Այս էջը հաստատված է
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Հայկ․ լ-աշխարհով են անցել Հին աշխարհի ռազմ․ և միջազգ․ կարավանային առևտրի ճանապարհները, որոնք նշված են հունա-հռոմ., հայկ․ և արաբ․ մղոնաչափներում ու քարտեզներում։ Հիշատակվում են Արքայական ճանապարհը (մ.թ.ա. V դ.), Մետաքսի մեծ ճանապարհը (մ.թ.ա. II-մ. թ. XVI դդ.), Արքունի պողոտան (մ.թ.ա. 80-ական թթ.) և այլ ճանապարհներ, որոնք, ըստ էության, եղել են նաև առաջին զբոսաշրջային երթուղիները։

Հայաստան այցելող և ներքին զբոսաշրջիկների մեծ մասին գրավում է երկրի նյութ․ և ոչ նյութ․ մշակութ․ ժառանգությունը։ Ճանաչող․ զբոսաշրջության առաջին արշավները կազմակերպել են Թիֆլիսի Ներսիսյան, Գայանյան և Հովնանյան դպրոցները XIX դ-ի վերջին (Գոշավանք, Հաղարծին, Սանահին, Լոռու բերդ, Հաղպատ և այլուր)։

Հանրապետությունում զբոսաշրջությունը՝ որպես տնտեսության ճյուղ, ձևավորվել է 1930-ական թթ-ին։ 1931-ին ստեղծվել է Պրոլետար․ տուրիզմի ընկերությունը, 1932-ին՝ «Ինտուրիստ» համամիութ. բանժնետիր. ընկերության Երևանի գործակալությունը (1933-ին՝ հայկական բաժանմունք, 1964-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր արտասահմ. տուրիզմի գլխավոր վարչություն), 1959-ին՝ ՀԱՄԽ-ի տուրիստ․ էքսկուրսիոն վարչությունը, 1969-ին՝ Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհուրդը, 1972-ին՝ «Սպուտնիկ» միջազգային երիտասարդ․ տուրիստ. կազմակերպութունը։ Ստեղծված կազմակերպությունների միջոցով 1986-ին Հայաստան է այցելել 80 հզ․ զբոսաշրջիկ։

1988-ի դեկտ. 7-ի Սպիտակի երկրաշարժը, ԽՍՀՄ-ի փլուզումը, Ղարաբաղյան հակամարտությունը և տրանսպորտա-տնտ․ շրջափակումն զգալիորեն խոչընդոտել են զբոսաշրջության զարգացումը։ 1990-95-ին ոլորտը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ։ 1996-ից նկատվել են վերականգնման որոշակի միտումներ. 1999-ին ՀՀ է այցելել մոտ 40 հզ․ զբոսաշրջիկ, 2000-ին՝ 50 հզ․։ Զբոսաշրջության զարգացման համար բացառիկ նշանակություն են ունեցել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված տոնակատարությունները։ Այդ առիթով 2001-ին ՀՀ է այցելել 123,3 հզ․ մարդ, 2002-ին՝ 162 հզ․, 2003-ին՝ 206,1 հզ․։

Այդուհանդերձ, ՀՀ-ում զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը դեռևս հնարավորություն չի տալիս սպասարկելու ավելի մեծաթիվ և բարձրվճարունակ զբոսաշրջիկների։ Զբոսաշրջության կայուն զարգացման համար երկրում չեն ձևավորվել ու զարգացել ոլորտը սպասարկող բարձրակարգ ենթակառուցվածքներ (միջպետ․ նշանակության ավտոմայրուղիներ, դեպի զբոսաշրջային գրավչության օբյեկտներ տանող ավտոճանապարհներ, զբոսաշրջային երթուղիներ՝ համապատասխան սանիտար․ պայմաններով, մատչելի հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, բարձրակարգ հյուրանոցներ, համաշխ. համապատասխան ցանցերին ինտեգրված զբոսաշրջային տների ցանց, զբոսաշրջային կլաստերներ և այլն)։

Հանրապետության զբոսաշրջության պետական քաղաքականության մշակման և իրականացման գործառույթներն իրականացրել են ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության (1995-ից), ՀՀ արդ-յան և առևտրի (1997-ից), ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման (2002-ից), ՀՀ էկոնոմիկայի (2008-ից, վերջինիս կազմում գործում է Զբոսաշրջության վարչությունը) նախարարությունները։ 2000-ին ստեղծվել է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն։

2002-ին զբոսաշրջությունը հայտարարվել է երկրի զարգացման գերակա ճյուղ, և իրականացվել են «ՀՀ համայնքներում զբոսաշրջության զարգացման մասին» (2002), «ՀՀ տարածքում կուրորտային