Այս էջը հաստատված է

Սպիտակում, Ալավերդիում և այլ քաղաքներում։ 2011-ին Երևանում բացվել է նորակառույց հեծանվային կենտրոն, քաղաքի տարբեր համայնքներում՝ ֆուտբոլի մարզադաշտեր և այլն։

XXIX օլիմպ․ խաղերում (2008, Պեկին) հայ մարզիկները նվաճել են 6 բրոնզե, վերջին՝ XXX օլիմպ․ խաղերում (2012, Լոնդոն)՝ 1 արծաթե, 2 բրոնզե մեդալներ, 2010-ին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում՝ 132 մեդալ, 80-ը՝ օլիմպ․ մարզաձևերում։

2011-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում գործել են Երևանի և Գյումրիի օլիմպ․ հերթափոխի պետական մարզ․ քոլեջները, 25 պետական (մարզվում է 15 հազար մարզիկ) և 23 պետական աջակցությամբ մանկապատանեկան մարզադպրոցներ, որոնց սաները 2010-ի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են 99 մեդալ։

Սպորտի նկատմամբ ուշադրությունը գնալով ավելի է մեծանում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին տրվում են ՀՀ նախագահի սահմանած անվանական թոշակներ։ Ամեն տարի ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպ․ գաղափարները տարածելու նպատակով ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանով ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով պարգևատրվում են մարզ․ գործիչներ և կազմակերպիչներ, իսկ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, համաշխ. ուսանող, խաղերում և այլ բարձրակարգ մրցումներում մրցանակային տեղեր գրաված բոլոր մարզիկներին, նրանց անձնական և հավաքականների մարզիչներին տրվում են խրախուսական (բնակարան, ավտոմեքենա) և դրամ․ խոշոր պարգևներ։

Երևանում ավելի ու ավելի հաճախակի են անցկացվում տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ, ՀՀ և ՀԱՕԿ-ի նախագահների գավաթների խաղարկություններ։ «Միասնություն սպորտով» կարգախոսով են տեղի ունենում 1999-ից Երևանում անցկացվող Համահայկական խաղերը, որոնց նպատակը Հայաստանի, ԼՂՀ-ի, Ջավախքի և Սփյուռքի երիտասարդության մերձեցումն է, մայր հայրենիքի հետ սփյուռքահայության կապերի ամրապնդումը։

Համահայկական 1-ին խաղերը կայացել են 1999-ի օգոստ. 28-ից սեպտ. 5-ը։ Մասնակցել են 21 պետության 62 քաղաքների 1141 հայ մարզիկ-մարզուհիներ։ Խաղերի ծրագրում ընդգրկվել է 7 մարզաձև, խաղարկվել են 37-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Համահայկական 2-րդ խաղերը տեղի են ունեցել 2001-ի օգոստ. 18-20-ը (28 պետության 83 քաղաքներից՝ 1700 հոգի, 9 մարզաձև, 45-ական մեդալներ), 3-րդը՝ 2003-ի օգոստ. 16-24-ը (22 պետության 69 քաղաքներից՝ 2100 հոգի, 10 մարզաձև, 152-ական մեդալներ), 4-րդը՝ 2007-ի օգոստ. 18-26-ը (27 պետության 92 քաղաքներից՝ 2350 հոգի, 10 մարզաձև, 152-ական մեդալներ և 30 գավաթ), 5-րդը՝ 2011-ի օգոստ. 13-21-ը (125 քաղաքներից՝ 5000 հոգի, 10 մարզաձև, 152-ական մեդալներ և 30 գավաթ)։

2005-ից ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվում են «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթը (2011-ին մասնակցել է 1122 ընտանիք), «Լավագույն մարզական բակ», «Լավագույն մարզական գյուղական համայնք» մրցույթ-ստուգատեսները։

ՀՀ մարզերում և ԼՂՀ շրջաններում 7 մարզաձևից անցկացվում են ամենամյա հանրապետական մարզ․ փառատոներ։