուկում (1935)։ 1925-ին ստեղծվել է առժողկոմատի առողջավայրային վարչությունը։ Առողջարանների ցանցը հետագայում ընդլայնվել է՝ 1930-ին Կուրորտաբանության և ֆիզիկական մեթոդներով բուժման ԳՀԻ-ի հիմնադրմամբ։ ՀՀ հանք․ ջրերի և առողջարանների տեղանքի բնակլիմ. պայմանների գիտականորեն հիմնավորված տվյալները նպաստել և հիմք են դարձել Արզնիում, Ջերմուկում, Դիլիջանում, Հանքավանում, Արզականում և Վանաձորում նոր առողջարանների ստեղծման ու զարգացման, ինչպես նաև հանք․ ջրերի օգտագործման համար։ Դրանցից ամենահայտնիներն են Արզնին (սրտաբան.), Ջերմուկը և Հանքավանը (ստամոքսաղիքաբան.), Դիլիջանը (կլիմայաբուժ.)։ Շարունակաբար մշակվում են առողջարանային նոր գոտիների զարգացման հեռանկարներն ու ուղիները։

Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման ոլորտ

Հայաստանում առաջին պաշտոն․ դեղատունը բացվել է Երևանում 1899-ին՝ դեղագործ Շահնազարովի միջոցներով։ Հայաստանի առաջին հանրապետության օրոք գործել են 11 մասնավոր դեղատներ, որտեղ աշխատել է 36 դեղագործ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո մասնավոր դեղատներն ազգայնացվել են, կառուցվել նորերը. 1925-ին կար 12, 1940-ին՝ 63 դեղատուն (32-ը՝ գյուղերում)։ Հետպատերազմյան տարիներին հանրապետությունում ստեղծվել է դեղատնային ցանց։ 1988-ին գործել են 314 տնտհաշվարկային (123-ը՝ գյուղերում) դեղատներ, բուժկանխարգելիչ հիմնարկներին կից՝ բյուջետային 30 դեղատուն, ինչպես նաև 210 դեղակրպակ և 565 դեղատնային կետեր։ Աշխատել են 627 պրովիզոր և 1050 դեղագործ։ Մինչև 1992-ը դեղատնային ոլորտը ղեկավարել է ՀՀ ԱՆ Դեղատնային գլխավոր վարչությունը։

ՀՀ անկախությունից հետո այդ ոլորտը հիմնովին փոխվել է. երկրի դեղատների ու դեղերի «Արմֆարմացիա» հանրապետական միության պահեստների փոխարեն ձևավորվել է մասնավոր համակարգ, որի շուկան պետությունը գրեթե չի կարգավորում։ Սեփականաշնորհման հետևանքով ՀՀ-ում ընդլայնվել է դեղերի ընդհանուր տեսականին, բայց զգալիորեն նվազել է դրանց մատչելիությունը։

1992-ին հիմնադրվել է Դեղերի և բժշկ. տեխնոլոգիաների գործակալությունը (այժմ՝ Դեղերի և բժշկ. տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն՝ ԴԲՏՓԿ), որը ձևավորվել է ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության օրինակով։ ԴԲՏՓԿ-ն պետական փակ բաժնետիր. ընկերություն (ՓԲԸ) է,