Այս էջը հաստատված է

Սպորտի առանձին ձևեր՝ ձիավարժությունը, մականախաղը, գնդակախաղը, բռնցքամարտը, ըմբշամարտը, նետաձգությունը, սկավառակի, նիզակի նետումը և այլն, Հայաստանում տարածված են եղել վաղ անցյալից։ Նավասարդի՝ հին հայկական տոմարի առաջին ամսվա (սկսվել է օգոստ. 11-ին) տոնակատարության օրերին կազմակերպվել են վազքի, հեռացատկի, սուսերամարտի, ըմբշամարտի, գնդակախաղերի, մականախաղի, ձիարշավի մրցումներ։ Այդ խաղերում աչքի ընկած մարզիկները մասնակցել են Հին Հունաստանի օլիմպ. խաղերին։ Հայտնի է, որ Հայոց Տրդատ Գ և Վարազդատ Արշակունի թագավորները մասնակցել և հաղթող են ճանաչվել, համապատասխանաբար, 265-րդ (281) և 291-րդ (385) օլիմպ. խաղերում։

Հայկական մարզ. առաջին խմբերը և միություններն ստեղծվել են 1870-ական թթ-ին՝ Կալկաթայի մարդասիր. ճեմարանում, 1888-90-ական թթ-ին՝ ԱՄՆ-ում, 1904-ին՝ Կ. Պոլսում։ 1911-ի մայիսի 1-ին Կ. Պոլսում կազմակերպված հայկական I օլիմպ. խաղերին (Նավասարդյան խաղերի նմանությամբ) մասնակցել են հայկական գրեթե բոլոր մարզ. միությունները։ 1912-ի մայիսի 20-ին տեղի են ունեցել հայկական II օլիմպ. խաղերը, որոնց մասնակիցներ Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը հանդես են եկել Ստոկհոլմի V օլիմպ. խաղերում (1912)։

ՀԽՍՀ-ում սպորտի զարգացումն սկսվել է 1920-ական թթ-ից։ 1921-ին Ալեքսանդրապոլում ստեղծվել է մարզ. առաջին խմբակը։ 1923-ին գործել են 36 մարզ. խմբակներ (1500 անդամ), Երևանում անցկացվել է հանրապետական մարզ. առաջին առաջնությունը։ Հետագայում ստեղծվել են կամավոր մարզ․ ընկերություններ՝ «Դինամո», «Սպարտակ», «Բուրեվեստնիկ», «Պիշչևիկ», «Մեդիկ» և այլն։

1926-ի օգոստ-ին Երևանում տեղի է ունեցել Համահայաստանյան առաջին սպարտակիադան։ Ծանրամարտի 1937-ի Հայաստանի առաջնությունում սահմանվել է հանրապետական 16 ռեկորդ։ Այդ տարիներին հայտնի էին ծանրորդներ Սերգո Համբարձումյանը, Ռուբեն Մանուկյանը, Իվան Ազդարովը, աթլետներ Արամ Տեր-Հովհաննիսյանը, Հարություն Գարգալոյանը, բռնցքամարտիկներ Անդրեյ Պապյանը, Օնիկ Քոչարյանը, հայ առաջին կին օդաչու և պարաշյուտիստ Նինա Ղարաջյանը և ուրիշներ։

Մինչև 1946-ը Հայաստանի (ինչպես ողջ ԽՍՀՄ-ի) մարզիկները քաղաքական պատճառներով հնարավորություն չեն ունեցել մասնակցելու միջազգային մրցումների։ Խորհրդային Հայաստանից օլիմպ․ չեմպիոններ են դարձել մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանը (1952, Հելսինկի), Ալբերտ Ազարյանը (1956, Մելբուռն, 1960, Հռոմ), Էդուարդ Ազարյանը (1980, Մոսկվա), բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը (1956, Մելբուռն), հնգամարտիկ Իգոր Նովիկովը (1956, Մելբուռն, 1964, Տոկիո), սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը (1972, Մյունխեն), ծանրորդներ Յուրի Վարդանյանը (1980, Մոսկվա), Հոկսեն Միրզոյանը (1988, Սեուլ), Իսրայել Միլիտոսյանը (1992, Բարսելոն), ըմբիշներ Լևոն Ջուլֆալակյանը (1988, Սեուլ), Մնացական Իսկանդարյանը (1992, Բարսելոն), Արմեն Նազարյանը (1996, Ատլանաա), հրաձիգ Հրաչյա Պետիկյանը (1992, Բարսելոն)։

1994-ից ՀՀ-ն մասնակցում է նաև ձմեռային օլիմպ․ խաղերին։ Հայաստանի մարզիկները հաղթողներ են դարձել աշխարհի, Եվրոպայի, նաև հեղինակավոր մի շարք միջազգային առաջնություններում (տես Հավելված 1-11)։

Ֆուտբոլը առավել ժողովրդականություն է վայելում։ Առաջին հայկական խմբերն ստեղծվել են Կ. Պոլսում, Իզմիրում («Պալթալիման»՝ 1904-ին, «Տորք», «Արաքս» և այլն)։ Հայաստանում ֆուտբոլի խմբեր են գործել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Վաղարշապատում, Երևանում։ Ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև տեղի է ունեցել 1920-ին Երևանի անգլ. այգում։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլի առաջին միջազգային մրցախաղը տեղի է ունեցել 1930-ին. Երևանում հանդիպել են քաղաքի հավաքականը և Գերմանիայի բանվոր․ միության թիմը։ 1939-ից անցկացվել է հանրապետական առաջնություն, նույն թվականից «Սպարտակը» (1937-1954-ին՝ «Դինամո», 1963-ից՝ «Արարատ») մասնակցել է համամիութ. առաջնություններին։